Ձայն հեռվից

06/04/2008

Հետխորհրդային երկրներում ընտրությունները դարձել են մանրամասն մշակված միջոցառումներ: Զարգացումներն այնքան կանխատեսելի են դառնում, որ նույնիսկ մենք գիտենք, թե Հարավային Կովկասում իշխանական թեկնածուն որքան ձայն կստանա (53%): Այս տարվա մեջ, արդեն երկու անգամ, 53 տոկոսը եղել է նախագահական ընտրությունների որոշիչ թիվ ոչ միայն Հարավային Կովկասի հետխորհրդային երկրներում, այլեւ Վրաստանում եւ Հայաստանում:

Այս ամենը գալիս է իշխանություններից, որոնք աշխատում են հասնել ցանկալի արդյունքի՝ օգտագործելով ռուսների ասած՝ «ադմինիստրատիվ ռեսուրսը»։ Դա նշանակում է ճնշումներ մամուլի վրա եւ ընտրությունների օրը՝ հովանավորչություն երկրով՝ համապատասխան արդյունք արձանագրելու նպատակով։

Գերազանց ներդաշնակության մեջ՝ ընդդիմությունն ընտրությանը հաջորդող օրվա բողոքների համար նախապատրաստում է այնքան բան անել, որքան նրանք անում են հենց քվեարկության համար: Ադրբեջանական նախորդ ընտրություններում ընդդիմության ակտիվիստներն ընտրատեղամասերից անմիջապես մասնակցել են նախապես ծրագրված հանրահավաքների:

Եվրոպային սահմանակից հետխորհրդային երկրի ղեկավար լինելը հավասարակշռություն ապահովելու տեսանկյունից շատ նուրբ գործ է: Եվրոպային մոտ լինելը նշանակում է, որ պետք է ժողովրդավարական բարեփոխումներ կատարեք, ինչը կապահովի մեծ աջակցություն Արեւմուտքի կողմից, ավելի լայնամասշտաբ օգնության ծրագրեր, եւ նաեւ պոտենցիալ անդամակցության հնարավորություն այնպիսի կառույցներում, ինչպիսիք են Համաշխարհային առեւտրի կազմակերպությունը կամ ՆԱՏՕ-ն:

Միեւնույն ժամանակ, դուք նաեւ նստած եք հովանավորչության բուրգի գագաթին եւ պետք է ջանասիրաբար պայքարեք՝ այդ դիրքը չկորցնելու համար։ Այս երկրներում ընդդիմություն լինելը դառը ճակատագիր է, քանի որ իշխանությունը օպոնենտներին հանձնելը նշանակում է՝ ամեն ինչից զրկվելու ռիսկ եւ որոշ դեպքերում՝ բանտարկության կամ երկիրը լքելու պարտադրանքի վտանգ: Պետք է հաշվի առնել, որ 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ութ երկրներում վեց ղեկավարներ ընտրական ժամանակահատվածից դուրս ուժով հեռացվել են պաշտոնից, սակայն իշխանական ոչ մի թեկնածու ընդդիմությանը չի պարտվել ընտրություններում:

Հատկապես ընտրությունները վտանգավոր ժամանակներ են. 2003թ. Վրաստանում, 2004թ. ՈՒկրաինայում եւ 2005թ. Ղրղըզստանում տեղի են ունեցել խաղաղ հեղափոխություններ, որոնք սկիզբ են առել ձայների բողոքարկումից: Այս դեպքերից յուրաքանչյուրի ժամանակ ընդդիմությունը կարողացել է ցույց տալ, որ գործող իշխանությունները կեղծել են ձայները, գլխավորել եւ կառավարել են հասարակական շարժումները եւ նախագահին ստիպել են հրաժարվել պաշտոնից:

Հունվարին Միխայիլ Սահակաշվիլին 53.4 տոկոսով հռչակվեց Վրաստանի վերընտրված նախագահ: Փետրվարին Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի վարչապետը եւ իշխանական թեկնածուն, ձայների 52.8 տոկոսով հռչակվեց հանրապետության նախագահի ընտրությունների հաղթող:

Երկու դեպքում էլ այդ թիվը ենթադրում էր երկու ուղերձ. ուղերձ ազգին՝ առ այն, որ իշխանական թեկնածուն ջախջախիչ հաղթանակ է տարել իր մրցակիցների հանդեպ, եւ ուղերձ աշխարհին՝ առ այն, որ հաղթանակը եղել է համոզիչ, իսկ քվեարկությունը՝ արդար:

Այս ընտրությունները իրականում համատարած չեն կեղծվել: Հնարավոր է, որ եւ՛ Սահակաշվիլին, եւ՛ Սարգսյանը կարող էին ընտրվել ամբողջությամբ ազատ եւ արդար ընտրություններում: Ցավն այն է, որ մենք երբեք չենք կարող իմանալ` դա իրականում այդպես կլինե՞ր, թե՞ ոչ: Այն, ինչը տեղի ունեցավ՝ դա ձայներ փախցնելու համատարած պայքար էր, եւ զանգվածային լրատվամիջոցների լուսաբանումները զգալիորեն աշխատում էին իշխանական թեկնածուի օգտին: Սա, իր հերթին, բնականաբար, զայրույթ առաջացրեց վրացական եւ հայկական ընդդիմությունների շարքերում, ովքեր բողոքում էին, թե իրենց ձայները եւ ընտրությունը կեղծվել են:

Վրաստանում սա առաջացրեց բողոքի ակցիա, հացադուլ եւ քաղաքական լարված իրավիճակ, որը տեւեց երկու ամիս: Ընդդիմության կրքերը սառեցին երկու պատճառով. համատարած հասարակական ընկալումը, որ իրենց թեկնածուն՝ խորհրդարանի ոչ այնքան հայտնի անդամ Լեւոն Գաչեչիլաձեն, ամեն դեպքում կպարտվեր խարիզմատիկ Սահակաշվիլու դեմ պայքարում, եւ այն փաստը, որ նրանք դեռեւս լավ հնարավորություն ունեն իջեցնել Սահակաշվիլու հեղինակությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջող կերպով հանդես գալով:

Հայաստանի դեպքը շատ ավելի ողբերգական էր: Այնտեղ ձայներ տանելն ավելի բացահայտ էր, իսկ ժողովրդավարությունից շեղումը` ավելի ակնհայտ: Բացի այդ, ընդդիմության թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը, ավելի կոշտ դիրքերից էր հանդես գալիս` լինելով հետխորհրդային անկախ Հայաստանի առաջին նախագահը: Հենց որ պաշտոնական արդյունքները հայտարարվեցին, Լեւոն Տեր-Պետրոսյանի զայրացած աջակիցները փողոց դուրս եկան եւ վրաններ խփեցին քաղաքի կենտրոնում` պահանջելով ձայների վերահաշվարկ կատարել:

Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին անվտանգության ուժեր ուղարկեց վրանային ճամբարը ցրելու նպատակով, եւ ցուցարարներն ընդդիմացան: Տեղի ունեցան փողոցային բախումներ, որտեղ պաշտոնական ուժերն օգտագործեցին հրազեն, իսկ ընդդիմությունը՝ ինքնաշեն զենքեր եւ բարիկադներ: Նվազագույնը ութ մարդ զոհվեց, եւ ընդդիմության ավելի քան հարյուր ներկայացուցիչներ դեռեւս բանտում են: Տեր-Պետրոսյանը դե ֆակտո տնային կալանքի տակ է: Հայաստանը ներկայումս ջրբաժանի է վերածվել, եւ իշխանությունը լեգիտիմության հսկայական դեֆիցիտ ունի։

Այս ամենը բավականաչափ վնաս է այս փոքր պետությունների համար, որոնք դեռեւս փորձում են միախառնվել Եվրոպական հոսանքին:

Իրավիճակն է՛լ ավելի վատթարացրեց եւ ճգնաժամի առաջացման մեջ իր դերն ունեցավ այս «ընտրական պարի» երրորդ կողմից՝ միջազգային հանրությունը՝ ի դեմս ընտրություններ դիտարկող իր թիմի։ Ցինիզմի եւ կոմպետենտության պակասի համադրությամբ, Արեւմտյան կառավարություններն այս երկու ընտրությունները սահմանափակ կերպով հաստատեցին, ինչն իր հերթին նպաստեց ներքին կոնֆլիկտներին:

Միջազգային դիտորդական առաքելությունները, որոնք հիմնականում կազմված են ԵԱՀԿ 56 անդամներից, 1991-ից ի վեր դարձել են նախկին կոմունիստական աշխարհում տեղի ունեցող ընտրությունների անբաժանելի մասը:

Առաքելությունները հիմնականում բաժանվում են երկու մասի: Գործընթացների պրոֆեսիոնալ մասը կառավարվում է Վարշավայում գործող ԵԱՀԿ ներկայացուցչության կողմից, որն անհաջող կերպով անվանվել է Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակ (որովհետեւ դրա անգլերեն հապավումը՝ ODIHR-ը, անգլերեն հնչում է ինչպես «oh dear», այսինքն՝ «օ, սիրելիս») եւ զբաղվում է երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ, դիտարկում է ԶԼՄ-ների գործունեությունը եւ համընդհանուր քարոզարշավը: Կարճաժամկետ դիտորդները, որոնք հիմնականում Եվրոպական խորհրդարանի անդամներ են եւ հաճախ տվյալ տարածքների մասին քիչ բան գիտեն կամ ընդհանրապես տեղեկացված չեն, մեկնում են դիտորդության վայրը մի քանի օրով, շրջում են ընտրատեղամասերով, իրենց տպավորություններն են արտահայտում եւ ետ վերադառնում: Երկու ընտրություններում էլ կարճաժամկետ դիտորդները, խորհրդարանականների գլխավորությամբ, կազմեցին իրենց սկզբնական մեղմ զեկույցները, որոնք հիմնականում հաստատում էին 53 տոկոսանոց հաղթանակը:

Հունվարին Վրաստանում դիտորդներն ասացին, որ ընտրությունները «հիմնականում համապատասխանում են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի Ժողովրդավարական ընտրությունների հիմնական չափանիշներին»` միեւնույն ժամանակ խոսելով «զգալի մարտահրավերների» մասին, որոնց վրա «պետք է անհապաղ ուշադրություն դարձնել»: Այդ ուղերձի բացասական նրբերանգները վրացական հեռուստատեսության շնորհիվ եւ ոչ ճշգրիտ թարգմանության արդյունքում կորել էին։ Հետագայում լուրեր եղան, որ թարգմանիչը կառավարության բարձրաստիճան անդամներից մեկի բարեկամն է:

Մեկ ամիս անց հրապարակված հայաստանյան հայտարարությունը դրա կրկնապատկերն էր, որը մասնավորապես նշում էր հետեւյալը. «Երեկ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հիմնականում տեղի են ունեցել երկրի միջազգային պարտավորություններին համապատասխան, սակայն հետագա բարելավման անհրաժեշտություն կա՝ մարտահրավերներին դիմակայելու համար»:

Ինչո՞ւ էին այսքան շտապողական եւ մեղմ հայտարարություններ արվում, եթե կեղծիքների փաստն ակնհայտ էր: Դա մասամբ կարող է բացատրվել նրանով, որ իշխանությունները թերեւս ավելի նրբանկատ են դարձել իրենց տակտիկայում, ավելի լավ շոու են ներկայացնում այն ընտրատեղամասերում, որտեղ դիտորդներ կան, եւ իրենց մանիպուլյացիաները պահում են ձայների հետագա հաշվարկների համար: (…) Աշխարհն այս ամենին արձագանքեց՝ հիմնականում հիմք ընդունելով նախնական զեկույցները։ Վրաստանում արեւմտյան դիտորդներից ոմանք հրապարակայնորեն ողջունեցին նորընտիր նախագահ Սահակաշվիլիին: Հայաստանում ընտրություններից ժամեր անց Սերժ Սարգսյանին շնորհավորեց ոչ միայն քաղաքական մանիպուլյացիայի վարպետ Վլադիմիր Պուտինը (ով, հանգամանքների բերումով, 2000թ. Ռուսաստանի նախագահ էր ընտրվել ձայների 52.9 տոկոսով), այլեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով շնորհավորեց նրան «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ (անկեղծ ասած, Վաշինգտոնը եւ ԵՄ երկրների մեծ մասը դեռեւս չեն շնորհավորել Սարգսյանին եւ հայտնվել են անհարմար իրավիճակում)։

Շաբաթներ անց ավելի պրոֆեսիոնալ ԺՀՄԻԳ-ը (ODIHR) հրապարակեց դիտորդական վերջնական հաշվետվությունները, որոնք ավելի բացասական էին: Վրաստանում այն նշում էր, որ «քարոզարշավը ստվերվել է հասարակական ոլորտի աշխատակիցների, ընդդիմության ակտիվիստների եւ այլոց կողմից համատարած պնդումներով, թե եղել են ճնշումներ, որոնց մի մասը հաստատվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման առաքելության կողմից»: Նշվում էր նաեւ, որ եղել են բազում բողոքներ, որոնց կապակցությամբ վրացական իշխանությունները հետաքննություն չեն իրականացրել:

Հայաստանում վերջնական վճիռը շատ ավելի քննադատական էր եւ ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ որոշ տեղամասերում «անհավանական մասնակցություն է եղել. պարոն Սարգսյանի ստացած ձայների քանակը գերազանցել է 99 տոկոսը, եւ, որ եղել է անվավեր քվեաթերթիկների շատ մեծ քանակ… հատկապես Երեւանում»: (…)

Մի դիտորդ, որի հետ ես խոսում էի, Հայաստանի ընտրությունների մասին այսպես արտահայտվեց. «Այսպիսի ընտրություններ ես կսպասեի տեսնել որեւէ աֆրիկական երկրում, բայց ոչ Եվրոպայում»: Սակայն երբ վերջնական զեկույցները հրապարակվեցին, արդեն շատ ուշ էր. աշխարհն առաջ էր շարժվել, երկու նորընտիր նախագահներն էլ պնդում էին, որ հաղթել են, եւ Հայաստանի փողոցներում արյուն էր հոսել:

Այս հոդվածի հիմնական ասելիքն այն չէ, որ Վրաստանի եւ Հայաստանի ընդդիմությունները մաքուր ժողովրդավարներ են, ովքեր արժանի են անհապաղ աջակցության: Հեգնական ակնարկներից մեկն էլ այն է, որ «53 տոկոսանոց լուծումի» հեղինակային իրավունքը պատկանում է ոչ այլ ում, քան հայաստանյան ընտրությունների մասնակից եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով կեղծեց 1996թ. ընտրությունները եւ պնդեց, որ հաղթել է առաջին փուլում՝ ձայների ավելի քան 51.8 տոկոսով:

Կարեւորն այն է, որ Արեւմուտքի հովանավորչության ներքո գործող դիտորդական առաքելություններն այժմ նույնքան հիմնախնդրի մի մասն են կազմում, որքան դրա լուծումը: Ընտրությունների վերաբերյալ զեկույցները չպետք է նման լինեն դպրոցներում ծույլիկ աշակերտներին խրախուսելու համար տրված ներողամիտ գնահատականներին: Դրանք պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն՝ արդյո՞ք ընտրություններն արտացոլել են ժողովրդի դեմոկրատական կամքը, թե՞ ոչ: Սա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում դիտորդները պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեն համապատասխան եզրակացություն հրապարակելու համար: Վրաստանին եւ Հայաստանին անհրաժեշտ չէին «այլ գունավոր հեղափոխություններ». այն, ինչ անհրաժեշտ էր, ընդամենը վիճարկվող ձայների հաշվարկն էր` ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հավանականությամբ:

Ավելի լայն առումով՝ արեւմտյան մասնակիցներն իրենց միջամտություններով այս երկրներում կորցնում են իրենց լծակները եւ հասարակության լայն շերտերի վստահությունը: Կովկասում մարդիկ հետզհետե Արեւմտյան կառավարություններին ավելի շատ վերաբերվում են որպես աշխարհաքաղաքական պլանավորման գործակալներ, քան ժողովրդավարություն տարածողներ: Վտանգն այն է, որ եթե Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում մարդիկ կորցնեն իրենց վստահությունը ընտրությունների հանդեպ, նրանք իրենց հիասթափությունը կարտահայտեն բողոքի այլ՝ պակաս խաղաղ ձեւերով: Երկարաժամկետ տեսանկյունից այն հետզհետե կթուլացնի Եվրոպայի սահմանին գտնվող այս՝ արդեն իսկ անկայուն երկրները:

ԹՈՄԱՍ ԴԵ ՎԱԼ

03.28.2008թ.
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան խմբագիր