Կոալիցիան տարանջատվում է

13/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Ապրիլի 20-ին Սեւանում «Նոր ժամանակներ» կուսակցության հրավիրած
հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հայտնի դեպքերին հայաստանյան քաղաքական
ուժերն արձագանքեցին ապրիլի 21-ին` հանդես գալով այդ դեպքերը դատապարտող
հայտարարությամբ: Հայտարարությունն աչքի էր ընկնում նրանով, որ նրա տակ
ստորագրած 2 տասնյակից ավելի քաղաքական ուժերի թվում էին նաեւ կոալիցիոն 3
կուսակցությունները: Ինչո՞ւ են կոալիցիոն կուսակցությունները միայն նոր
հանդես գալիս նման դեպքերը դատապարտող հայտարարությամբ, մանավանդ, որ այդ
դեպքերը հայաստանյան քաղաքական կյանքում նորություն չէին: «Նոր
ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` կոալիցիոն
կուսակցությունները միացան հայտարարությանը, որովհետեւ ներքաղաքական,
գեոքաղաքական իրավիճակը Հայաստանում կտրականապես այլ է, քան նախորդ տարվա
ապրիլյան դեպքերի ժամանակ: «Բոլորը զգում են, որ փոփոխությունների
ժամանակը շատ մոտ է»,- ասում է պրն Կարապետյանը: Հաշվի առնելով այն փաստը,
որ պատկան մարմինները, որոնց ուղղված էր վերոնշյալ հայտարարությունը,
ղեկավարվում են նախագահի նշանակված մարդկանց կողմից, կարելի՞ է
եզրակացնել, որ ստորագրելով այս հայտարարության տակ, կոալիցիոն
կուսակցությունները նախագահից տարանջատվելու փորձ են կատարում: Ա.
Կարապետյանի խոսքերով` այս հայտարարության տակ ստորագրելով՝ կոալիցիոն
կուսակցությունները փորձ են անում տարանջատվել ոչ թե նախագահից, այլ
տարանջատվելու փորձ են անում իշխանության մյուս հատվածից, որն իրենց
պատկերացմամբ խանգարում է նաեւ նախագահին: «Իմ կարծիքով՝ նրանք նկատի
ունեն այն ուժերը, որոնց գլխավոր դերակատարն, իրենց կարծիքով, Սերժ
Սարգսյանն է: Ես դրա տակ ավելի շատ Սերժ Սարգսյանից տարանջատվելու
ենթատեքստ եմ տեսնում»,- նկատում է Ա. Կարապետյանը: «Նոր ժամանակների»
ղեկավարն այն կարծիքն ունի, որ կոալիցիոն կուսակցություններն իշխանության
համար քաղաքական պատասխանատվություն կրում են, բայց գործնականում որեւէ
բանի վրա չեն ազդում. «Ոչ թե չեն ուզում, այլ՝ ոչ մեկն իրենց չի էլ
լսում»,- պնդում է մեր զրուցակիցը: Վերջինս նաեւ նշում է, որ Սեւանի
դեպքերի գլխավոր դերակատարներից մեկը ներկայացել է որպես
գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ջոկատի անդամ: «Ես առաջին քաղաքական
գործիչն եմ, որ այդ սադրիչներին միկրոֆոն եմ տրամադրել, եւ Գառնիկ
Իսագուլյանի այն ասածը, որ ինչ-որ մարդկանց մենք թույլ չենք տվել խոսել,
սուտ է, հերյուրանք է: Մեր հանդիպումները շատ ժողովրդավար են անցել»,-
ասում է Ա. Կարապետյանը: Նրա կարծիքով` չկա հասարակությունում այսօր մի
մարդ, ով չհավատա, որ ինչ-որ բան լինելու է: Այլ հարց է, ո՞նց է լինելու,
ո՞վ է լինելու եւ ո՞ր ժամանակում է լինելու: «Նոր ժամանակների» առաջնորդի
խոսքերով` իրենց դեմ պայքարի ամբողջ զինանոցն արդեն կիրառվում է. «Ես հիմա
անձնագիր չունեմ: Տարել եմ փոխելու, եւ 2 շաբաթից ավել է, ինձ անձնագիր
չեն տալիս: Ես չեմ կարողանում Դատախազությունից ստանալ նախազգուշացման
տեքստը, որպեսզի բողոքարկեմ, մեր վարչության բոլոր անդամների նկատմամբ
սկսել են քրեական հետապնդումների փորձեր կատարվել, ձերբակալվում են մեր
մեքենաները»,- ասում է նա: Իսկ Դատախազությունում, ըստ նրա, իրենց
մեղադրել են դրսից ֆինանսավորման, «ինչ-որ հատուկ ծառայությունների հետ
ինֆորմացիայի փոխանակման», հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ
կասկածվող մարդկանց հետ շփումներ ունենալու եւ իշխանությունը բռնությամբ
տապալելու կոչեր անելու մեջ:

Անդրադառնալով «Ազգային Միաբանություն» կուսակցությունից հնչող
մեղադրանքներին` Ա. Կարապետյանն ասաց. «Իրենք մեկ՝ հեղափոխությանը դեմ են,
մեկ՝ ինչ-որ բան է լինում, քնից զարթնում են, ասում են՝ մայիսին
հեղափոխություն ենք անելու: Նրանց մտքերն այնքան օրիգինալ են, որ ես դրանց
որեւէ բացատրություն տալ չեմ կարող: Ես չեմ, այլ Արտաշես Գեղամյանն է, որ
ամեն անգամ Պուտինին ռուսերեն նամակ էր գրում: Այդ կուսակցությունն
ամենառուսամետ ուժերից մեկն էր համարվում»: Դառնալով «Նոր
ժամանակներ»-«Օրինաց երկիր» հնարավոր դաշինքի մասին խոսակցություններին`
Ա. Կարապետյանը նկատեց, որ «Օրինաց երկիրը» հեղափոխությանը դեմ է, ասում
է, որ բարեփոխումներ են պետք, սակայն թե ի՞նչ բարեփոխումներ, ի՞նչ ձեւով,
ի՞նչ աստիճանի` որեւէ պատասխան չի տրվում, եւ ինքը նման դաշինքի համար
որեւէ նախադրյալ չի տեսնում: