Ներքին արնահոսություն

04/04/2008 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ յուրաքանչյուր լուսանկարչի ու լրագրողի հարցնում էին, թե որտեղացի է` կատաղած նրանց մեջ ղարաբաղցի փնտրելով։

Ապատեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Ազատության հրապարակի նստացույցը ցրողները խոսում էին Ղարաբաղի բարբառով։

Բայց դա պատահական չէր, դա Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժման առաջացրած այլատյացության դրսեւորումն էր, որի թիվ մեկ թշնամին դարձան ղարաբաղցիները։

Հաջորդ օրը` մարտի 2-ին, տաքսու վարորդը, քշելով Մաշտոցի ավերված պողոտայով, ցույց էր տալիս խանութներն ու բացատրում, թե որը ումն է` ուզելով արդարացնել թալանը՝ սա Լֆիկինն է, սա էլ` ղարաբաղցու։ Լֆիկը օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է, ապարանցի։ Իսկ ի՞նչ կապ ունի ղարաբաղցին։ Վարորդը շարունակում է, որ պետք է ղարաբաղցիներին քշել։

Մարտի 2-ի առավոտյան ընդհարման վայրի մոտակայքում մայթի սալահատակն ուսումնասիրող մի մարդ տեսավ պահակություն անող զինվորներին եւ առանց կոնկրետ որեւէ մեկին նկատի ունենալու՝ նետեց նրանց ուղղությամբ. «Ղարաբաղցի շներ»:

Սրանք միակ դեպքերը չեն, սա դարձել է վերջին շարժման ընթացքում տարածված կարծիք։

Ղարաբաղցիների նկատմամբ բացասական վերաբերմունքն առաջացավ, երբ ընդդիմության դեմ իր իշխանությունն ամրացնելու համար Տեր-Պետրոսյանի` Ղարաբաղից բերված գործիչները նրա ձեռքից առան իշխանությունն ու սկսեցին օգտվել նրա ստեղծած կլանային համակարգի պտուղներից։ Եթե համակարգը կլանային է, ապա մարդիկ բողոքում են այն կլանի դեմ, ով իշխանության է։ Առաջ այդ բողոքի թիրախը ՀՀՇ-ն էր` իր լիդերի հետ միասին, իսկ հետո դարձան Տեր-Պետրոսյանին պաշտոնանկ անողները։ Համակարգը նույնն է մնում, եթե վաղը իշխանության գան ախալքալաքցիները, նրանք են օգտվելու։

Լ. Տեր-Պետրոսյանը ղարաբաղցիների նկատմամբ բացասական վերաբերմունքը վերածեց ատելության` հայտարարելով իշխանություններին թաթար-մոնղոլներ եւ ասելով. «Այս երկու մարդու պատճառով վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երեւան։ Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց» (ո՞վ է ստուգել այս թիվը` անհայտ է)։ Թշնամանքն առաջնորդի գլխավոր զենքն էր 5 ամիսների ընթացքում, երբ նա իր կառավարած տարիների միակ սխալը համարեց Ղարաբաղից երկու գործիչներին բերելն ու միայն դրա համար ներողություն խնդրեց (նա նույնիսկ պաշտպանեց իր ստեղծած կլանային համակարգը` հայտարարելով, որ 1995-ի Սահմանադրությունն ավելի լավն է, քան 2005-ի փոփոխությունները), Հայաստանի բոլոր արատների սկիզբ հայտարարեց 98-ը, մերժեց, թե մինչ այդ ընտրակեղծիքներ ու պետական թալան են եղել՝ իր կառավարման տարիները ներկայացնելով իդեալական։ Դժգոհների զանգվածի համար խարիզմատիկ առաջնորդի խոսքերը քննարկման ենթակա չեն եւ միակ ճշմարտություն են։

Երկրի պրոբլեմները միայն անձերով բացատրելով ու այդ անձանց մեղադրելով մահացու մեղքերի մեջ (Մեղրին հանձնելու համար սարքեցին «Հոկտեմբերի 27»-ը)` նա իր նկատմամբ հավատ ներշնչեց, որ «մինչեւ վերջ գնալու» է, բայց նաեւ Սերժի եւ Ռոբերտի համար իշխանությունը պահելը դարձրեց անձնական անվտանգության խնդիր։

Լ. Տեր-Պետրոսյանը եւ նրա համախոհների քարոզչությունը թշնամության դոզան բարձրացնելով՝ ավելացնում էր նրան ընտրողների թիվը: Նա հայտարարեց, որ Սերժն ու Ռոբերտը տեւական ժամանակ թուրքերին ստորաքարշորեն ծառայել են: Մյուս կողմից` դավաճան ու տականք հռչակեց բոլոր նրանց, որոնք իրեն չեն միանում, ու իր ասած իշխանության մեջ ճաքեր բացվելու փոխարեն՝ հասարակության մեջ թշնամանքի խոր ճեղքեր ճյուղավորվեցին. եթե լիդերը դավաճան է հռչակում մեկին, ուրեմն զանգվածը պատրաստ է նրան ոչնչացնել («168 Ժամում» երգչուհի Շուշան Պետրոսյանը սարսափով պատմում է, որ Սերժ Սարգսյանին աջակցելու համար նամակներ է ստացել, որ ինքը դավաճան է, իր երեխաներին մորթելու են, եւ վախից տղային 2 շաբաթ դպրոց չի տարել։ Իսկ հետընտրական երթերը, անցնելով Վազգեն Մանուկյանի գրասենյակի մոտով, վանկարկում էին. «Վազգեն, դավաճան», քանի որ իրենց լիդերն էր այդպես հայտարարել)։

Սակայն գլխավոր թիրախը մնում էին ղարաբաղցիները. «Ղարաբաղը տանք` լավ ապրենք» եւ «Ղարաբաղցիներից ազատվենք» ոչ հրապարակային ասված ներազգային ֆաշիզմի դրսեւորումները հիշեցնում էին 20-30-ական թվականների Վեյմարյան Գերմանիան, ուր կոռուպցիայի, օլիգարխիայի, արժեզրկման, մոնոպոլիզացված տնտեսության մեղավոր հռչակվեցին հրեաները (1919 թվականին Վեյմարում ընդունված սահմանադրությունը շատ նման է 95-ի սահմանադրությանը, որտեղ ուժեղ կենտրոնացված նախագահական համակարգը թույլ չէր տալիս հասարակությանը մասնակցել որոշումների ընդունմանը եւ նպաստում էր օլիգարխիայի ու մոնոպոլ տնտեսությանը, որը հանգեցրեց որպես ճգնաժամի լուծման տարբերակ նացիստների իշխանության գալուն):

Հակաղարաբաղյան այլատյացության գագաթնակետը հասավ փետրվարյան հետընտրական միտինգներին, երբ Օպերայում մի դասախոս հրապարակում էր այն ուսումնական հաստատությունների ղեկավարների անունները, որոնք պետք է պատժվեն` զանգվածի բուռն աղաղակների ներքո շեշտելով նրանց ղարաբաղցի լինելը, իսկ մի ուրիշ հռետոր էլ հայտարարեց. «Այս հրապարակում հավաքված հայորդիները 3 անգամ ավելի շատ են, քան Ղարաբաղի քաղաքացիները, կեցցեն հայորդիները»։

Ագրեսիայի դեմ որպես բողոք` բլոգներից մեկում ոչ ղարաբաղցիները սկսեցին հայտարարել՝ ես ղարաբաղցի եմ, ինչպես Դինքի սպանությունից հետո թուրքերը հայտարարում էին՝ ես հայ եմ։

Մարտի 1-ին կիրառվեց 5 ամսվա քաղպարապմունքի արդյունքը` Մոլոտովի կոկտեյլների ու ձողերի տեսքով։ Զանգվածը հարձակվում էր ոստիկանների վրա` գոչելով. «Թուրքեր, ղարաբաղցիներ, հեռացեք»։ Ասում են, թե այդ օրը կոտրվեց հայ ժողովրդի ոգին, եթե կոտրվեց, ապա դա գուցե այլատյացության ոգին էր։

Ի տարբերություն Գերմանիայի, որի այլատացությունն ուղղված էր դուրս, լեւոնականի «այլը» ազգակիցն է, այլատյացությունն ուղղված է մոնոէթնիկ ժողովրդի մի հատվածի դեմ։ Ինչպես ազգայնականությունն է ճգնաժամերի համար թշնամի որոնում այլ ազգերի մեջ, այնպես էլ ազգային ծրագրերը ծայրահեղորեն մերժող «պրագմատիկը» ճգնաժամի մեղավոր թշնամի է փնտրում ազգի ներսում, ու ինտելեկտուալի համբավ ունեցող բանաստեղծուհին, ներշնչված հարյուր-հազարների թշնամանքից, ասում է, որ ղարաբաղցիները ընդունակ չեն պետություն ղեկավարել (Լ. Տեր-Պետրոսյանը Ղարաբաղը հանձնելու ակնհայտ ակնարկներ էր անում` հայտարարելով, որ Ղարաբաղը Կոսովո չէ եւ չի կարող հասնել անկախության, իսկ մի հարցազրույցում ասել է, թե Հայաստանը պետք է ֆինանսական փոխհատուցում տա Ադրբեջանին հասցրած վնասների համար)։ Այսպես լիբերալիզմի անունից հանդես եկող լեւոնականները դառնում են ինքնորոշման թշնամի միայն այն պատճառով, որ ինքնորոշվողներն իրենց ազգակիցներն են, եւ նրանց օգնելը դժվարացնում է երկրի վիճակը։

Ի տարբերություն Գերմանիայի, որտեղ ոչ ժողովրդավարական համակարգ ստեղծողն ու այն յուրացնողը տարբեր մարդիկ էին, Տեր-Պետրոսյանը եւ համակարգի ստեղծողն էր, եւ նրանից օգտվողներին գցողը, այսինքն` երկուսը մեկում, որ ձգտում է հեռացնել մի կլանը մեկ ուրիշով փոխարինելու համար եւ ոչ երբեք փոխել այն համակարգը, որի ճարտարապետն է ինքը:

Թե ովքեր էին ուզում իշխանությունը վերցնել, ցույց է տալիս ձերբակալվածների ցուցակը, որի մոտ 80 տոկոսը կամ ՀՀՇ-ից են, կամ նախկին պաշտոնյաների ստեղծած «Հանրապետություն» կուսակցությունից։ Իսկ հետախուզման մեջ գտնվող գործարար Խաչիկ Սուքիասյանը Լեւոնի իշխանության ֆավորիտ օլիգարխն էր, որ թեեւ իր եկամուտներից չէր զրկվել, բայց որոշ դիրքեր զիջել էր Գագիկ Ծառուկյանին։

Ձերբակալվածների եւ Լեւոնի մյուս աջակիցներից շատերը, իշխանությունը յուրացնելով, միլիոններ են կուտակել եւ չեն պատժվել, քանի որ նրանց փոխարինել են համակարգից նույն կերպով օգտվողները։

Լ. Տեր-Պետրոսյանը գործող համակարգի դարանակալ տարբերակն էր ընդդիմության կարգավիճակով, որ հայտարարելով, թե ինքը գործիք է իշխանությունը փոխելու համար, ատելությամբ ներարկված զանգվածը դարձրեց գործիք` հին կլանին իշխանությունը վերադարձնելու համար, եւ արտասանելով «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»՝ զոհաբերեց ուրիշներին («Դուրս գայի, որ ինձ սպանեի՞ն»,- մարտի 1-ին տնից դուրս չգալը բացատրել է Տեր-Պետրոսյանը «Կոմերսանտ» թերթին): Իր դղյակում անվտանգ փակված, կանխահաս վտանգը օդի մեջ՝ կարգադրեց ցուցարարներին չցրվել ու իր զինակից Փաշինյանի բերանով կոչ արեց զինվել ու դիմադրել, որ իշխանությունների վրա եւս մի մահացու մեղք բարդվի՝ ժողովրդի վրա կրակելը։

Դարանակալ համակարգը դրսեւորվեց արդեն ոչ թե խոսքով, այլ գործով` ընտրությունների օրը իշխանության հետ ոտք գցելով ընտրակաշառքներ բաժանելու ու հանձնաժողովներ կաշառելու մեջ ու բռնություններով (մեկ շաբաթ առաջ 7 տարվա ազատազրկման դատապարտվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի Անիի շտաբի պետը` Սերժ Սարգսյանի վստահված անձին ծեծելու համար), իսկ Տեր-Պետրոսյանը վատ գործիքներ չէր տվել իր հաջորդներին իշխանությունը պահելու համար. հակաօրինական մեթոդները արդյունավետ աշխատեցնում է նա, ում ձեռքին են իրավապահ համակարգն ու արդարադատությունը։ Իսկ դեռեւս ընտրարկղերը չբացված` Տեր-Պետրոսյանը հռչակելով իրեն առաջին փուլով հաղթած նախագահ, բացահայտեց, որ հետագա պայքարը արդարության համար չի լինելու՝ ի մոլորություն աճող զանգվածի։

Պատմության վայրագությունները հասկանալու համար ամենաանվտանգ ձեւը չէ դրանք մաշկիդ վրա զգալը, բայց պատմության դասագրքերի համեմատ ամենաարդյունավետն է, երբ հասկանում ես, թե ճգնաժամի եւ անարդարությունների հետեւանքով ինչպես է ստեղծվում թշնամու կերպար։

Սեփական քաղաքացիներին ողջակիզելու ժամանակներն անցել են, բայց հալածանքների ու կորուստների հավանականությունը մնում է, եւ կանխագուշակելի է, որ Տեր-Պետրոսյանի հաղթանակից հետո «դավաճանների» որս կսկսվեր, եւ հազարավոր ղարաբաղցիներ անհայրենիք կմնային ու կքոչեին այն երկիրը, որը նրանց սիրով չէր ընդունելու։

Բայց վտանգը չի վերացել. երկու օր առաջ ծանոթիս հարեւանը չի թողել սրսկել իրեն ու տնից դուրս է արել շտապօգնության բուժքրոջը, երբ պարզվել է, որ նա ղարաբաղցի է։

Քանի դեռ 95-ի սահմանադրության (ինչպես՝ Վեյմարյան) Հայաստանը չի բարեփոխվել, քանի պահպանվում է կլանային, կոռումպացված ու օլիգարխիկ համակարգը, ատելության էներգիան եւ «թշնամուն» ոչնչացնելու մոլուցքը դեռ սպառնում է, ու զուգահեռաբար մեծանում է պատերազմի հավանականությունը Ադրբեջանի հետ։

www.armenianow.com