Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեքշաբթի երեկոյան Բուխարեստ մեկնելուց առաջ հայտարարել է, թե Վրաստանի գլխավոր խնդիրներից մեկը «Ռուսաստանի հետ բարիդրացիական, գործընկերային եւ փոխհարգալից հարաբերությունների կարգավորումն է»: «Ռուսաստանը մեր մերձավոր ու ամենամեծ հարեւանն է, մեզ կապում են բազմադարյա եւ երբեմն բարդ փոխհարաբերությունները, որը պետք է դաս լինի մեզ բոլորիս համար»,- ասել է Սահակաշվիլին: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել «ՌԴ-ի հետ միասին ակտիվացնել աբխազական եւ հարավօսական հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացը Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»: Ընդսմին Վրաստանի նախագահը հավաստել է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Թբիլիսիի կուրսը: