ԼՂ անկախության ճանաչման գինը

04/04/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը, որում մասնավորապես ասված է. «Ադրբեջանական հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջը առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով մեկ անգամ եւս ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Հիշեցնենք, որ նման բովանդակությամբ բանաձեւ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի օրակարգ էր ներկայացվել դեռեւս չորս տարի առաջ, եւ այդպիսով Ադրբեջանը փորձում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը ԵԱՀԿ-ից տեղափոխել ՄԱԿ: Սակայն դա հաջողվեց միայն անցյալ ամիս` Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո: Այս բանաձեւի ընդունումից հետո Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի փոփոխության պահանջով դիմել է միջազգային տարբեր ատյաններ` զուգահեռաբար ակտիվացնելով ռազմատենչ հայտարարությունները: Բանաձեւի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվելուց հետո ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե զարգացումների նման ընթացքի դեպքում Հայաստանն էլ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ընդամենը երկու օր առաջ Ռ. Քոչարյանը Ստեփանակերտում հայտարարեց, թե Հայաստանը կարող է կամ ճանաչել ԼՂ անկախությունը, կամ էլ ռազմական անվտանգության ապահովման վերաբերյալ Ղարաբաղի հետ պայմանագիր կնքել: Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը:

«Դրանք, իհարկե, ջղաձիգ հայտարարություններ են: Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Դա նշանակում է՝ վերջակետ դնել բանակցային պրոցեսին, որից հետո Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ կարող են միայն տանկերով խոսել: Դա նշանակում է, որ վերջացրեցինք բանակցային պրոցեսը, դա նշանակում է՝ պատերազմ Ադրբեջանի հետ: Ռ. Քոչարյանը մեկ շաբաթից գնալու է եւ հիմա իրեն կարող է թույլ տալ ցանկացած հայտարարություն: Եկեք նրան լուրջ չընդունենք՝ բացի այն դեպքերից, երբ նա կրակելու հրաման է տալիս»,- մեր հարցին ի պատասխան՝ երեկ հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ում կարծիքով՝ Հայաստանը, գոնե առայժմ, չի ճանաչի ԼՂՀ անկախությունը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչնչով չի կարող օգնել հակամարտության կարգավորմանը: «Որպեսզի Ղարաբաղը ճանաչվի միջազգային հանրության կողմից, դրա համար պետք է Ադրբեջանը ճանաչի: Ճանաչել-չճանաչելը կարող է պատահել այն դեպքում, երբ դա կթելադրի ներքաղաքական իրավիճակը: Իսկ այն, որ Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, դրանից Ադրբեջանը չի վախենա եւ Ղարաբաղը չի թողնի»,- ասաց Ա. Իսկանդարյանը: Վերջինս, սակայն, չի կարծում, որ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, դրանից հետո բանակցությունները չեն շարունակվի: Խոսելով արտաքին քաղաքական այլ օրախնդիր հարցերի մասին, Ա. Ենոքյանը անդրադարձավ նաեւ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշմանը, մասնավորապես «Հազարամյակի մարտահրավերներ» (ՀՄ) ծրագրի դադարեցման հնարավորությանը: Հիշեցնենք, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՄ կորպորացիայի տնօրեն Ջոն Դանիլովիչը Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում գրել էր, թե կորպորացիան կարող է կասեցնել կնքած համաձայնագիրը, եթե Հայաստանում լուրջ ժողովրդավարական հետընթաց տեղի ունենա: Ի պատասխան դրան՝ Ռ.Քոչարյանը մի քանի օր անց հայտարարեց, թե Հայաստանը կկարողանա ներքին ռեսուրսների միջոցով ՀՄ-ի Ֆինանսավորմամբ սկսված ծրագրերն ավարտին հասցնել: Ավելի ուշ ԿԲ նախագահ եւ ապագա վարչապետի հավանական թեկնածու Տիգրան Սարգսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ակնարկել էր, թե ՀՄ կորպորացիայի գումարները կարող են փոխարինվել ռուսական կողմի ֆինանսավորմամբ: Չնայած այս ամենին, վերջերս ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի կողմից ֆինանսավորվող «Լինսի» հիմնադրամի ղեկավար Հարութ Սասունյանի Երեւան կատարած այցից հետո այս խնդրի կապակցությամբ վստահություն առաջացավ, թե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, կֆինանսավորի մեր երկրում սկսած բոլոր ծրագրերը, քանի որ չի ցանկանա սահմանափակել իր ազդեցությունը եւ Հայաստանին համագործակցության կամ կախման մեջ թողնել միայն Ռուսաստանից: Անկախ այն հանգամանքից` կդադարեցվի՞, թե՞ կշարունակի ՀՄ կորպորացիայի ծրագրի ֆինանսավորումը, Ա. Ենոքյանը չի կարծում, որ Ռուսաստանից եկող միջոցները կարող են հակակշիռ լինել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գումարներին:

«Սրանք տարբեր փողեր են: Ռուսական փողերը գալիս են այստեղ որպես ներդրում, այսինքն` Ռուսաստանը Հայաստանից մասեր է գնում: Ամերիկան ավելի շատ բարեփոխումների համար է տալիս: Ճիշտ է, ինչ-որ տեղ սրանք երկուսն էլ ունեն նմանություն: Այդ նմանությունն այն է, որ երկուսն էլ հիմնականում թալանելու համար տրված փողեր են: Ռուսաստանի դեպքում կոռուպցիոն մեխանիզմներն այլ են, գրանտների դեպքում` այլ: Երեւի հասկանալի է, որ երկուսն էլ, առաջին հերթին, օգնում են ոչ թե Հայաստանին, այլ նպաստում են իշխանությունների գոյատեւմանը: Այս մի բանում ընդհանրություն կա, բայց համաձայն չեմ, որ ռուսական ֆինանսավորումը կարող է հակակշիռ լինել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին»,- ասաց քաղաքագետը:

«168 Ժամի» նախորդ համարում տպագրված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի կինը՝ Վաշինգտոնի Հադսոնի ինստիտուտի Եվրասիական քաղաքական կենտրոնի ղեկավար Զեյնո Բարանն ասել էր, թե ինքը չի տեսել որեւէ նշան, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես աջակցի Լ.Տեր-Պետրոսյանին՝ ի վնաս Սերժ Սարգսյանի: «Ես էլ չեմ լսել, որ Ամերիկան բացարձակ պաշտպանի Լ.Տեր-Պետրոսյանին: Եվ, ի վերջո, եթե Ամերիկան Ս. Սարգսյանին ինչ-որ պայմաններ է առաջադրում, խնդիրը ոչ թե առաջին նախագահին պաշտպանելն է, այլ անմեղ զոհերի արյունը պաշտպանելը, խնդիրը մարդկանց իրավունքների պաշտպանությունն է: Այսօր մենք սկսում ենք հասկանալ, որ մարդու իրավունքը պետք է պաշտպանվի թե՛ Զիմբաբվեում, թե՛ Ամերիկայում: Այնպես որ, Ամերիկայի արած քայլերը երբեք չի կարելի մեկնաբանել որպես Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանության բերելու քայլեր»,- ասաց Ա. Ենոքյանը: