Մեր օրերի Օթելլոն
Սա այն սպանությունն էր, որը բացահայտելու համար մեգրեներ հարկավոր չէին: Մարդասպանն ինքը, հանցանքը կատարելուց ժամեր անց, ներկայացել էր Ոստիկանություն եւ հայտարարել, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության արդյունքում սպանել է կնոջը՝ քսանվեց տարվա իր կողակցին: Նախ կնոջը բազմաթիվ հարվածներ էր հասցրել ձեռքերով ու ձեռքի տակ ընկած կենցաղային իրերով, իսկ հետո խեղդամահ էր արել սենյակի վարագույրով:
Սակայն լոկ այս փաստը նկատի առնելով չէ, որ կատարվածը «վարագուրված սպանություն» անվանեցի: Սպանության դրդապատճառները տվյալ ընտանիքի գոյության 26 տարիների մեջ պետք է փնտրել, այն տարիների, որոնց յուրաքանչյուր օրը, օտարների համար վարագուրված լինելով հանդերձ, նույն այդ ընտանիքի անդամների համար առանց քողարկման, կաթիլ առ կաթիլ թշնամանքի ու ատելության վտանգավոր պաշար էր կուտակել, ցասումի աղետալի լավա ամբարել: Եվ չարիքը, որ պոռթկալու էր մի օր, հրաբխել էր հատկապես 2007 թվականի մարտի 13-ին, օտարների աչքից վարագուրապատ պատուհաններով առանձնացված ընտանեկան հարկի ներքո:
Ընտանեկան ատելի կապանքները
Քիչ չեն նմանատիպ «գործող հրաբխի» վրա գոյատեւող ընտանիքները: Միմյանց այլեւս չհանդուրժող, միմյանցից անվերադարձ կերպով օտարացած, բայց փաստաթղթային ձեւականությամբ դեռեւս ամուսիններ համարվող շատ մարդիկ, նյարդերի գերլարումով, քարշ են տալիս համատեղ գոյությունը՝ հանուն երեխաների, սովորության ուժի, նյութական այլազան պատճառների, ինչպես նաեւ միայնակ մնալու վախից կամ գնալու տեղ չունենալու գիտակցումից դրդված: Եվ էլի հազար ու մի պատճառներ կան, որոնք կարող են միացնել անմիանալիներին, մի հարկի տակ պահել անհամատեղելիներին, մի սեղանի շուրջ ու մի անկողնու մեջ «միաբանել» անմիաբաններին:
Կան ընտանիքներ, ուր վեճն ու կռիվն այնքան առօրեական են, որ խաղաղությունը կարող է տագնապալի թվալ: Եվ միշտ չէ, որ վիճաբանությունների հիմքում հանապազօրյա հացի խնդիրն է լինում: Շատ ընտանիքներում պարզապես ամուսինների անհամատեղելի բնավորություններն են ճակատամարտում: Ու երբեմն կռիվը լրջանում է այնքան, որ վերածվում է կենաց ու մահու պատերազմի, ուր հակամարտող կողմերից մեկը կոնկրետ գործողություններով բացառում է մյուս կողմի գոյությունը, ֆիզիկապես վերացնում նրան՝ չգիտակցելով, որ այդպիսով բոլորովին չի ազատվում դժբախտի իր վիճակից, չի փրկվում ընտանեկան ատելի կապանքներից: Նրան այդուհետ առավել լուրջ տառապանքներ են լափելու՝ մեղքի կողմից հալածանքի, հասարակության, հատկապես՝ մերձավորների կողմից չընդունվելու, սեփական էության մեջ թաքնված գազանի սանձազերծման տառապանքները: Ի վերջո, ատելի կողակցից ազատվելու ճանապարհը բոլորովին էլ սպանությունը չէ: Կա ավելի քաղաքակիրթ, բանական արարածին ավելի սազական ճամփա՝ ամուսնալուծությունը: Դա ցավոտ է, ճիշտ է, բայց դրա վերքը շատ ավելի արագ ու անցավ է սպիանում, քան՝ կարող էր թվալ ի սկզբանե: Մինչդեռ մարդասպանության մեղքը սպիանալ չունի, այն քայքայում, բզկտում է մարդու էությունը, նրա հոգեւոր վախճանի սկիզբը դառնում:
«Ճշմարտություններ»՝ ըստ Հովհաննեսի
Հովհաննես Հ.-ն իրեն մեղավոր համարում էր ու չէր համարում միաժամանակ: Մեղավոր էր համարում ավելի շուտ՝ տեսականորեն, գիտակցաբար, որովհետեւ լավ գիտեր, որ կատարածի համար զղջալը պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներից է: Իսկ մեղավոր չէր համարում, որովհետեւ ամբողջ կյանքում միշտ մեղադրել էր ուրիշներին, սեփական սխալները երբեք չէր տեսել, առավել եւս՝ չէր խոստովանել:
Ըստ նրա՝ բոլորը մեղավոր էին իր չստացված ընտանեկան կյանքի համար. առաջին հերթին՝ կինը, ապա՝ կնոջ հարազատները, մինչեւ անգամ՝ երեք զավակները, միայն թե ո՛չ ինքը՝ արդարը, անմեղը, խելացին ու դժբախտը: Համարում էր, թե կինն է որդիներին տրամադրել իր դեմ, թշնամացրել, ու կնոջը սպանելուց մեկ տարի անց էլ այնքան բորբոքված էր ճառում դրա մասին, որ քիչ առաջվա զղջման խոսքերը անիմաստ էին դառնում, վերածվում ձեւական բառակույտի:
Հովհաննեսը գրագետ մարդ էր: Է՛լ զինվորական էր եղել, է՛լ դասավանդել էր: Բառապաշարից դժգոհելու պատճառ չուներ: Մտքերը ձեւակերպում էր սահուն, արագընթաց: Բայց ինքնարդարացնող անվերջանալի ճառից հառնում էր ոչ թե կնոջ կրունկի տակ տառապած դժբախտ տղամարդու, այլ մի բացառիկ պեդանտի, մանրախնդիր մի երկարախոսի, իրեն մշտապես ճշմարիտ համարողի ու իր ճշմարտությունը բոլոր մյուսների ուղեղներին մուրճահարողի կերպարը:
Նման մարդկանց հետ պետք է որ շատ դժվար լինի մի հարկի տակ ապրելը: Նրանք եսասեր են, իսկ եթե իրենց նման բազմաշնորհ մարդը կյանքում չի հասնում բարձունքների, ապա միանշանակորեն մեղավոր են ճանաչվում բոլոր-բոլորը, ամբողջ աշխարհը, իսկ առաջին հերթին, ինչ խոսք, նույն հարկի տակ ապրող ընտանիքի անդամներն ու, հատկապես, կողակիցը:
Քսանվեց տարի այս ճշմարտաբարբառ տղամարդու կողքին մի կին, այնուամենայնիվ, դիմանում էր: Դժվարությամբ, պարբերական ընդվզումներով, ինչ-որ բան փոխելու անհաջող ճիգ ու ջանքերով, այլեւս չսիրելով, երեւի, բայց ընտանիքը չքայքայելու հայկական դիմացկունությամբ դիմանում էր: Երեք զավակները, մեծանալուն զուգընթաց, հոր հետ ավելի հաճախ վիճաբանում, բայցեւ որդիաբար ու հայկական հնազանդությամբ՝ դիմանում էին: Իսկ ինքը, ահա, չդիմացավ: Իր իսկ էության մեջ եռացող անվստահությունը, անհանդուրժողականությունը, ուրիշներին չսիրելու բացառիկ ունակությունը փոթորկում էին նրա հոգին, եւ մարդը կարծում էր, թե պարտավոր է բոլորին դաստիարակել, սովորեցնել, իր ճշմարտությունները հասու դարձնել, շրջապատողներին «բարձրացնել» իր մակարդակին: Մինչդեռ ոչ ոք նրան չէր հասկանում, չէր գնահատում՝ ըստ Հովհաննեսի: Ոչ ոքի պետք չէին նրա բարոյախրատական ճառերը, ուսուցողական մտքերը: Հակառակը: Բոլորը նյարդայնանում էին նրա խոսքից, գործից, ներկայությունից: Նույն աշխատավայրում էլ Հովհաննեսը երկար չէր դիմանում, այդ իսկ պատճառով փոխում էր աշխատատեղերը, պարբերաբար մնում առանց աշխատանքի: Երբ զավակները մեծացան, սկսեցին վաստակել, ընտանիքի նյութական վիճակն էլ սկսեց բարելավվել, բայց հիմա էլ հոր տարօրինակ խանդն ու նախանձն էին խանգարում փոխհարաբերություններին: Հովհաննեսն անսահման բարկանում էր, երբ կինը ոգեւորվում էր, թե արդեն որդիների վաստակն է վայելում ու կարող է քիչ թե շատ իրեն ապահով զգալ: Մի՞թե երեկվա երեխաները տվել-անցել էին Հովհաննեսին իրենց գործարար կարողություններով, եւ մի՞թե արդարացված էր, որ առերեւույթ նրանք իրենց մորն ավելի շատ էին սիրում:
Հովհաննեսը վիրավորվում էր, նրան թվում էր, թե հատկապես ընտանիքի անդամները չեն գնահատում տարիների իր անուրանալի վաստակը: Եթե ընտանիքը չի գնահատում, էլ օտարներն ինչպե՞ս կգնահատեին: Իր խառնվածքի թելադրանքով Հովհաննեսը մեղավորներ էր փնտրում: Ամենուրեք հենց միայն մեղավորներ էին նրա աչքին, բայց կար մեկը՝ ամենամեղավորը բոլոր մեղավորների մեջ, ով, ըստ Հովհաննեսի, անվանարկում էր իրեն, գցում մարդկանց, նույնիսկ՝ սեփական զավակների աչքից: Դա կինն էր: Հովհաննեսը նույնիսկ եզրակացրել էր, թե ինչու է նա այդպես վարվում: Ուզում էր միայնակ վայելել տղաների աշխատանքը, ուզում էր լավամարդ լինել, իսկ Հովհաննեսին, որպես այլեւս անպիտան արարածի, ուզում էր դուրս մղել իր կյանքից: Հովհաննեսը չէր կարող դա թույլ տալ, չէր կարող ընդունել իր պարտությունը: Դրա համար էլ ավելի եռանդագին էր պայքարում կնոջ դեմ, ավելի երկարաշունչ էր խոսում եւ դրանով իսկ մարդկանց ավելի էր տրամադրում իր դեմ: Յուրաքանչյուր ընտանեկան տեսարանից հետո նա առավել մեծ հակակրանք էր զգում կնոջ նկատմամբ, առավել անտանելի տեսնում իրենց համակեցությունը: Հնարավոր է, որ կինն էլ իր հերթին էր նպաստում անհաշտությանը: Որ նրա բնավորությունն էլ ոսկի չէր: Բայց հենց կինն է, որ կյանքով է հատուցել եւ այլեւս հետ նայելու անհրաժեշտությունը չունի:
Նրանք կարող էին եւ ամուսնալուծվել: Չհասնել մինչեւ ողբերգական օրվա առճակատումը: Եվ ճիշտը դա կլիներ: Բայց մարդիկ միշտ չէ, որ ճիշտն են ընտրում, ուղիղը, այլ, խոտոր եւ սխալ ճամփով գնալով՝ խոսում են արդարությունից ու ճշմարտությունից:
Ամպրոպը
Դեպքից երեք օր առաջ՝ մարտի 10-ին, բուռն վիճաբանություն եղավ նրանց տանը: Հովհաննեսը վերաքննիչ դատարանում իր ճառի մեջ բնութագրեց այսպես. «Դա ամպրոպ էր պարզ երկնքում, սադրանք էր, մեծ աղմուկ՝ ոչնչից»: Միգուցե այս «ամպրոպն» էլ այն ազդակը եղավ, որ արթնացրեց Հովհաննեսի հոգու մեջ բուն դրած մտադրությունը:
Երեք օր անց, առավոտյան, Հովհաննեսը դուրս եկավ տնից, որ աշխատանքի գնա: Բայց ճանապարհից հետ դարձավ, կրկին տուն գնաց, եւս մեկ անգամ վիճաբանեց կնոջ հետ ու սկսեց հարվածել նրան: Կինը դիմադրում էր, ըստ երեւույթին: Եվ Հովհաննեսը հասկանում էր, որ մարդ սպանելուց ծանր բան չկա: Ի վերջո, նա կնոջը խեղդամահ արեց վարագույրով: Այն վարագույրով, որը տանտիրուհին հաճախ լվացել, արդուկել էր իր ձեռքով ու ջանասիրաբար կախ տվել պատուհանից:
Երբ մարդասպանը համոզվեց, որ կինը չի շնչում, մի հավերժությո՞ւն, թե՞ մի քանի րոպե անշարժ նստեց իր զոհի կողքին: Միայն թե նա իրե՛ն էր զոհ համարում: Եվ այդպես էլ ներկայացրեց կատարվածը, երբ մի քանի ժամ հետո մեղայականով ներկայացավ Ոստիկանություն:
«Կյանքս դժոխք էր, դժգույն, տարտարոս…»
Հովհաննեսի դատական ճառը երկար էր ու կրկնություններով լի: «Նյարդերս ու ջղերս գերլարված էին, երկար ժամանակ գտնվում էի հոգեճնշող վիճակում: Պատճառը կինս էր: Իմ դժբախտությունները սկսվեցին, երբ ամուսնացա նրա հետ: Չեմ ուզում վարկաբեկել նրան ու երեխաներիս, բայց կինս կամակոր էր, ամբարիշտ, անհաշտ, անհանդուրժելի բոլոր գծերով օժտված, մի խոսքով՝ իմ հակապատկերը… Մոլեգին էր, անսանձ, ազդում էր իմ մտավոր զարգացման վրա, լուտանքներ էր թափում բոլորի հասցեին, կպչում ամենացավոտ տեղերիս, տղամարդկային արժանապատվությանս, խոսում էր առանց մտածելու: Ու ես դառնում էի մռայլ, դյուրագրգիռ, բարդույթավորված… Կինը գետի է նման: Իմ կինը երբեք իր ափերի մեջ չի եղել… Միշտ վարպետորեն մեղքը բարդում էր ինձ վրա… Ցածր խոսել չգիտեր, լսելու ընդունակություն չուներ: Նրա զիլ ձայնը, գոռգոռոցը խլացնում էին ամեն բան… Պատահել է՝ հեռացել, բայց հետո նորից վերադարձել եմ: Ու նա շարունակել է ինձ ծաղրել… Կյանքս դժոխք էր, դժգույն, տարտարոս… Եթե նրա հարազատները չմիջամտեին, այսպես չէր լինի… Արդեն խաթարված հոգեճնշող վիճակս էր պատճառը, որ էլ չդիմացա: Ես հանցագործ չեմ, ինձ այդպիսին դարձրին: Այժմ իմ ճակատին է խարանը: Իմ արդար ձեռքով հանցանք գործեցի՝ գտնվելով հոգեկան խիստ հուզմունքի մեջ: Հնարավոր է նաեւ, որ ինքնապաշտպանության ինստիտուտն էլ կապ ունի կատարվածի հետ: Բայց ես զղջում եմ, որ չեմ տիրապետել ինձ, խնդրում եմ ներողամիտ եղեք: Ո՞ւմ կնմանվեմ՝ երկարատեւ ազատազրկումից հետո: Ոչ մի արժեք չեմ ներկայացնի, մանկուրտ կդառնամ, վրիժառու: Ես, ի՞նչ է, վարձու մարդասպա՞ն եմ, ոճրագո՞րծ: Ո՛չ: Բայց կարող եմ դառնալ այդպիսին, եթե խիստ դատեք: Դա ոչ թե արդարադատություն կլինի, այլ՝ անարդարադատություն: Քրեական դատավարության օրենսգրքի բոլոր հոդվածների խախտմամբ է ինձ դատել առաջին ատյանի դատարանը: Ես ինքնուրույն վերլուծել եւ այդ եզրակացությանն եմ եկել: Ակամա եմ դարձել հանցագործ, իմ կրած զորեղ տառապանքների պատճառով…»:
Ամբաստանյալներ կան, որ իրենց ելույթով, կատարվածի նկատմամբ մարդկային վերաբերմունքով եթե ոչ՝ համակրանք, ապա՝ գոնե կարեկցանք են առաջացնում ներկաների մեջ: Սակայն Հովհաննեսի երկարաշունչ ճառը հակառակ ազդեցությունն էր գործում: Ինչքան մեղքն ուրիշների վրա էր գցում, այնքան կարծես հաստատում էր ի՛ր մեղքը:
Առանց հոգեկան խիստ հուզմունքի
Ըստ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննության՝ Հովհաննեսը հանցանքի պահին ֆիզիոլոգիական աֆեկտի մեջ չէր գտնվել: Այսինքն՝ արարքը կատարելու պահին չէր գտնվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Ինչպես նաեւ՝ հոգեկան որեւէ հիվանդությամբ չէր տառապում: Նա մեղադրվել ու մեղավոր էր ճանաչվել դիտավորյալ սպանության համար: Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը Հովհաննեսին դատապարտել էր 9 տարի ազատազրկման:
2008 թվականի մարտի 27-ին քրեական վերաքննիչ դատարանն այդ պատիժը համաչափ գնահատեց նրա արարքին, դատավճիռը չփոփոխեց, իսկ Հովհաննեսի վերաքննիչ բողոքը թողեց առանց բավարարման:
Որդու աչքերը
Վերաքննիչ դատարանի նիստին ներկա էր Հովհաննեսի միջնեկ որդին: Նա լուռ էր, զուսպ, բայց մոր հասցեին հոր հնչեցրած յուրաքանչյուր վատաբանության պահին ցնցվում էր, վատ զգում: Հետո ասաց, թե մայրն ամբողջ կյանքում հորը թիկունք է եղել, մշտապես օգնել ու օժանդակել նրան: «Առանց մորս՝ նա չէր ապրի, ոչնչի չէր հասնի: Հիմա չթողեց, որ մայրս մեր՝ իր երկու զավակի աշխատանքը վայելի»: Երիտասարդն ասաց, թե կրտսեր եղբայրը, որ դպրոցական է՝ 14 տարեկան, ահավոր ծանր է տանում կատարվածը, եւ խնդրեց, որ իրենց ազգանունն ու բնակության վայրը չհրապարակեմ: Նրա աչքերում հոր ելույթի ամբողջ ընթացքում ցավ կար եւ ընդվզում: Իսկ ներում չտեսա: Հարցրի՝ կների՞ հորը: Նա մտածեց ու տխուր ասաց. «Ժամանակը ցույց կտա»: