Ֆոբիաներ

04/04/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ի՞նչ է ֆոբիան (սեւեռուն ահ)

Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երեւույթներից: Թեպետեւ ֆոբիայի առաջացման պատճառները մինչեւ վերջ պարզ չեն, այնուամենայնիվ, այս խանգարումները հիմնականում առաջանում են հարուստ երեւակայության ու բարձր հուզականության տեր մարդկանց մոտ:

Հասարակ ֆոբիաների թվին են պատկանում վախը փակ տարածություններից, բարձրությունից, բժշկական կաբինետներից, կենդանիներից` միջատներից, օձերից, թռչուններից, շներից: Սոցիալական ֆոբիաների թվին են դասվում ուրիշների ներկայությամբ խոսելու, ուտելու վախը: Ամենաշատ հանդիպող ֆոբիայի տեսակներն են կլաուստրաֆոբիան ու ագորաֆոբիան: Սրանք ամենաշատն են ազդում մարդու աշխատունակության վրա: Ագորաֆոբիան ի հայտ է գալիս բաց տարածքներից վախի դեպքում, իսկ կլաուստրաֆոբիան` փակ տարածքում գտնվելու վախի դեպքում` վերելակ, ինքնաթիռ, թունել եւ այլն:

Ֆոբիայով տառապող մարդը նման դեպքերում խուճապի մեջ է հայտնվում: Վախի նոպաները հաճախ զուգորդվում են այնպիսի հոգեբանական երեւույթներով, ինչպիսիք են՝ ապակողմնորոշումը, անիրականության զգացումը: Հնարավոր են ֆիզիկական այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են` գլխապտույտը կամ հավասարակշռությունից ընկնելը, սրտխփոցը, տեսողության եւ լսողության կորուստը: Երբեմն նկատվում են նաեւ այլ ֆիզիկական նախանշաններ` սրտխառնոց, որովայնի շրջանում ցավեր, դժվարություններ միզելու հետ կապված, մկանային լարվածություն: Ֆոբիա ունեցող մարդու մոտ շատ արագ տեմպերով է աճում վախի զգացումը, հատկապես, եթե երեւակայությունն ավելի ուժեղ է աշխատում: Մարդն ավելի շատ է սկսում սեւեռվել անհարմարության վրա եւ ավելի քիչ է սկսում մտածել այն բանի մասին, ինչը կարող է իրեն ազատել նման հոգեվիճակից: Այնպիսի համոզմունք է առաջանում, որ հիմա պետք է մի ահավոր բան տեղի ունենա` մահ, սրտի նոպա կամ հոգեկան խանգարում: Հենց սա է խուճապային վիճակը: Այդ խուճապն այնքան տառապալի, սարսափելի է, որ մարդը խուսափում է ցանկացած իրավիճակից, որը կարող է սեւեռուն վախ առաջացնել: Նման ֆոբիայով տառապող մարդիկ խոստովանում են, որ այդ ռեակցիան երբեմն մեղմանում կամ անհետանում է վստահություն ներշնչող մարդու ներկայությունից:

Այս հիվանդության բուժման նպատակն է՝ մարդու մոտ զարգացնել սեւեռուն վախին դեմ առ դեմ հանդիպելու ընդունակություններ եւ ապացուցել, որ իրականում վտանգավոր ոչինչ չկա:

Ինչպիսի՞ ֆոբիաներ են լինում

Ուշադիր լինելու դեպքում կարող ենք նկատել, որ իսկապես կան բաներ, որ մեզ մշտապես եւ սարսափելի վախեցնում են: Օրինակ, գրեթե բոլոր կանայք վախենում են օձերից ու մկներից, իսկ ատամնաբույժի մոտ գնալուց վախենում են նույնիսկ տղամարդիկ: Եվ շատ հաճախ դրանք ոչ թե սովորական վախեր են, այլ սեւեռուն ահ է` ֆոբիա: Վիճակագրական տվյալներով` մեր մոլորակի յուրաքանչյուր յոթերորդ մարդ տառապում է ինչ-որ մի ֆոբիայով: Ֆոբիաների քանակն անընդհատ աճում է, վերջին 10 տարում այն աճել է 1030-ով: Որքան էլ զարմանալի է, այն կապված է կյանքի զարգացման տեմպերի հետ: Ինքնաթիռների ստեղծանը եւ գործադրմանը զուգահեռ՝ մարդկանց մոտ առաջացավ ավիաֆոբիան, Չեռնոբիլի ողբերգությունը ծնեց վախ ճառագայթումից` ռադիոֆոբիա, մարդկանց մոտ մեծ վախ կա միջուկային զենքից ու պայթյուններից: Ծեր եւ տարեց մարդիկ տառապում են կիբեռֆոբիայով` վախ համակարգչից: Պարզվում է` գոյություն ունի նաեւ վախ երկար բառերից, այն է` հիպպոպոտոմոմոնստրոսեսկվիպպեդալիոֆոբիա:

Գովազդը եւս նպաստում է բազմազան վախերի առաջացմանը: Գովազդի պատճառով մարդիկ սկսում են վախենալ գիրությունից` օբեզաֆոբիա, մաշկի կորյակներից` ակնեոֆոբիա, կնճիռներից` րիտիֆոբիա, ճաղատանալուց` ֆալակտրոֆոբիա, միկրոբներից, որ ամենուրեք են` վերմինոֆոբիա եւ այլն: Իսկ գովազդներում ու առհասարակ շոու-բիզնեսում երեւացող անթերի ու կատարյալ մոդելներին տեսնելուց հետո մարդկանց մոտ ծնվում է դիսմորֆոբիա` վախ սեփական կառուցվածքի տգեղությունից: Իսկ որքա՜ն ֆոբիաներ է ծնել ժամանակակից կինեմատոգրաֆիան: Հատուկ էֆեկտներով ստացած սարսափ ֆիլմերը նպաստում են բազմաթիվ ֆոբիաների առաջացմանը` վախ սարդերից, շնաձկներից, այլմոլորակայիններից, հոգեկան խանգարում ստանալու վախ, հիշենք, օրինակ, «Բանականության խաղեր», «Սարդը» ֆիլմերը:

Շատ հայտնի մարդիկ էլ են տառապել ֆոբիաներով: Օրինակ, Ն. Վ. Գոգոլը տառապել է տաֆեֆոֆոբիայով` վախ կենդանի թաղվելուց: Այդ վախն այնքան սարսափելի էր, որ նա իր ընկերներին ուղղված նամակներում միշտ զգուշացնում էր, որ իր մահանալուց հետո այն ժամանակ միայն թաղեն, երբ մարմնի փոփոխություններ նկատվեն:

Ի. Վ. Ստալինը տառապում էր տոքսիկաֆոբիայով. նա վախենում էր, որ իրեն կթունավորեն: Իսկ Պետրոս 1-ինն ամբողջ կյանքում տառապել է ակարաֆոբիայով` վախ միջատներից: Ժամանակակից շոու-բիզնեսը, կարելի է ասել, տառապում է շատ սուր ֆոբիաներով: Ծաղրածուներից հիվանդագին վախ ունի Ջոննի Դեպը, Շոն Քոներին տանել չի կարող լուսակիրներին: Դերասանուհի Կիմ Բեսինջերը, օրինակ, տանել չի կարող, երբ պատահաբար օտար մարդ է իրեն դիպչում. եթե իրեն հանկարծ դիպչեն` նա կարող է ամիսներով տանից դուրս չգալ: Միկրոբներից սուր վախով տառապում են Մայքլ Ջեքսոնը, Ջորջ Ֆոստերը, Ջենիֆեր Լոպեսն ու Ջուլիա Ռոբերթսը: Ստիվեն Սիգալը վախենում է թունավորված լինելուց, իսկ Շերոն Սթոունն այնքան է վախենում էլեկտրական սարքավորումներից, որ նույնիսկ խուսափում է հեռուստացույց միացնելուց, նրա կարծիքով՝ այն միացնելիս կարող է պայթել: Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել:

Իհարկե, պետք է պարզել, թե որքանով է այս ամենը լուրջ: Սեւեռուն վախը սովորաբար առաջանում է մանուկ հասակում տեղի ունեցած ինչ-որ իրադարձությունից, որը տպավորվում է մեր երեւակայության մեջ, սակայն տարիներ հետո է միայն արտահայտվում: Այս պատճառով երբեմն շատ դժվար է լինում պարզելը, թե ինչն է հիմք հանդիսացել տվյալ վախի առաջացման համար: Վախի եւ ֆոբիայի տարբերությունը մեծ է: Ֆոբիա ունեցող մարդը որոշ իրավիճակներում ընդհանրապես չի կարողանում իրեն տիրապետել, իսկ նախանշանները հետեւյալն են` կոկորդում խեղդոցի զգացում, սրտի աշխատանքի արագացում, զգացում, որ թվում է՝ ուշագնացության է նման, սառը քրտինք, սարսափի զգացում, սրտխառնոց: Եթե թվարկվածներից 4-ը զգացել եք, ուրեմն ակնհայտ է, որ տառապում եք ֆոբիայով:

Վերջին 50 տարիների ընթացքում ֆոբիաների բուժման մեթոդ է համարվում գերզգայունության դեմ համակարգային պայքարը: Այս մեթոդի հեղինակը Ջոն Վոլպեն է: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր ծառայությունն անցկացրել է զինվորական հոգեբուժական հոսպիտալում, որտեղ նրա հիվանդները տառապում էին, այսպես կոչված, «զինվորական նեւրոզով»: Եվ այդ ժամանակ բժիշկ Վոլպեն հասկացավ, որ միայն դեղամիջոցներով հնարավոր չէ օգնել հիվանդներին: Այս ժամանակ էր, որ նա մշակեց բուժման այնպիսի մի մեթոդ, որին մասնակից կլինի մարդու ամբողջ նյարդա-մկանային համակարգը: