«Երեւան տեսնողն էլ գյուղ կգա՞: Հազիվ փախչենք-փրկվենք էս տխուր կյանքից»,- ասում է Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ գյուղի 17-ամյա բնակիչ, ապագա բանասեր Անուշիկ Սաֆարյանը: Նրա համադասարանցի Վռամ Վարդանյանն էլ հավելում է. «Աղջիկներն իրենց լավ ընկեր կգտնեն, տղաներն էլ` սիրուն ընկերուհի, էլ կգան գյուղ ի՞նչ կանեն»:
Գեղհովիտ գյուղից ամեն տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվում երկու տասնյակ եւ ավելի երիտասարդներ, եւ նրանցից գրեթե ոչ ոք հետագայում գյուղ վերադառնալու մտադրություն չի ունենում: Գեղհովիտցի այն երիտասարդներն էլ, ովքեր իրենց ապագան Երեւանում չեն տեսնում, վստահեցնում են, որ «խոպան» են գնալու: Իրենց իսկ բնորոշմամբ՝ դա «տարիների ավանդույթ» է, որին ոչ ոք չի էլ ուզում հակառակվել:
Գեղհովիտցի երիտասարդները չեն ուզում գյուղում մնալ, քանի որ այստեղ չկան ժամանցի վայրեր, չկան աշխատատեղեր: Դպրոցահասակների միակ զվարճությունը դասից փախչելն է: Սակայն դասից փախչելուց հետո, որպես կանոն, բոլորն էլ տուն են գնում, քանի որ գյուղում անգամ մի փոքրիկ զբոսայգի չկա, որտեղ կկարողանային հավաքվել, զրուցել: «Մեկ-մեկ տղաներով դասից որ փախչում ենք, առաջին դպրոց ենք գնում, էնտեղ սիրուն աղջիկներ շատ կան»,- ասում է 2-րդ միջնակարգ դպրոցի սան Գարիկ Սուքիասյանը:
Երիտասարդները նշում են, որ լավ կլիներ, եթե գյուղում գոնե մարզադահլիճ, կինո կամ դիսկոտեկ լիներ: Գարիկ Սուքիասյանը սա ծիծաղով ընդունեց՝ նշելով. «Որ դիսկոտեկ լինի, բա ամռանը բոստաններն ո՞վ կմշակի»:
Երիտասարդները նաեւ բողոքում են, որ գյուղի աղջիկները ողջ օրը տանը փակված են, ուստի միմյանց հետ ծանոթանալու, իրենց կեսին գտնելու հնարավորությունից զրկված են: «Հանկարծ որ ուզենաս մեկի հետ ժամադրվել, ինչ-ինչ պատրվակներով Մարտունի պիտի գնանք, որ էնտեղ, որպես իրար հանդիպած համագյուղացիներ, մի քիչ զրուցենք»,- ասում է Վռամը:
Ըստ դպրոցահասակների` անգամ գյուղի գրադարանը նորմալ չի գործում, որ մեկ-մեկ պարապությունից գիրք կարդան: Ուստի իրենց ազատ ժամանակը վատնում են սերիալներ դիտելով: «Մի հատ գիրք որ պետք ա լինում, ստիպված Մարտունի ենք գնում. մեր գրադարանը միշտ փակ ա»,- նշում է 17-ամյա Հասմիկ Մանուկյանը: Իսկ թե ինչո՞ւ գրադարանը նորմալ չի գործում, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ մեր` գյուղ կատարած այցելության ժամանակ եւս գրադարանը փակ էր: Դպրոցն ավարտած երիտասարդներին էլ անհանգստացնում է աշխատատեղերի բացակայությունը: Ամեն տարի մի քանի հարյուր երիտասարդներ են մեկնում արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանան ընտանիք պահել: Սակայն շատ երիտասարդների համար ընտանիք, երեխաներ ունենալն այդպես էլ երազանք է մնում, քանի որ շատերը պարզապես չեն ամուսնանում սոցիալական վատ պայմանների պատճառով: «Գյուղում հարյուրավոր երիտասարդներ կան, որոնց ընտանիք կազմելու ժամանակը վաղուց է եկել, բայց չեն ամուսնանում, քանի որ աշխատանք չունեն եւ չեն կարող հոգալ կնոջ, նաեւ երեխաների հոգսը: Թառլան ջահելները գնում են խոպանի քուչեքը, աղջիկներն էլ զուր տեղը տանն են մնում»,- ասում է գյուղի բնակիչ Աբով Պողոսյանը: