Ալլո՜, Գագիկը նացիոնալիստ է

13/05/2005

Ապրիլի 20-ին, ճիշտ այն օրը, երբ Սեւանում «Նոր ժամանակներ» կուսակցության
հանրահավաքի ժամանակ իշխանությունները հերթական բռնությունն իրականացրին,
հանկարծակի փչացավ «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդակը: Սակայն, մեր
աղբյուրների հավաստմամբ, իրականում ոչ թե հաղորդակն էր վնասվել, այլ՝
հեռուստաընկերության հիմնական բաժնետեր Ջերալդ Գաֆեսճյանը
հեռուստաընկերության նախագահ Բագրատ Սարգսյանի հետ ունեցած
հեռախոսազրույցում հանձնարարել էր այսուհետ հեռարձակել ընդդիմության բոլոր
միջոցառումները, ինչի արդյունքում Բ. Սարգսյանը հայտնվել էր անհարմար
վիճակում: Մինչ օրս Բ. Սարգսյանին հաջողվում էր Գաֆեսճյանի ֆինանսական
խոշոր ներդրումներով ծառայել նաեւ իշխանություններին, սակայն այդ զանգից
հետո իրավիճակը դարձել է անկառավարելի, ուստի Բ. Սարգսյանը որոշել է մեկ
օրով հորինել հաղորդակի պատմությունը: Բնականաբար, Բ. Սարգսյանը մեզ հետ
զրույցում հերքեց դա՝ ասելով. «Հաղորդակի մեջ BLV 870 տեսակի տրանզիստոր
էր փչացել, մենք դա ենք փոխել»: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության
միջոցառումները չլուսաբանելուն, ապա Բ. Սարգսյանը մեզ խորհուրդ տվեց դիմել
հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավարին. «Այդ հարցերով պետք է դիմեք
նրանց»: