Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի զենք պահելու համար երեկ 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հուսիկ Բաղդասարյանին: «Նրա մոտ զենք չկար. ընդամենը 16 հատ փամփուշտ էր, որ նա գնել էր իր օրինական (որսորդական) զենքից կրակելու համար: Գնել էր որսորդական խանութից, որի վաճառքը ազատ է»,- «Ազատությանն» ասել է Հ.Բաղդասարյանի շահերի պաշտպան Վարդան Զուռնաչյանը: Նա ասել է նաեւ, որ անպայման ներկայացնելու են վերաքննիչ բողոք, որովհետեւ «չկա նախադեպ, որ անձը նման քանակի փամփուշտների համար դատապարտվի 3 տարվա ազատազրկման»: