Այս օրերին քննարկվող հիմնական թեման այն է, թե ապրիլի 9-ին ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը:
Վարչապետի թեկնածուների բազմաթիվ անուններ են շրջանառվում` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյան, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյան, «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Կարեն Կարապետյան, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյան: Քննարկվում էր նաեւ ռուսական «Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի անունը, սակայն դրան հետեւեցին խոսակցությունները, թե նա հրաժարվել է` ՌԴ-ում իր զբաղվածության պատճառով: Տ.Սարգսյանի` վարչապետ դառնալու մասին խոսակցություններին նպաստեց այն փաստը, որ նա ներկա է լինում Սերժ Սարգսյանի գրեթե բոլոր հանդիպումներին: Չնայած ԿԲ նախագահը լրագրողների հետ զրույցում հերքել է լուրը, թե ինքն է նշանակվելու վարչապետի պաշտոնում, այդուհանդերձ, ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների` Ս. Սարգսյանի հետ տարբեր հանդիպումներին մասնակցելուց բացի, Տ. Սարգսյանը նաեւ գործող վարչապետի մոտ սեփական թեկնածության շուրջ «լոբբիստական» որոշ աշխատանքներ է տանում բազմաթիվ պաշտոնյաների, մտավորականների միջոցով: Մեր աղբյուրների հավաստմամբ` այդ հարցում նրան աջակցում է նաեւ նրա նախկին կուսակցության ղեկավար` ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վազգեն Մանուկյանը: Այդ, այսպես կոչված` հանրային կարծիքը ներկայացնող (այդպես են ներկայանում Ս. Սարգսյանի մոտ) «լոբբիստական» խմբերը` ՀՀ վարչապետի հավանական մյուս թեկնածուներին չեզոքացնելու համար Տ. Սարգսյանին ներկայացնում են որպես եվրոպական կրթություն ստացած, բանիմաց, բոլորի կողմից սիրված ու հարգված մարդու: ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի անունը, սակայն, հասկանալի պատճառներով, մեղմ ասած, դրականորեն չի ընկալվում հասարակության շրջանում: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ հիմնականում արտասահմանից ստացվող տրանսֆերտների միջոցով ապրող մարդիկ իրենց եկամուտների նվազմանը հանգեցնող դոլարի շարունակական արժեզրկումը կապում են հենց Տիգրան Սարգսյանի անվան հետ: Մյուս կողմից, տարածված տեսակետի համաձայն, ԿԲ ներկայիս նախագահը ամենաընդունելին է համարվում միջազգային ֆինանսական կառույցների կողմից, որոնք վերջինիս վերաբերվում են որպես ազատական արժեքների կրող գործիչ: Եվ չնայած Տ. Սարգսյանը դեռեւս համարվում է վարչապետի ամենահավանական թեկնածուներից մեկը, այդուհանդերձ, մեր աղբյուրները չեն բացառում, որ վերջին պահին Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում կնշանակի քննարկվող պաշտոնյաներից մեկ ուրիշին: Բանն այն է, որ Տ. Սարգսյանը վերջին շրջանում ներկա է լինում Ս. Սարգսյանի մոտ անցկացվող բոլոր հանդիպումներին եւ, որոշ գնահատականների համաձայն, նա արդեն դե ֆակտո կատարում է նախագահի աշխատակազմի ղեկավարի ֆունկցիաներ (հրապարակայնորեն արձանագրում է բոլոր ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները):
Իսկ մինչ վերջնականապես պարզ կդառնա, թե Ս. Սարգսյանն ում թեկնածությունն է ներկայացնելու խորհրդարանի հաստատմանը, արդեն մոտավոր ուրվագծվում են քառակողմ կոալիցիայի մասնակից յուրաքանչյուր կուսակցությանը հասանելիք պաշտոնները: Օրինակ, «Օրինաց երկրին» են տրվելու ՀՀ բնապահպանության նախարարի, նոր ստեղծվելիք Գիտության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարի պորտֆելները եւ եւս մեկ նախարարություն: Չի բացառվում, որ դա լինի ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի պորտֆելը: Խոսակցություններ կան նաեւ, որ ՕԵԿ-ը ցանկանում է բանակցել «Բարգավաճ Հայաստանի» հետ` այն Քաղաքաշինության նախարարի պորտֆելի հետ փոխարինելու համար: Բնապահպանության ներկայիս նախարար Արամ Հարությունյանը (ով 2006թ. մայիսին Սերգո Երիցյանի հետ միասին ՕԵԿ-ը լքողներից էր) հրաժարվել է Արթուր Բաղդասարյանի` իրեն ուղղված հեռակա գործարքից. Արամ Հարությունյանը վերադառնում է ՕԵԿ, ինչի դիմաց պահպանում է նախարարի պորտֆելը: Ըստ մեր տեղեկությունների, սակայն, Ա. Հարությունյանը նշանակվելու է Կոտայքի մարզպետ: Իսկ իր փոխարեն ՕԵԿ-ից Բնապահպանության նախարար է նշանակվելու Մհեր Շահգելդյանը: Ինչ վերաբերում է Գիտության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարի հավակնորդ ՕԵԿ-ականին, ապա, մեզ հաջողվեց առայժմ պարզել, որ նա մասնագիտությամբ ֆիզիկոս է: Կոալիցիայի մյուս անդամ ՀՅԴ-ն պահպանելու է իր 3 նախարարների պորտֆելները, մեկ փոխատեղմամբ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը: ՀՀ սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, ով նախարար էր նշանակվել ՀՀԿ-ի քվոտայով, նորից դառնալու է ՀՅԴ քվոտայով նախարար: Իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, որից Վահան Հովհաննիսյանը հրաժարվել էր ընտրություններից հետո, ՀՅԴ-ն պատրաստ է զիջել միայն ԱԺ միակ ընդդիմադիր քաղաքական ուժին` «Ժառանգությանը»: Վերջինիս հրաժարվելու դեպքում ՀՅԴ-ն այդ պաշտոնում կառաջադրի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է Վ. Հովհաննիսյանին, ապա, մեր տեղեկություններով` նրա ճակատագիրը դեռեւս անորոշ է: Ներկայումս քննարկվում է հատուկ Վահան Հովհաննիսյանի համար նոր գերատեսչություն ձեւավորելու հարցը. նա ցանկանում է զբաղեցնել ՀՀ նախագահին կից հնարավոր եւս մեկ վերահսկողական մարմնի ղեկավարի պաշտոնը: Հակառակ դեպքում Վահան Հովհաննիսյանն ուզում է ղեկավարել ՀՀ կառավարությանը կից Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը` պայմանով, որ այն առանձնացվի գործադիր մարմնից ու դառնա վերահսկողության գերլիազորություններ ունեցող առանձին ու անկախ մարմին, ինչպես ԱԺ Վերահսկիչ պալատը: Իհարկե, վերջին տարբերակը ավելի քիչ հավանական է համարվում, քանի որ նույն լիազորություններով օժտված երկու վերահսկիչ մարմնի գոյությունն անթույլատրելի է համարվում: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա ԲՀԿ-ական նախարարները պահպանելու են իրենց պորտֆելները: Եվ եթե ԲՀԿ-ն ոչինչ չի կորցնելու այս ամբողջ վերաձեւումների արդյունքում, ապա կոալիցիայի հիմնական թեւ հանդիսացող ՀՀԿ-ն ստիպված հրաժարվելու է իր մի շարք պորտֆելներից: Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի ու ՀՀ կառավարության աշխատակազմի նախարար Մանուկ Թոփուզյանի զբաղեցրած պաշտոնները: Եթե, իհարկե, ինչպես վերը նշվեց, ԿՏ նախարար Անդրանիկ Մանուկյանը չնշանակվի այլ պաշտոնում:
Ի դեպ, լավատեղյակ աղբյուրների համաձայն, ՀՀ արտգործնախարարի պաշտոնում կարող է նշանակվել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը: Իսկ նորաստեղծ Սփյուռքի նախարարության ղեկավարի թեկնածուներից են համարվում Վարդան Օսկանյանը եւ Վազգեն Մանուկյանը: Իրենց պաշտոնները պահպանելու են ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: