«Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Մոնիտորինգի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Վերջինիս ղեկավարած խումբը հայտնի է նաեւ «Ագոյի խումբ» անունով: Ագոյի խմբի ղեկավարը երեկ Երեւանում նաեւ ընդգծել է, որ խումբն իր ստեղծման օրից երբեւէ այսքան մեծ կազմով չի ժամանել Հայաստան. կազմում ընդգրկված են ԵԽ անդամ 9 երկրների պատվիրակներ: Պատճառը Հայաստանում հետընտրական եւ մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակն է: «ԵԽ-ն Հայաստանը դիտում է որպես տարածաշրջանային կարեւոր երկիր, գործընկեր երկիր, եւ այդ իսկ պատճառով մեզ համար հետաքրքրական է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում, եւ մենք կարեւոր ենք համարում քաղաքական ճանապարհով դրա հաղթահարումը եւ երկրի վերադարձը ժողովրդավարական ուղի»,- երեկ ասել է Պ. Սյորգենը: Հայաստանում ստեղծված իրավիճակը քաղաքական ճանապարհով հաղթահարելու համար Ագոյի խմբի ղեկավարը ՀՀ իշխանություններին եւ ընդդիմությանը 6 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել, որոնք նախօրոք մշակվել են ԵԽ-ում եւ վերամշակվել են Երեւանում: Ագոյի խմբի առաջարկներից առաջինը վերաբերում է քաղբանտարկյալներին: Պարոն Սյորգենն անձամբ այցելել է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել այն անձանց հետ, ովքեր ձերբակալվել են հետընտրական ժամանակահատվածում՝մարտի 1-ի իրադարձությունների պատճառով, եւ այսօր զրկված են իրենց հարազատների հետ շփումից: Արդարադատության նախարարը Պեր Սյորգենին խոստացել է լուծել խնդիրը եւ ձերբակալվածներին հնարավորություն տալ շփվել իրենց հարազատների հետ: Ագոյի խմբի 2-րդ առաջարկը հիշեցնում է, որ մենք սատարում ենք միջազգային մի շարք կազմակերպությունների, որոնք կոչ են անում ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց: Ագոյի խմբի 3-րդ առաջարկի համաձայն, ՀՀ Արդարադատության նախարարը պարտավոր է կանոնավոր Ագոյի խմբին տեղեկացնել ձերբակալվածների ազատ արձակման, ձերբակալվածների հանդեպ դատական ընթացակարգերի վերաբերյալ: 4-րդ կետով Ագոյի խումբն առաջարկում է մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ անկողմնակալ «ազգային հետաքննություն» անցկացնել: «Հետաքննության անցկացման մանրամասները մեր գործը չէ, սակայն այն պետք է լինի ոչ թե մեկ մարմնի, ասենք՝ Գլխավոր դատախազության կողմից իրականացվող, այլ ազգային՝ ընդգրկուն, լայն վստահության դաշտ ապահովող քննություն»,- երեկ Երեւանում ասել է Սյորգենը: Ի դեպ, մարտի 1-ի դեպքերի ընթացքում 8 զոհերից 7-ը շարքային քաղաքացիներ են, ովքեր մահացել են հրազենային վնասվածքներից, իսկ մինչ օրս որեւէ ոստիկան չի ձերբակալվել: Նման իրավիճակում հասարակությունը որքանո՞վ կարող է վստահել «ազգային հետաքննությանը»: Դուք չե՞ք կարծում, որ մարտի 1-ի դեպքերի հարցով պետք է անկախ միջազգային հետաքննություն անցկացնել: «Ա1+»-ի այս հարցերին Պեր Սյորգենը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ նման անկախ քննություն պետք է անցկացնի պետությունը: Դա հաշվետվություն կլինի պետության կողմից: Ես ասացի, որ հաշվետվությունը պետք է լինի այնպես, որ վայելի Հայաստանի հասարակության վստահությունը: Այդ հետաքննության մեջ կարող են ընդգրկվել նաեւ միջազգային փորձագետներ»: Ինչ վերաբերում է Ագոյի խմբի 5-րդ առաջարկին, այն երթեր, ցույցեր, հավաքներ անցկացնելու մասին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ է: Հիշեցնենք, որ հիշատակված օրենքում վերջին փոփոխություններն արվեցին արտակարգ դրության պայմաններում, արագացված ռեժիմով, եւ արդյունքում իշխանությունները գործնականում ստացան իրենց ոչ հաճո ցանկացած հրապարակային միջոցառում արգելելու «օրինական» լիազորություն: Պեր Սյորգենը երեկ ափսոսանք է հայտնել, որ այդ օրենքն ընդունվել է առանց Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության, եւ հավելել է. «Վենետիկի հանձնաժողովը հրատապ փորձաքննության է ենթարկել արդեն ընդունված օրենքը եւ ունի քննադատական գնահատականներ, որոնք արդեն ներկայացրել են Արդարադատության նախարարությանը: Ես հուսով եմ, որ այդ գնահատականները կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի քննարկմանը»: Իսկ վերջին՝ 6-րդ առաջարկը վերաբերում է Հայաստանում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ առանց նախապայմանների երկխոսություն ծավալելուն: Լրագրողները փաստել են, որ Ագոյի խմբի առաջարկներում բացակայում է ԵԽ-ի՝ ավելի վաղ կատարած հայտարարության այն կետը, որն ընդդիմությանը խորհուրդ էր տալիս ճանաչել ՍԴ որոշումը եւ փետրվարի 19-ի ՀՀ նախագահի ընտրության արդյունքները թողնելով անփոփոխ՝ երկխոսություն ծավալել: Այս կապակցությամբ երեկ Պ. Սյորգենն ասել է. «Երկխոսության վերսկսումն է կարեւոր, իսկ ՍԴ-ի որոշումը երկխոսության առանցքային կետերից մեկն է: Մեր առաջարկները պետք է դիտարկել ապագային միտվածության տեսանկյունից»:
Հ.Գ. Նախօրեին Ագոյի խմբի որոշ անդամներ մասնակցել են Հյուսիսային պողոտայում ընթացող «քաղաքական զբոսանքին»: