Կամ հաղթելու ենք բոլորս, կամ պարտվելու ենք

02/04/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, անդրադառնալով մարտի մեկի իրադարձություններին, նշել է, որ ինքը դեռեւս քարոզարշավի ընթացքում ասել է, թե կա մի թեկնածու, ով ամեն ինչ անում է իրավիճակը սրելու համար:

Նրա կարծիքով` Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում էր անել այն, ինչ չկարողացավ անել 1998-ին, այսինքն` Ղարաբաղի հարցը ոչ ի նպաստ Հայաստանի լուծել: Ա. Հարությունյանը գտնում է, որ Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված մարդիկ եղել են հոգեբանական ազդեցության տակ. «Նա հենց սկզբից ասում էր` հաղթելու ենք: Բայց ես միշտ ասել եմ` կամ հաղթելու ենք բոլորս, կամ պարտվելու: Ժողովրդի մի մասը չի հաղթում մյուսին»: Ըստ Ա. Հարությունյանի` ապրիլի 9-ին կայանալիք ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չի կարողանա որեւէ քայլ անել: Բանախոսը նշեց, որ այսօր պետությունը վտանգված է, եւ եթե մարտի մեկի իրադարձությունները կրկնվեն, մենք այլեւս չենք կարողանա վերականգնել երկրի կայունությունը: Նա նշեց նաեւ, որ ներկայումս Հյուսիսային պողոտայում մարդկանց հավաքվելը նշանակում է, որ նրանք ցանկանում են մինչեւ ապրիլի 9-ը կրկին լարված իրավիճակ ստեղծել. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին զոհեր է ուզում, եւ բոլորս հասկանում ենք Երեւանում կազմակերպվող «քաղաքական զբոսանքների» իմաստը. նրանք կրկին ցանկանում են կուտակումներ առաջացնել, եւ ես չէի ցանկանա, որ դրանք վերածվեն «արյունոտ զբոսանքների»: Եթե այդքան մեծ ցանկություն կա զբոսնելու, խորհուրդ կտամ զբոսնել ապրիլի 9-ից հետո»,- նշել է Ա. Հարությունյանը: Նա նաեւ ավելացրել է, որ Լ. Տեր-Պետրոսյանի կազմակերպած պայքարի մասնակիցները պետք է հասկանան, որ դա ոչ թե բողոք էր իշխանությունների դեմ, այլ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճ էր. «Նրանք այնքան համոզված էին, որ հաղթելու են, որ մարդիկ, ովքեր ընդհանրապես քաղաքականության մեջ «ձայն չէին հանում», հանկարծ անցան նրանց կողմն ու սկսեցին քարոզել հօգուտ Լ. Տեր-Պետրոսյանի: Իսկ այժմ նրանց ուրախացնում է Հայաստանի մասին ցանկացած բացասական միջազգային արձագանք: Նրանց հաջողվեց միջազգային հանրությանն ինչ-որ իմաստով տրամադրել Հայաստանի դեմ»:

Առաջիկա ներքաղաքական իրադարձությունների մեջ Ա. Հարությունյանը առանձնացրեց կառավարության ձեւավորումը, որը, նրա կարծիքով, դիտարկվում է իբրեւ հասարակական համերաշխության ապահովման նախապայման: Ըստ նրա, կառավարությանն այնպիսի կադրեր են պետք, որոնք եւ՛ պրոֆեսիոնալ են, եւ՛ քաղաքական գործիչներ են: Ա. Հարությունյանը գտնում է, թե կարեւոր է այն հանգամանքը, որ կառավարություն կազմելիս քվոտաներով հարց չլուծվի, իսկ նորընտիր նախագահը հրապարակային քաղաքականություն վարի, ինչպես իրենց կարգախոսն էր` «լինի յուրաքանչյուրի նախագահը»` մոռանալով, թե ով է իրեն ձայն տվել:

Ա. Հարությունյանը նշել է նաեւ, որ ինքը ողջունել է ազգային համաձայնության կառավարության գաղափարը: Այնուամենայնիվ, իրեն համագործակցության ոչ մի առաջարկ դեռեւս չի արվել: