Հանձնում-ընդունում

02/04/2008

Շարունակվում է Հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնման եւ ընդունման գործընթացը: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ընկերության վերակազմակերպման աշխատանքներն ուղեկցվում են հայկական երկաթուղիների ամբողջ գույքի հաշվառմամբ եւ գույքագրմամբ, վերագրանցվում են ընկերության ավելի քան 4000 աշխատակիցները: Ըստ նրա` այդ գործընթացից հետո կիրականացվեն ներդրումային աշխատանքներ` ուղղված հայկական երկաթուղին հավատարմագրային կառավարման վերցնելու համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը: Այժմ, սակայն, հայկական երկաթուղին շարունակում է իր բնականոն գործունեությունը: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 16-ին կնքված համաձայնագրով «Հայկական երկաթուղիներ» ընկերության հավատարմագրային կառավարումը ստանձնել է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ն, որը, որպես նախնական կոնցեսիոն վճար, պետք է մուծեր 1 մլրդ 700 մլն դրամ (շուրջ 5.5 մլն դոլար): Հարեւան երկրների հետ սահմանները փակ մնալու դեպքում ընկերությունը հայկական երկաթուղու զարգացման նպատակով պարտավորվել է ներդնել 572 մլն դոլար, որից շուրջ 220 մլն դոլարը` առաջին 5 տարիների ընթացքում, ինչը գերազանցել է ՀՀ կառավարության կողմից նախօրոք ակնկալվող շուրջ 170 մլն դոլար ներդրումները: Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կներդրվի 610 մլն դոլար, Ադրբեջանի հետ սահմանի բացման դեպքում` 1.8 մլրդ դոլար, իսկ աբխազական երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում, այսինքն` երբ տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցությունն ամբողջովին հնարավոր լինի` 2 մլրդ 200 մլն դոլար: Ծրագրի տեւողությունը 30 տարի է` 20 տարի ավելացման հնարավորությամբ: Ի դեպ, հայկական երկաթուղին գործարքից հետո շարունակում է համարվել ՀՀ սեփականությունը, իսկ ռուսական կողմին տրվում է միայն երկաթուղու կառավարման իրավունքը: