Անչափահաս տուժողը
2007թ. հուլիսի 29-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Երեւանի 156-րդ դպրոցի մոտ աղմուկ էր բարձրացել: Դա այն անվտանգ, չարաճճի աղմուկը չէր, որով երեխաները սիրում են ողողել դպրոցի շրջակա տարածքը՝ դասերից հետո: Դպրոցամերձ աղմուկն այս անգամ տագնապեցնող էր: Տղայական կռիվ էր թեժացել:
Հակոբ Հովհաննիսյանը «անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանում էր» Արա Խաչատրյանի հետ: Հակոբը դպրոցական չէր, ոչ էլ՝ անչափահաս: Պարզապես այդ վայրում էր ծայր առել վիճաբանությունը: Եվ՝ ի՞նչ վիճաբանություն, եթե կողքից միջամտողներ չհայտնվեին: Այս անգամ վեճին միջամտելու փորձ կատարողն անչափահաս Նարեկն էր: Միգուցե ա՞յդ հանգամանքը հունից հանեց Հակոբին: Նմանատիպ միջամտությունը, հնարավոր է, որ վիրավորեց նրան: Եվ նա հետապնդեց արդեն հեռացող Նարեկին ու դանակով հարված հասցրեց նրան՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնաս:
Տղայական կռիվներում բավական հաճախ է պատահում, որ տուժում, մինչեւ անգամ՝ կյանքից զրկվում է կողմերին հաշտեցնելու փորձ կատարող, կռվին միջամտող, բայց կռվի հետ որեւէ կապ չունեցող մեկը: Բոլորը չէ, որ կռիվներին միջամտելու համարձակություն են ունենում, բայց հատկապես նման մարդիկ են տուժում ուրիշների տուրուդմփոցների ժամանակ: Խառնվածքի առանձնահատկություն է, ճակատագրի դրսեւորում կամ՝ վայրկենական մղում, որ պատահական անցորդին անգամ ներքաշում է ինչ-որ անծանոթների թեժ պարզաբանումների մեջ: Ու պատահում է, որ հատկապես նա է դառնում միջադեպի քավության նոխազը, եւ նրան է շամփրում վիճաբանության խառնարանում շիկացած ձեռքը: Իսկ հետո բժիշկներն են ջանք թափում, ու մի քիչ էլ բախտն է միջամտում, եւ մարդը փրկվում է կամ դառնում իրեն չվերաբերող կռվի անտեղի զոհը:
Անչափահաս Նարեկի կյանքը հաջողվեց փրկել: Բարեբախտաբար: Եվ կալանքի տակ առնված Հակոբ Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրվեց դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Բացառի՞կ հանգամանքներ
Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 2007թ. նոյեմբերի 23-ին մեղավոր ճանաչեց Հակոբին եւ դատապարտեց 3 տարի ազատազրկման: Նրա կատարած հանցավոր արարքի համար սա օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը չէ: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի էր առել այն, որ Հակոբի հարազատները կամովին հատուցել էին հանցագործությամբ տուժող կողմին պատճառված գույքային վնասը, որ Հակոբը զղջացել էր արարքի համար, ինչպես նաեւ այն, որ տուժողը՝ անչափահաս Նարեկը, ցուցմունք էր տվել, թե հաշտվել է Հակոբի հետ, ու խնդրել էր նրա նկատմամբ մեղմ վարվել:
Եռամյա ազատազրկումը ամբաստանյալն ու իր շահերի պաշտպանը, այնուամենայնիվ, խիստ համարեցին ու վերաքննիչ բողոք բերեցին:
Քրեական վերաքննիչ դատարանը քննեց բողոքները եւ եզրակացրեց, թե հիմքեր կան ամբաստանյալի պատիժն ավելի մեղմացնելու: Ավելի՝ քան սահմանված է 112 հոդվածի առաջին մասով: Այսինքն՝ դատարանը հնարավոր համարեց կիրառել Քրեական օրենսգրքի 64 հոդվածը եւ սահմանել օրենքով նախատեսված պատժից ավելի մեղմ պատիժ: Վերոհիշյալ մեղմացուցիչ հանգամանքների հետ միասին վերաքննիչ դատարանը հաշվի առավ նաեւ այն, որ «ամբաստանյալը անչափահաս տուժողին չի ճանաչել, նրա նկատմամբ թշնամություն եւ մարմնական վնասվածք հասցնելու որեւէ դիտավորություն չի ունեցել, ուստի նրա գործողությունները վերջին հաշվով պայմանավորված են գործով վկա Արա Խաչատրյանի անօրինական գործողությունների ու նրա կողմից դրսեւորած վարքագծի հետեւանքով ամբաստանյալի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու հետ»: Քրեական վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ նշված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրային վտանգավորության աստիճանը, եւ դրանք իրենց համակցության մեջ ճանաչեց բացառիկ: Հակոբ Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց 112 հոդվածի 1-ին մասով եւ 64 հոդվածի կիրառմամբ, 2007թ. դեկտեմբերի 21-ին դատապարտվեց 1 տարի ազատազրկման:
Բողոքարկում
Քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռը անօրինական համարելով՝ վճռաբեկ բողոք բերեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Նրա համոզմամբ՝ Հակոբ Հովհաննիսյանի նկատմամբ 64 հոդվածի կիրառումը եւ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժի սահմանումը հանգեցրել էր քրեական օրենքի սխալ կիրառման: Ըստ բողոքի հեղինակի՝ Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ էր, անհամաչափ՝ կատարած արարքի բնույթին ու հասարակական վտանգավորության աստիճանին: Ակնհայտ մեղմ պատիժ սահմանելով՝ վերաքննիչ դատարանը թույլ էր տվել նյութական իրավունքի էական խախտում:
Իրավական հարց
Վճռաբեկ դատարանը, բողոքը քննության առնելով, ընդգծեց իր առջեւ բարձրացված իրավական հարցը. Հովհաննիսյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը որպես բացառիկ գնահատելով՝ վերաքննիչ դատարանը պահպանե՞լ է Քրեական օրենսգրքի 64 հոդվածի պահանջները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից առաջինը հետեւյալն է. դատարանի լայն հայեցողության շրջանակներում է անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը: Սակայն դատարանի այդ լիազորությունը բացարձակ չէ: Մեղմացնող հանգամանքները պետք է բավարարեն մի քանի չափանիշերի: Դրանք պետք է իրական լինեն, հաստատվեն գործով ձեռք բերված ապացույցներով, պետք է ողջամտորեն նվազեցրած լինեն անձի կամ նրա արարքի հանրային վտանգավորությունը, դրանք հաստատող ապացույցները պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում: Վերաքննիչ դատարանի կողմից որպես մեղմացնող ճանաչված հավելյալ հանգամանք նշվել էր, թե «ամբաստանյալը անչափահաս տուժողին մարմնական վնասվածք հասցնելու որեւէ դիտավորություն չի ունեցել»: Դա, ըստ վճռաբեկ դատարանի, հիմնավոր լինել չի կարող, քանի որ Հակոբ Հովհաննիսյանը հենց մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել դիտավորությամբ տուժողին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:
Վերաքննիչ դատարանը նշել է, թե վկա Արա Խաչատրյանը թույլ էր տվել «անօրինական գործողություններ», բայց, ըստ վճռաբեկ դատարանի, չի մատնանշել, թե կոնկրետ ինչ դրսեւորում են ունեցել Խաչատրյանի անօրինական գործողությունները:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերաքննիչի դատավճռում ապահովված չէ հետեւությունների ու դրանց հիմքը կազմող փաստերի տրամաբանական կապը: Գործի նյութերով հիմնավորված չէ պատճառահետեւանքային կապը «վկա Խաչատրյանի կողմից դրսեւորած վարքագծի», «ամբաստանյալի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու» եւ կատարված հանցագործության՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու միջեւ: Բայց հստակ հաստատված է, որ Հովհաննիսյանը հետապնդել է, բռնել, դանակով հարվածել ու ծանր վնաս պատճառել մի անչափահասի, որը որեւէ առնչություն չուներ դատապարտյալի «տղամարդկային արժանապատվությունը» ենթադրաբար նսեմացնելու հետ:
Հետեւաբար, վճռաբեկ դատարանը եզրակացրեց, որ վերաքննիչի կողմից նշված վերոհիշյալ հանգամանքները չեն կարող Հովհաննիսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ համարվել:
Բացառության չվերածվեց
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը «բացառիկ» գնահատված հանգամանքների վերաբերյալ հետեւյալն է. «Կարեւորը ոչ թե պատիժը մեղմացնող տվյալների քանակն է, այլ այն, թե ինչքանով են դրանք էականորեն ազդել հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա: Օրենքում օգտագործված «բացառիկ» բառը ենթադրում է, որ տվյալ փաստական հանգամանքը կամ դրանց համակցությունը դուրս են գալիս սովորականի շրջանակներից: Քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող մեղմացնող հանգամանքների համակցությունը պետք է այն աստիճանի առանձնահատուկ լինի, որ վերածվի բացառության: Իսկ Հովհաննիսյանի գործով մեղմացնող համարված հանգամանքների համակցությունը նրա հանրային վտանգավորությունը չէր կարող էականորեն նվազեցնել, այն բավարար չափով առանձնահատուկ չէր, որ տվյալ գործը վերածեր բացառության:
Առանց բավարար հիմքերի 64 հոդվածի կիրառումը հանգեցրել էր ակնհայտ մեղմ պատժի սահմանման եւ նյութական իրավունքի էական խախտումների»:
Վճռաբեկ դատարանի եզրակացությունները Հակոբ Հովհաննիսյանի գործով նախադեպային կլինեն դատարանների համար՝ Քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառման դեպքում:
2008թ. փետրվարի 29-ին վճռաբեկ դատարանը բեկանեց քրեական վերաքննիչ դատարանի դատավճիռը եւ, արդարադատության արդյունավետության շահերից ելնելով, որպեսզի գործը եւս մեկ դատական պտույտ չկատարի, օրինական ուժ տվեց Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռին, որով Հակոբ Հովհաննիսյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման: