Աշխարհում միլիոնավոր բազկաթոռներ կան եւ նույնքան էլ՝ ուղիներ

02/04/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի նկարչական ոճը շատ ինքնատիպ է։ Այն բնավ նման չէ իր հայտնի հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի վառ հեքիաթային գույներին, ոչ էլ իր քրոջ՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի պարզ ուրվագծված ու էներգիայով լեցուն մոտեցմանը։ Նա թիֆլիսյան նկարչության դպրոցի ներկայացուցիչ է, որին հատուկ է նույնացնել երազն ու իրականությունը, տոն դարձնել վայրկյանը։

Զուլեյկան ստեղծում է բազմաշերտ կտավ-մտորումներ, որոնց մեջ սյուժեն կամ դիմանկարը կարեւոր չեն, կարեւորը քողն է, որով նա պատում է սովորական պատկերներն ու գունեղ կտավ-գլուխկոտրուկներ է ստեղծում։ «Սա հայկական մի եկեղեցի է,- ասում է նա ու արագ ավելացնում,- Հա, դուք այն չեք տեսնի, այն թաքնված է»։ Հետո ներկայացնում է մեկ այլ կտավ. «Սա շատ երկար տարիների աշխատանք է, նկարել եմ, հետո մի քանի տարի անց նորից վերադարձել…»։ Հետո ասում է. «Ես փոխել եմ տունս, ու տեսեք՝ ինչպես են փոխվել իմ գույները»։ Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի մանրակրկիտ մշակված մի քանի շերտանի կտավներից ջերմություն է սփռվում։ Այդ ջերմությունը շատ օրգանական է, շատ բնական է ու շատ թանկ է։ Զուլեյկայի հետ զրուցելիս շատ ուժեղ ու ջերմ լիցքեր ես ստանում։ Նա զարմանալի անկեղծ ու խորը մարդ է։ Այդպիսին են նաեւ նրա նկարները, որոնք հարկավոր է շատ ուշադիր զննել, շերտ առ շերտ գաղտնազերծել դրանք` հասկանալու համար, որ կյանքը հրաշալի մի բան է եւ բացվում է քո առջեւ քայլ առ քայլ, եթե, իհարկե, ուզում ես այն գաղտնազերծել։ Եթե պատրաստ ես…

Թիֆլիսի կոլորիտը նկատելի է եւ՛ նկարչուհու խոսելաոճում, եւ՛ շարժումներում։ Տիկին Զուլեյկան շատ խիզախ մարդ է։ Նրան հաջողվում է ապրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում` առանց որեւէ ինքնախաբեության։

– Ես մոլորվեցի այս նոր դարում, ոչ կարող եմ համակարգչին մոտենալ, ոչ էլ բջջային հեռախոսով եմ զանգահարում։ Հիմա ապրում եմ Թբիլիսիի ծայրամասում, սարի գլխին։ Այնտեղ լիակատար լռություն է, միայն ես եմ ու ինձ շրջապատող բնությունը։ Գալով Երեւան՝ հանկարծ հայտնվեցի իրադարձությունների կիզակետում, լրագրողները, լուսանկարիչներն ինձնից պատասխաններ են սպասում։

– Ձեզ այստեղ սիրում են։

– Իհարկե, ինձ առաջին հերթին որպես իմ հայրիկի դուստր են սիրում։ Ես ողջ կյանքս դա զգացել եմ։ Հիմա առաջին անգամ է, որ Հայաստանում ինձ տեսան որպես նկարչուհի։ Ե՛վ Թբիլիսիում, եւ՛ Երեւանում ես Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրն եմ։ Մոսկվայում այդպես չէ, Մոսկվայում ես վաղուց եմ ցուցադրվում ու հայտնի եմ որպես նկարիչ եւ որպես անհատ։ Իսկ այստեղ ինձ նաեւ որպես Լավինիայի քույր են ճանաչում։ Զարմանալի է, գիտեք, ես ու հայրս հենց Լավինիայի շնորհիվ ճանաչեցինք Հայաստանը։ Լավինիան ուղղակի ձեռքս բռնած ողջ Հայաստանով մեկ տանում էր, որպեսզի ճանաչեմ Հայաստանը։ Նա ինձ տարբեր նկարիչների՝ Հակոբ Հակոբյանի, Էդիկ Խարազյանի, Ռոբերտ Էլիբեկյանի մոտ հյուր էր տանում, ուզում էր, որ իմանամ հայ լավագույն նկարիչներին։ Էդիկ Խարազյանն ինձ այսօր զանգահարեց, ու մենք զրուցեցինք…

– Ձեր նկարներին նայելով՝ կարելի է հասկանալ, որ դուք իրականությունը քողարկում եք, չեք սիրում պարզ պատկերները, գերադասում եք հեքիաթային քող նետել կյանքի վրա։

– Կոնկրետիկան ինձ նյարդայնացնում է։ Իհարկե, ես ունեմ նաեւ ռեալ պորտրետներ, բայց ռեալն ինձ խանգարում է։ Նույնիսկ, երբ շատ կոնկրետ նատյուրմորտ եմ նկարում, անպայման փորձում եմ մի բան անել, որպեսզի կտավի վրա անորոշություն հայտնվի։ Գիտեք, կյանքն ընդհանրապես բարդ բան է, եւ իսկապես շատ կոնկրետ բան է։ Լավինիան, օրինակ, միշտ սիրում էր հստակությունը, նույնիսկ, երբ կտավի վրա ավելորդ մի խոտ էր հայտնվում, նա անպայման «պոկում» էր այդ խոտը, որպեսզի պատկերի հստակությունը պահպանի։ Իսկ դա ինձ հարկավոր չէ, ես սիրում եմ նկարել՝ հենվելով միայն հիշողությանս ու զգացմունքների վրա։

– Ձեր անունն էլ է շատ զգացմունքային…

– Անունս Բայրոնի պոեմից է։ Հայրս հավանեց այդ անունն ու առանց երկար մտածելու ինձ այդպես կոչեց։ Դա արաբական անուն է, իսկ ես Արեւելքը շատ եմ սիրում։ Սիրում եմ, շա՜տ եմ սիրում իսպանական Անդալուսիան, որը արաբական ու եվրոպական մշակույթների խաչմերուկ էր։ Սարսափելի սիրում եմ այն հոգեվիճակը, որը ծնվում է Արեւելքի ու Եվրոպայի հանդիպումից։

– Քաղաքականությամբ լցված Հայաստանի հոգեվիճակը ձեզ համար հասկանալի՞ է։

– Ես հազվադեպ եմ Հայաստանում լինում։ Ստացվեց այնպես, որ ես նստեցի իմ այդ սարի վրա ու չեմ էլ իջնում այդ սարից։ Հիմա ես միայն իմ սեփական աշխարհում եմ ապրում։ Շատ մեծ, ինձանից հեռու բաների մասին չեմ մտածում, ինձ պետք է միայն, որ իմ վրձնահարվածը ճիշտ իր տեղը գտնի։ Ես բացարձակապես չեմ հետաքրքրվում աշխարհով։ Իսկ քաղաքական բուռն իրադարձությունները Վրաստանում շատ ավելի վաղ են սկսվել, քան Հայաստանում։ Ու ես սկզբում շատ մեծ հուզմունքով էի դրանց հետեւում, հետո հասկացա, որ սկսում եմ «վարակվել» այդ քաղաքականություն կոչվածով։ Հազիվ կարողացա ինձ զսպել, որպեսզի «չվարակվեմ»։ Դա շատ բարդ ու խճճված իրադրություն է, կարող ես մի կողմի ասածները լսել եւ ընդունել, որ ամեն ինչ շատ պարզ ու ճիշտ է, իսկ հետո մյուս կողմին ես լսում ու զգում ես, որ դա շատ ավելի համոզիչ դիրքորոշում է։ Ես երեկ լսեցի ձեր հեռուստատեսությամբ, թե ինչպես է հայտնի մուլտիպլիկատորը մեղադրում Արմեն Ջիգարխանյանին։ Բայց ես դա չեմ ուզում լսել, քանի որ Ջիգարխանյանին ես ուղղակի պաշտում եմ, նա մեր բոլորիս հպարտությունն է։ Եվ եթե մարդը քեզ նման չի մտածում, պետք չէ նրան ժողովրդի թշնամի անվանել։ Ջիգարխանյանն արդեն պատկառելի տարիքում է, եւ կարող է պատահել, որ նա հանկարծ այնքան մտահոգվի ու հուզվի, որ նրա սիրտը պայթի։ Եվ ի՞նչ պիտի անել այդ ժամանակ։ Երկաթե մարդ պետք է լինել, որպեսզի դիմանաս այդ վիրավորանքներին։

– Լինո՞ւմ են պահեր, երբ արտիստի ճակատագրի մեջ է ներխուժում երկրի ճակատագիրն ու փոխում նրան։

– Այդպես չի լինում, բարեբախտաբար, ստեղծագործողի ճակատագիրը միշտ դուրս է կոնկրետ իրադարձություններից։ Հիշենք ֆրանսիացի հայտնի նկարիչ Սեզանին (որն, իմ կարծիքով, ողջ նկարչության պատմության մեջ ամենահզոր անձն է, որից մինչ այսօր էլ սնվում են բոլոր նկարիչները)։ Եվ երբ Ֆրանսիան պատերազմում էր, նա ոչ թե պատերազմ ու հերոսներ էր նկարում, այլ՝ … խնձորներ էր նկարում։ Եվ այսօրվա պատկերացումների համաձայն՝ հանրապետությունը նրան պետք է ժողովրդի թշնամի անվաներ։ Շատերն էին պատերազմի գնում, Ապոլիներն, օրինակ, զոհվեց մարտի դաշտում, շատ նկարիչներ ու պոետներ վիրավորվեցին, հոգեկան խորը տրավմաներ ստացան։ Իսկ Սեզանն իր խնձորներն էր նկարում։ Հիմա ասեք, խնդրեմ, ո՞վ ավելի մեծ բան արեց երկրի համար։ Համոզված եմ, որ Սեզանը։ Դա է իմ կրեդոն, որի մասին ես ցանկացած վայրում բարձրախոսով պատրաստ եմ գոռալ։ Նկարիչը պետք է իր «խնձորները» նկարի, իսկ քաղաքական գործիչը թող քաղաքականությամբ զբաղվի։ Իսկ երբ քաղաքական գործիչները սկսում են ինտելիգենցիային ուղղորդել ու օգտագործել, արդյունքում ազգը կոռումպացված ինտելիգենցիա է ստանում։ Գուցե ես հիմա ավելորդ բաներ եմ ասում, բայց ես գիտեմ, տեսել եմ մեր երկրում, թե ինչպես են մտավորականները դառնում կոռումպացված։ Դա շատ վատ երեւույթ է, պետք չէ այդ ճանապարհով գնալ։ Իրականում մտավորական ստեղծագործողները շատ քիչ են, եւ թող քաղաքական ամբիցիաների համար այդ շատ քիչ ստեղծագործողներին «ձեռք չտան»։

Հայաստանում ինձ այնպես լավ ընդունեցին, որ նույնիսկ երազում պատկերացնել չէի կարող։ Զարմանալի է, թե ինչպես ինձ՝ հակաքաղաքական մարդու, որը բացարձակապես տեղյակ չէ, թե ինչ քաղաքական պրոցեսներն են կատարվում, այդքան ջերմությամբ են ընդունում Հայաստանում։

– Գուցե իսկապես քաղաքականությունը շատ է մտել մեր ամենօրյա կյանք, եւ մենք դրանից հոգնել ենք։

– Ինձ էլ այդպես թվաց։ Գիտեք, իմ քույրն ինձ «հարիֆ» էր անվանում, ասում էր՝ իմ սիրելի հարիֆչիկ։ Եվ այդ անունը ինձ հարազատ էր դարձել, ես իսկապես որպես «հարիֆ» ապրել եմ իմ կյանքը եւ մեկ կոպեկ անգամ կոմերցիայով չեմ վաստակել։ Միայն ստեղծագործելով եմ ապրել իմ կյանքի բոլոր 68 տարիները։ Ինչ ուզում եք՝ ասեք, ես կարծում եմ, որ մարդու մեջ պիտի մարդկայինն իշխի, մարդկայինը պիտի նրան ղեկավարի։ Առանց դրա չի կարելի։ Այո, կան մարդիկ, որոնք միայն արվեստով են ապրում։ Ես ուղղակի ցնցված եմ այն ընդունելությունից, որն այստեղ ինձ համար կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի դեսպանը։ Եվ երբ նա ինձ ռեստորան հրավիրեց՝ մտածեցի՝ վայ՜ մե՜, ինչպե՞ս եմ ինձ պահելու։ Շատ ուրախալի ու հուզիչ էր, ես այստեղ շատ լավ հանգստացա։ Եվ բոլորովին չեմ ուզում, որ դուք ինձ քաղաքական հարցեր տաք։ Յուրաքանչյուր բառ կարելի է այնպես փոխել, որ հակառակ իմաստը ստացվի։ Ես դա այստեղ շատ լավ հասկացա։ Այստեղ շատ ավելի վատ է, քան Թբիլիսիում, որտեղ շատ բան արդեն հանդարտվել է։ Իսկ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, ապրում եմ իմ նկարներով, ինձ ոչ ոք պետք չի, ես էլ մեծ հաշվով ոչ մեկին պետք չեմ։

Երբ այստեղ ասուլիս էին կազմակերպել, բոլոր լրագրողներն այնպես ինձ վրա «հարձակվեցին», որ քիչ էր մնում ընդհանրապես կորցնեի խոսելուս ունակությունը։ Բարձրախոսներով, նոթատետրերով լրագրողները հարցեր էին տալիս, իսկի չէի իմանում՝ թե ինչպե՞ս պետք է ինձ պահեմ։ Գիտեի միայն, որ պետք է լինեմ այնպիսինը, ինչպիսին կամ։ Ինձ նույնիսկ փորձեցին մի գրքույկ տալ, որտեղ մոտավորապես գրված էին ինձ տրվող հարցերը, եւ մեկ ուրիշ գրքույկ էլ տվեցին, որտեղ գրված էին այդ հարցերի պատասխանները։ Պատկերացնո՞ւմ եք… Ասացի՝ էդ էր միայն պակաս… եթե ուզում եք, որ ձեր ուզածն ասեմ, ուրեմն ուրիշ նկարիչ հրավիրեք։ Ախր, արվեստն ու մարդը միշտ ներդաշնակ են, արվեստի գործին նայելիս կարելի է միանգամից հասկանալ, թե ինչ մարդ է դա ստեղծել։

– Իսկ չե՞ն փորձել ձեզ հուշել` ինչպիսի՞ գույներ օգտագործել կամ էլ ինչպիսի՞ վրձնահարվածներ կատարել։

– Այդպես եղել է սովետական ժամանակ, երբ բոլորը պետք է սոցռեալիզմի տրաֆարետով նկարեին։ Երբ ես առաջին անգամ 1965 թվականին ցուցադրեցի իմ նկարները, արդեն Խրուշչովի «ձնհալի» տարիներն էին, եւ կարծում եմ, որ իմ բախտը բերեց, որ այդ տարիներին սկսեցի ցուցադրվել։ Թբիլիսիում նկարիչներն ընդհանրապես միշտ շատ ազատ են եղել, նկարել են այն, ինչ ուզել են։ Երեւանում էլ էր այդպես։ Իսկ Ռուսաստանում՝ ոչ։

– Դուք վաճառելո՞ւ եք ձեր նկարները Հայաստանում։

– Դեռ չգիտեմ։ Ընդհանրապես վաճառում եմ, բայց հիմա գնորդներ չկան (ծիծաղում է.- Ն.Հ.)։ Նկարներ վաճառելը լուրջ աշխատանք է։

– Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը Մինասին ուղղված նամակներից մեկում գրել է՝ մի՛ վաճառեք նկարները, հետո ափսոսելու եք։ Դա այդպե՞ս է։

– Հայրիկիս մոտ ավելի սարսափելի էր ոչ թե այն, որ նա չէր ուզում նկարները վաճառել, այլ՝ այն, որ նա իր նկարները ոչնչացնում էր։ Եվ եթե նա դրանք վաճառեր, հիմա աշխարհում նրա նկարները շատ կլինեին։ Հիմա ընդամենը 150 նկար է պահպանվել, իսկ ոչնչացվել է ավելի քան 1500 նկար։ Այնպես որ, նրա խորհրդին հետեւել պետք չէ։ Հայրս ընդհանրապես շատ դժվար կյանք է ունեցել, իմ մանկությունն էլ շատ դժվար է եղել։

– Դուք շատ լուսավոր մարդ եք։

– Դե, փորձում եմ որքան կարելի է անկեղծ ապրել։ Իմ տանը միշտ երաժշտություն է հնչում՝ Բախ, Մոցարտ, Հենդել։ Հիմա մենք Թբիլիսիում շշմելու դասական կատարումներ հեռարձակող մի ալիք ունենք, «Մուսա» է կոչվում։ Ուղղակի ֆանտաստիկ ալիք է, որն, ասում են, բացել է Միխայիլ Սահակաշվիլիի հոլանդուհի կինը։ Եվ ես միացնում եմ այդ ալիքը, երաժշտություն եմ լսում ու աշխատում եմ։ Դա է իմ աշխարհը։ Եվ կարծում եմ, որ այդպես ապրելը շքեղություն է։ Երեւի բախտս բերել է, որ իմ հայրն ինձ սովորեցրել է փողի, բարիքների ետեւից «չընկնել»։ Քչերը կարող են այդպես ապրել, եւ գրեթե բոլորն ինձ, ինչպես ասում են՝ բարի նախանձով նախանձում են։

– Ճակատագիր ասածին հավատո՞ւմ եք։

– Համոզված եմ, որ եթե նույնիսկ ես բացարձակապես միլիոնատերերով շրջապատված լինեմ, միեւնույն է, իմ կյանքը դժվար է լինելու։ Դե, ուրեմն, դա իմ ճակատագիրն է, իմ ներսում այդպես է կոդավորված։ Ի՞նչ անեմ, չի ստացվում լավ ապրել։ Ես նույնիսկ բազկաթոռ չունեմ տանը։ Ուղղակի երազում եմ այնպիսի մի բազկաթոռ գնել, որի մեջ կարելի է փռվել եւ որը հարմար կլինի եւ՛ ողնաշարին, եւ՛ ձեռքերին եւ՛ … ամեն ինչին (ծիծաղում է.- Ն.Հ.)։ Դե չունեմ այդ բազկաթոռը, եւ չունեմ։ Գիտեք, մենք իրոք միշտ սարսափելի ենք ապրել։ Հայրս, կարծես թե, միշտ ամեն ինչ անում էր, որպեսզի փող չունենար։ Դե, այդպես էր ստացվում։ Բոլորը հայրիկիս ուղղակի պաշտում էին։ Հիշում եմ, որ Վրաստանի Մշակույթի նախարարությունը մեր տուն էր ուղարկել մի հաշվապահի, որն ուղղակի աղաչում էր թույլ տալ բոլոր փաստաթղթերը հավաքել, որպեսզի պետությունը կարողանա թոշակ տալ իրեն։ Հաշվապահը խնդրում էր, որ հայրս գոնե մեկ նկար պետությանը վաճառի, որպեսզի դրա հիման վրա բարձրացնեն նրա թոշակը։ Հայրս չուզեց, եւ շարունակեց երկու անգամ ավելի քիչ թոշակ ստանալ, քան կարող էր։ Ընդհանրապես շատ դժվար է նկարիչներին հասկանալ, գուցե նրանց մտածելակերպն է ուրիշ, անհասկանալի է շատերի համար։ Հայրս նույնկերպ երազում էր նման մի բազկաթոռի մասին, որն ինքը չէր կարող գնել։

Մենք ընդհանրապես ոչինչ չունեինք մեր տանը։ Եվ իմանալով հորս այդ երազանքի մասին, նկարչուհի Գայանե Խաչատրյանը, որն այն ժամանակ երիտասարդ աղջիկ էր, իր բազկաթոռն ուղարկեց հայրիկիս։ Եվ հայրս իր կյանքի վերջին տարիներին շատ գոհ ու երջանիկ նստում էր այդ բազկաթոռին։ Նրա մահից հետո մենք այդ բազկաթոռը ետ ուղարկեցինք։ Միայն այդ դրվագից արդեն կարելի է հասկանալ իմ հայրիկի էությունը։

– Շատ անհասկանալի ու ողբերգական ճակատագրի արժանացան նաեւ նրա կտավները, որոնք մի քանի տարի առաջ առեւանգվեցին Լավինիայի` Տերյան փողոցում գտնվող բնակարանից, իսկ գողերն այդպես էլ անհայտ մնացին։

– Երբ սկսում եմ այդ մասին խոսել, կանգնել էլ չեմ կարող։ Ինձ համար այնպիսի հսկայական ցավ է հայրիկիս նկարների կորուստը… Այստեղ ինձ ասացին, որ լավ կլինի այդ մասին չխոսել, որ դա կարող է վտանգավոր լինել։ Բայց ինչպե՞ս կարող եմ չխոսել, ինչպե՞ս կարող եմ անտարբեր լինել։ Ինձ համար դա ողբերգություն էր։

– Բոլորիս համար էր ողբերգություն։

– Ես գիտեմ, որ Հայաստանի համար դա ողբերգություն էր, այստեղ է այն հողը, որտեղ իմ հարազատ քույրն էր ապրում, որտեղից ներշնչվում էր հայրս։ Ես ինքս էլ Հայաստան գալով, կարծես կապանքներից ազատվեցի ու խորը շունչ քաշեցի։ Երբ իմացանք, որ հայրիկիս նկարները գողացել են, եղբայրս՝ Վազգենը, ասաց՝ Զուլեյկան հաստատ կմահանա, երբ իմանա այդ մասին։ Շատերը չեն կարող պատկերացնել, որ խոսքը ոչ թե նյութական արժեքների մասին է, այլ՝ հիշողության մասին է։ Թբիլիսիում ինձ մի մարդ նույնիսկ ասաց՝ դե, շատ մի մտահոգվի, փողը բոլորս էլ կորցնում ենք։ Ես ուղղակի զարհուրեցի, երբ հասկացա, որ մարդիկ կարող են այդպես պրիմիտիվ մտածել։ Ես միլիոնավոր անգամներ կարող էի վաճառել այդ նկարներն ու միլիոնավոր բազկաթոռներ գնել, բայց ես դա չեմ արել, հազիվ եմ ինձ զսպել, բայց չեմ արել։ Գերադասել եմ սեփական աշխատանքներովս վաստակել։ Հետո պարզվում է, որ հայրիկիս շեդեւրները, ամենալավ նկարները գողացել են։ Եվ ցավալին այն է, որ ես չգիտեմ, թե դրանք որտեղ են, ինչ պայմաններում են պահվում։ Ես ու քույրս մտածում էինք՝ ոչինչ, որ գողացվել են, բայց գոնե թող դրանք «կենդանի» լինեն։ Մեզ նյութական հատուցում հարկավոր չէր, մենք ուզում էինք, որ դրանք չոչնչացվեն, քանի որ հայրս առանց այդ էլ շատ քիչ նկարներ ունի։ Նրա նկարները շատ փխրուն են, մեկ հպումից անգամ կարող են փշրվել, ու ներկերը կարող են թափվել։ Հիմա դրանք ի՞նչ պայմաններում են պահվում, ո՞ւմ ձեռքերում են… Չեմ կարող լռել, քանի որ միշտ ասում եմ այն, ինչ մտածում եմ։

– Կարծում եմ, որ հիմա հենց այդպիսի մարդիկ են պետք։

– Երբ ինձ այցելեց Վրաստանում Հայաստանի դեսպանը, նա, կարծում եմ, շատ լավ հասկացավ, որ ես շատ եմ ներփակվել ինքս իմ մեջ։ Նա ասաց ինձ՝ ուզում եմ քեզ դուրս հանել այս փակ իրավիճակից։ Եվ ես նրան այդ բանի համար անասելի շնորհակալ եմ։ Ինձ հիանալի ընդունեց նաեւ Հայաստանի Մշակույթի նախարարությունը, մադամ նախարարը նույնիսկ ինձ համար սիրալիր թարգմանում էր, քանի որ հայերենի իմ չիմացությունը իմ մեծ ցավն է։ Այնպիսի ջերմություն զգացի այստեղ, որ ուղղակի ցնցվեցի։

– Հաճախ եկեք, մենք ձեզ սպասում ենք։

– Աստված տա, որ այդ ջերմությունը պահպանվի։ Գիտեք, հաճախ լինում է այնպես, որ մի բան վերելք է ապրում, իրավիճակը նմանվում է նրան, որ կոնֆետ ուտել ես ցանկանում, կամ էլ հակառակը՝ թթու վարունգ, բայց հետո այդ ցանկությունն արագ անցնում է։ Եվ մարդու նկատմամբ հետաքրքրությունը նույնպես կարող է արագ անցնել։ Ես բավականին հաստատուն նկարիչ եմ, իսկ Հայաստանում իմ նկարներն անծանոթ են, ես հիմա առաջին անգամ եմ այստեղ ցուցադրվում։

– Ձեզ հետ զրուցելիս, միանգամից պատկերացնում ես կենսուրախ, տաղանդավոր մարդկանցով լեցուն ու կոլորիտային Թիֆլիսը։ Այդ հին Թիֆլիսը դեռ պահպանվե՞լ է։

– Այն պատճառով, որ ես քաղաքի կենտրոնում չեմ ապրում (Թբիլիսիի կենտրոնը քանդեցին, ու կոլորիտն, իհարկե, կորավ), ես չեմ կարող հաճախ զբոսնել քաղաքով։ Ժամանակ էլ չունեմ։ Ինչո՞ւ գնամ ու պարզապես զբոսնեմ, եթե կարելի է աշխատել։ Ես էլ աշխատում եմ։ Կյանքը հիմա բոլորովին այլ ռիթմ ունի, հիմա շատ լավ է, ստեղծագործողն ազատ է, ինչպես ուզում ես, կարող ես նկարել։ Կարծես թե դա ամենաիդեալական վիճակն է։ Պարզապես հիմա մարդիկ գումար ծախսելու շատ մեծ հնարավորություններ ունեն, իսկ Սովետական Միությունում հակառակն էր. գումար կար, բայց գնելու բան չկար։ Հիմա գայթակղություններն են շատացել, ամեն ինչ կա, մնում է միայն փող աշխատել։ Իսկ եթե ուզում ես փող աշխատել, ուրեմն ինչ-որ տեղ գոնե մի փոքր, բայց անպայման պետք է հոգուդ հակառակ գնաս, ինչպես ասում են՝ «վիզդ ծռես»։ Ուրիշ կերպ չի լինի։