Երեկ մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` պահանջելով անհապաղ վերջ տալ Հայաստանի բնակչության նկատմամբ իրականացվող տեռորին: «Արտակարգ դրությունը հանելուց հետո ՀՀ իշխանությունները ծավալել են բռնությունների եւ ահաբեկումների նոր ալիք։ ՀՀ Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը որդեգրել են սովետական ԿԳԲ-ի մեթոդները եւ կազմակերպված ռեպրեսիաների են ենթարկում անպաշտպան մարդկանց: Քաղաքացիները օրը ցերեկով, առանց պատճառի եւ բացատրության, բռնի ուժով բերման են ենթարկվում Ոստիկանության բաժիններ, եւ նման բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր պատահական անցորդ: Ոստիկանությունում նոր միայն պարզում են նրանց ինքնությունը, փորձում ճշտել նրանց կողմից մարտի 1-ի հանրահավաքի մասնակցությունը, հոգեբանական ճնշման ենթարկում եւ ահաբեկում»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարությունը ստորագրել են «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ն, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը», «Կրթության ասպարեզը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Հույս» հ/կ-ն, «Մենք պլյուս» հ/կ-ն, «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ն եւ «Սկսելա» երիտասարդական շարժումը: