Պաշտոնական Բաքուն ուսումնասիրում է Մինսկի խմբի համանախագահների նշանակման եւ նրանց հետ կանչելու ընթացակարգը: Այդ մասին երեկ «Թրենդին» հայտնել է ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆուադ Իսմայլովը: «Խոսքը ոչ թե Մինսկի խմբի կազմի, այլ Մինսկի խմբի համանախագահների նշանակման եւ նրանց հետ կանչելու ընթացակարգը պարզելու կապակցությամբ ԵԱՀԿ-ին ուղղված մեր դիմումի մասին է»,- ասել է Իսմայլովը, որն Ադրբեջանի դեսպանն է ԵԱՀԿ-ում: Չորեքշաբթի օրն ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե Բաքուն դիմել է Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը՝ կոչ անելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Ես մեկ անգամ եւս կրկնում եմ, որ խոսքը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, այլ Մինսկի խմբի համանախագահների նշանակման եւ նրանց հետ կանչելու ընթացակարգը պարզելու մասին է, ինչը շատ կարեւոր տարբերություն է»,- ասել է Իսմայլովը՝ հերքելով Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի ցանկության վերաբերյալ տարածվող լուրերը: