«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հինգշաբթի օրը հինգուկես ժամ գտնվել է ՀՀ Գլխավոր դատախազությունում, որտեղ, ըստ նրա` մանրամասն դիտելով տարբեր տեսանյութեր, այդ թվում` «Ժառանգության» կողմից Դատախազությանն ուղարկված տեսաերիզը, համոզվել է, որ մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մոտ «ոստիկանական մեքենան ոչ ոքի վրաերթի չի ենթարկել»:
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` Ա. Բախշյանը հրավիրվել է Դատախազություն, քանի որ գլխավոր դատախազն օրենքով սահմանված կարգով ընթացք է տվել Ա. Բախշյանի ուղարկած բաց նամակին, եւ այն քննարկման եւ ստուգման նպատակով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Դրա շրջանակներում պատգամավորը վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է մարտի 18-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված բաց նամակին, որտեղ Ա. Բախշյանը մի շարք հարցադրումներ էր հնչեցրել` կապված այդ միջադեպի հետ: Անահիտ Բախշյանը, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազից պահանջում էր պատասխանել, թե ինչպե՞ս են իրավաբանորեն կոչվում այն հազարավոր մարդիկ, որոնց «Դուք նույնպես կտեսնեք տեսաֆիլմերում, եւ ովքեր Երեւանի քաղաքապետարանին, կամ Մոսկվայի տանը, կամ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ակնդետ հետեւում են բազմության մեջ մխրճվող ոստիկանական մեքենային, կամ Ֆրանսիական դեսպանատան ու Սունդուկյանի անվան թատրոնի մոտ մազապուրծ փախչում իրենց վրա եկող ավտոմեքենայի առջեւից»: Կամ` «ի՞նչ իրավական գնահատական կտաք ոստիկանական մեքենայի վարորդի արարքին, երբ նա նման մարդաշատ վայրում եւ նման արագությամբ մխրճվում է մարդկային հոծ բազմության մեջ, եւ ո՞վ պետք է կրի նրա կողմից ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը»:
Նա նաեւ հետաքրքրվել էր` հայտնաբերվե՞լ է արդյոք այդ ոստիկանական մեքենայի վարորդը, հարցաքննվե՞լ է, ի՞նչ է պատճառաբանել, եւ ո՞րն է եղել մեքենայով բազմության մեջ մտնելու նրա նպատակը, եւ այլն: Այս նամակի հետ Ա. Բախշյանը Դատախազություն էր ուղարկել նաեւ մի տեսասկավառակ, որը, ըստ «Ժառանգության»` «հիմնավորում էր, որ մարտի 1-ին Ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին»: Նաեւ ընդգծել էին, թե դա «աննշան ցանկության դեպքում կտեսնեք տեսանկարահանումներից մեկում»: «Այո, ես գնացել եմ, տեսաերիզը միասին դանդաղեցված նայել ենք: Իմ բաց նամակում բարձրացված հարցերից յուրաքանչյուրը մենք այնտեղ շատ հանգամանալից քննարկել ենք: Ոչ միայն մեր ներկայացրած տեսաերիզը դիտեցինք, այլեւ իրենց մոտ եղած բոլոր տեսագրությունները` տարբեր տեսադաշտերից նկարահանած: Հարցաքննության արդյունքում ես համոզվեցի, որ իսկապես վրաերթ չի եղել: Խոսքը տեսաերիզի մասին է: Չգիտեմ` ինչ, որտեղ, բայց տեսաերիզում նման բան չի եղել»,- մեզ հետ ունեցած զրույցում ասաց Ա. Բախշյանը: Սակայն Ա. Բախշյանն այդ տեսաերիզները դիտելուց հետո, թերեւս, չվստահելով քննչական մարմնին, ասել է. «Մեր ունեցածը գնանք-բերենք: Եթե բերեն, եւ ես նորից տեսնեմ, որ նման բան չի եղել, ես ձեզանից ներողություն կխնդրեմ: Եվ ես վերջում ներողություն խնդրեցի, ի՞նչ է եղել: 40 րոպե սպասեցին` մեր գրասենյակից բերեցինք մեր ունեցած տարբերակը, եւ դա էլ նայեցինք դանդաղ ընթացքի մեջ, այդպես նայելու դեպքում ամեն ինչ պարզ երեւում է: Երբ սովորական ընթացքի մեջ է, թվում է, թե (հիմա ասում եմ` թվում է, իսկ այն ժամանակ ասում էի` տես, խփեց) մեքենան խփեց, մարդ ընկավ: Բայց դանդաղեցրած երեւում է, որ մարդը հետ-հետ գնաց, բայց չընկավ: Մենք չէինք մտածել այդ տեսաերիզը դանդաղեցրած դիտել: Ասում էին՝ մեքենան մի կնոջ է խփել, ով ուշագնաց է եղել, մի տղամարդու է խփել…Պարզվեց՝ այդ կինն ուրիշ բանից էր վատ զգացել, իսկ տղամարդու մասին ասացին, թե այն հասցեն, որը տվել էին, այնտեղ այդպիսի մարդ չի եղել: Մենք այդ հարցերն էլ էինք ուղղել իրենց, բայց հիմա ասում ենք` փառք Աստծո, որ վրաերթ չի եղել»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը` ավելացնելով, թե որեւէ մեկն այդ ժամանակ չի տուժել: Ի պատասխան մեր հարցին, թե` այդ դեպքում ինչո՞ւ էր Ոստիկանության մեքենան շարժվել ժողովրդի ուղղությամբ, նա ասաց. «Ժողովուրդը քաղաքապետարանի մոտ հարձակվում էր ոստիկանների վրա եւ ծեծում նրանց, եւ ոստիկանները ինքնապաշտպանության նպատակով նստել են մեքենաները եւ քշել: Ուղղակի ինչո՞ւ հենց այդ ուղղությամբ, արդյոք ուրիշ ճանապարհ չկա՞ր»,- նկատում է Ա. Բախշյանը:
Պատգամավորի ասելով, երբ հարցաքննության ժամանակ ինքը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ էր այդ դեպքում ժողովուրդը փախչում այդ ավտոմեքենայից, քննիչն իրեն հակառակ հարցն է տվել. «Ինձ ցույց տալով դրվագները, ասում էին` հիմա մեքնենա՞ն է մարդկանց հարվածում, թե՞ մարդիկ են մեքենային հարվածում: Ես ասացի, որ տեսնում եմ, որ արժանապատվությունը խորապես վիրավորված, գազազած մարդիկ են, որոնք խփում են մեքենային: Եվ ոչ միայն: Դրանից առաջ էլ ինձ ցույց տվեցին, թե ինչպես են ծեծում ոստիկաններին: Հարցնում էին` իսկ սրանք ովքե՞ր են: Նորից նույնն էի ասում: Բայց երբ հարցնում էինք` ինչո՞ւ մեքենան մտավ ժողովրդի մեջ, դա սադրա՞նք էր, ասացին` նայեք ու ասեք, թե ինչպես է եղել: Մենք նայեցինք եւ տեսանք, որ ոստիկաններին ծեծում են, նրանք մի կերպ հաջողացնում են փախչել, նստել մեքենան եւ շարժվել, որպես ինքնապաշտպանություն: Ես դա էլ եմ տեսել: Ստացվեց` ժողովուրդը ծեծում էր խեղճ ոստիկաններին, եւ նրանք էլ ուրիշ ճար չունենալով, վազեցին-նստեցին մեքենան ու քշեցին: Բայց ես ուրիշ հարց տվեցի նրանց` ասելով, անձամբ ես այդ հրապարակում սաղավարտներով, մահակներով բազմաթիվ ոստիկաններ եմ տեսել, նրանք ո՞ւր էին, որպեսզի թույլ չտային նման բան, ինչո՞ւ պետք է պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը պաշտպաներ ոստիկանին: Ասացին՝ այդ մասին չենք խոսում: Նրանք պատճառահետեւանքային ոչ մի հարցադրման չէին պատասխանում: Չէին պատասխանում, թե ինչու էին մարդիկ այդքան խոցված, վիրավորված»: