«ՀՀ կառավարությունը պետք է վերացնի հավաքների ազատության նոր սահմանափակումները եւ դադարեցնի բողոքի խաղաղ ցույցերին մասնակցող ընդդիմության կողմնակիցներին բերման ենթարկելը»,- այս մասին նախօրեին հայտարարել է հեղինակավոր «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Ըստ կազմակերպության` մարտի 25-27-ը Ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն 80 մարդու, որոնք մասնակցել են Երեւանի կենտրոնում անցկացվող բողոքի խաղաղ ցույցերին` «ժողովրդական զբոսանքներին»: «ՀՀ կառավարությունը պետք է թույլ տա խաղաղ ցույցերը, այլ ոչ թե արգելի դրանք: Նոր սահմանափակումները գործնականում խաղաղ ցուցարարներին պատժում են մարտի 1-ին տեղի ունեցած բռնությունների համար»,- հայտարարել է «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Հոլի Քարթները: Ըստ կազմակերպության տարածած հայտարարության` հավաքների ազատությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունները, որոնք ԱԺ-ի կողմից ընդունվել են մարտի 18-ին, անորոշ են եւ չեն համապատասխանում ՀՀ ստանձնած պարտավորություններին: «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որին Հայաստանը միացել է, երաշխավորում է հավաքների ազատությունը, եւ կառավարությունը չի կարող անխոհեմ սահմանափակումներ մտցնել այդ իրավունքի նկատմամբ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խաղաղ հավաքների իրավունքը նկարագրել է որպես «ժողովրդավարական հասարակության հիմքերից մեկը» եւ բազմաթիվ առիթներով հաստատել է, որ անհատները չեն կարող կորցնել խաղաղ հավաքների իրենց իրավունքը որեւէ ցույցի ընթացքում այլոց պատժելի արարքների պատճառով»,- ասված է հայտարարությունում: Իրավապաշտպան կազմակերպությունը նաեւ ընդգծել է, թե ՀՀ իշխանությունները, օգտվելով այդ օրենսդրական փոփոխություններից, առնվազն 6 անգամ մերժել են Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու` ընդդիմադիր կուսակցությունների հայտը: «Կառավարությունը իր մերժումը հիմնավորում է այն ենթադրությամբ, որ մարտի 1-ի բռնությունների մասնակիցները կարող են մասնակցել նաեւ հետագա հանրահավաքներին»: