ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ երեկ երեկոյան Զբոսանքի ակցիայի շրջանակներում կրկին որոշել էին զբոսնել Հյուսիսային պողոտայում: Հիշեցնենք, որ մարտի 26-ի ժամը 18:00-ից Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները «քաղաքական» զբոսանք-ակցիա են անցկացնում Հյուսիսային պողոտայում:
Իրավապահներն էլ արդեն սովորականի պես զբաղված էին զբոսնելու դուրս եկած մարդկանց առանց որեւէ պատճառաբանության բերման ենթարկելով: Եթե նախորդ օրերին շատերը փորձում էին հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում ոստիկանները մարդկանց բերման ենթարկելիս, ինչպե՞ս են ընտրում հերթական «զոհին», ապա երեկ վերջնականապես պարզ դարձավ, որ որեւէ տրամաբանություն այնտեղ փնտրելն իմաստ չունի: Ոստիկաններն ուղղակի ամեն օրվա համար բերման ենթարկվածների գլխաքանակ են ապահովում: Այդ մասին էին վկայում ոստիկանների զրույցները միմյանց հետ, որոնցից մեկն, օրինակ, ուներ մոտավորապես հետեւյալ բովանդակությունը:
Ոստիկան 1- Արի մի երկու հոգու էլ ներքեւից տանենք:
Ոստիկան 2- Չէ, արա, միտինգավորները վերեւն են: Ճիշտ կըլնի էնտեղից տանենք:
Ու մինչ ոստիկանները որոշում էին, թե որտեղից տանեն, զբոսնող երիտասարդներից ոմանք մնջախաղ էին խաղում: Այս խաղը երեւի ոստիկաններին շատ էր հետաքրքրել. նրանք ուշադիր հետեւում էին դրան ու թերեւս փորձում գուշակել, թե ինչ բառ է փորձում ներկայացնել հերթական խաղացողը: Առաջարկ եղավ խաղալ լայն տարածում ունեցող եւս մի խաղ, սակայն, թերեւս, նկատի ունենալով այն, որ այդ խաղի անվանումը ոստիկանները կարող են սադրիչ որակել՝ «միլիցա» բառը ոչ ճիշտ կոնտեքստում օգտագործելու համար, առաջարկը լայն արձագանք չգտավ: Մինչ երիտասարդները խաղում էին, ոստիկաններից ոմանք այդ ընթացքում բերման էին ենթարկում Հյուսիսային պողոտայով զբոսնողներից ոմանց: Երեկ այդ պողոտայում զբոսնում էր նաեւ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս նշեց, թե այսուհետ ամեն օր երեկոյան ժամերին զբոսնելու է այդտեղ: Իսկ ոստիկանները երեկ իրենց գործողություններով իրենք իրենց դրեցին բավականին անհեթեթ վիճակում: Ժամը 19:40-ի մատույցներում երեք հոգի, որոնցից երկուսը՝ քաղաքացիական հագուստով, Հյուսիսային պողոտայի «ներքեւից» փորձել էին բերման ենթարկել մի կնոջ: Վերջինս առարկել էր եւ բարձրացել վերեւ՝ լրագրողներին ներքեւ հրավիրելու համար: Մինչ հասանք պողոտայի ներքեւի հատված, պարզվեց՝ ոստիկաններն արդեն տարել են նրա ամուսնուն: Կինը պատմեց, որ ինքն իր ամուսնու եւ քրոջ հետ զբոսնում էր պողոտայի վերջնամասում, եւ ոստիկանների կողքով անցնելիս լսել են հետեւյալ խոսակցությունը. «Հիմա ասա, ո՞ւմ շալակեմ-տանեմ»: «Հեսա, սրանց»,- պատասխանել է ոստիկաններից մյուսը: Եվ քաղաքացիներին «շալակելու» ցանկություն հայտնած անձը, ով, ինչպես պնդում էր այդ կինը, հարբած է եղել, մոտեցել է ու փորձել «շալակել» այդ կնոջը: Երբ նրանք առարկել են՝ փորձելով պարզել, թե իրենց ուր եւ ինչու են տանում, նրանց ասել են՝ «դուք Դավիթաշենում եք ապրում, բայց 4 օր ա էստեղ եք, ինչի՞ եք գալիս»: Իսկ երբ կինը հետաքրքրվել է, թե մի՞թե Հյուսիսային պողոտա մուտքը միայն սահմանափակ թվով մարդկանց համար կամ հատուկ հրավերով է, ոստիկանը նրանից պահանջել է… անձնագիրը: Ի դեպ, բերման ենթարկվելու լուրջ վտանգի տակ կարող են հայտնվել նաեւ երիտասարդ այն զույգերը, ովքեր որոշել են համբուրվել Հյուսիսային պողոտայում: ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյանը վստահեցրեց, որ Հյուսիսային պողոտայում համբուրվելն ամենեւին էլ օրենքի խախտում չէ ու երիտասարդ զույգերին խորհուրդ տվեց հանգիստ համբուրվել այդ պողոտայում: Երեկ ընդհանուր առմամբ բերման ենթարկվեց 10 մարդ, որոնցից 4-ը՝ կանայք: Երեկ արդեն երկրորդ անգամ ոստիկանները «տարան» ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդուն՝ Արսեն Խառատյանին՝ հավանաբար ծանրացուցիչ հանգամանքներում առանձնակի դաժանությամբ չարտոնված մնջախաղ խաղալու համար: Արսենին երեկ մի պահ բաց են թողել, սակայն երբ նա մոտեցել է դրսում իրեն սպասող ընկերներին, նրան կրկին հետ են կանչել ու նորից «տարել»: Քիչ անց Ա. Խառատյանին տեղափոխել են ոստիկանական մեքենա: Այս անգամ նա արդեն ձեռնաշղթաներով է եղել: