Բնակարանը գնելուց հետո միայն պարզվեց, որ նրա նախկին տերն այն վաճառել է
ստիպված, կազինոյում տանուլ տված գումարի պարտքը մարելու համար:
Մտադրությամբ, որ հետագայում ամեն միջոց եւ ջանք գործադրելով այն ետ
կվերցնի ավելի ցածր գնով, քան վաճառել էր, ըստ մշակված ծրագրի, որի
մասնակիցներն էին մուտքի բնակիչները եւ էլցանցի «Նոր Նորք» մասնաճյուղի
որոշ աշխատողներ: Հետագայում պարզվեց, որ նաեւ՝ բնակշահագործման
գրասենյակն էլ, քանի որ նրա անձնագրավարուհին 2,5 տարի ինձնից գաղտնի
նախկին բնակիչներին դուրս չէր գրել գրանցումից: Մուտքը, որում ես գնել էի
բնակարանը, ինքնավար ավտոնոմիա էր, այն առանձնացված էր շենքից, ինչպես
ջրամատակարարմամբ, այնպես էլ էլեկտրասնուցմամբ: Նկարագիրը տես իմ թիվ
170402, 52 դիմումի մեջ, որը հասցեագրել էի ինչպես էլցանցին եւ
Էներգետիկայի նախարարությանը, այնպես էլ Ավան եւ Նոր Նորք համայնքների
դատախազությանը, որոնց կողմից արհամարհվեց եւ մնաց անպատասխան: Ինչ
վերաբերում է Սպառողների միությանը, որին ես դիմել էի օգնության ձեռք
մեկնելու խնդրանքով, նա եւս չկատարեց ինքնակամ իր վրա վերցրած
պարտականությունը, տրամաբանելով երեւի, որ ինչպես ես, այնպես էլ գողերը,
սպառողներ ենք: Միաժամանակ հարկ եմ համարում նրա իրավաբան տիկին Ն.
Հովհաննիսյանին թեթեւակի նախատել, որ սուտ խոսելը լավ բան չէ, ամոթ է,
ամոթ: Ստիպված թիվ 916 գրությամբ նորից դիմեցի էլցանցի տնօրենին, այս
անգամ՝ նրա մայրենի լեզվով, քանի որ հայերենները նրան թարգմանում են,
ինչպես ցանկանում են: Դարձյալ լռություն: Ճարահատյալ դիմեցի հանրային
ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, կասկածանք հայտնելով, որ
դիմումս հասցեատիրոջը չի հանձնված: Եվ իրոք, այն պահվել էր ցանցի
Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության ծառայության ղեկավարի մոտ,
որը սպասել էր իրադարձությունների հետագա զարգացմանը: Երբ հոկտեմբերի
29-ին էլցանցից ծրար ստացա գլխավոր տնօրենի անունից եւ նրանում հիշատակվող
իմ դիմումի պատասխանը՝ թիվ 960 գրությունը, տեխնիկական տնօրենի անունից
երկուսն էլ առանց ստորագրության էին: Այս ամենից հետո մեկնաբանումները
համարում եմ ավելորդ:
Նոր Նորքի 5-րդ զանգված, Միկոյանի 15 շենք, բն. 27
Ռաֆիկ Սմբատի Մազմանյան