«Սերժ Սարգսյանն առաջին հերթին պետք է ձերբազատվի օլիգարխներից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը` վստահեցնելով, որ հենց այդ քայլն է Հայաստանում ստեղծված իրավիճակը փոխելու դեղատոմսը: Հարցին, թե` Ս. Սարգսյանը կարո՞ղ է ձերբազատվել օլիգարխներից, եթե նրանց օգնությամբ է դարձել նախագահ, Տ. Կարապետյանը պատասխանել է. «Ոչ թե ձերբազատվի, այլ ասի` հերիք եղավ, բոլ եղավ: Նա կարող է այդպես ասել եւ պետք է ասի, որ հերիք է, ինչ հարկեր չմուծեցին եւ արտոնյալ եղան, պետք է այժմ արդեն սկսել օրինական դաշտում աշխատել: Բոլոր պետությունները հասել են այդ սահմանին, երբ ասվել է` հերիք ու բոլ է: Օլիգարխները այնքան փող են կուտակել, որ ժամանակն է արդեն իրենց փողը ներդնեն այս կամ այն տեղերում, ոչ թե ժողովրդի փողը»: Ըստ Տ. Կարապետյանի` ընդդիմությունը կհամաձայնի երկխոսության գնալ իշխանությունների հետ, եթե իշխանություններն ազատ արձակեն ձերբակալվածներին: Իսկ ձերբակալվածների ազատ արձակումից հետո, ըստ Կարապետիչի` ընդդիմությունը պետք է պահանջի լուծարել խորհրդարանն ու նոր ընտրություններ անցկացնել: «Դա կլինի բարոյական քայլ, որովհետեւ ներկայիս խորհրդարանը ձեւավորվել է անբարոյական ձեւով»,- ասաց նա` վստահեցնելով, թե այսօր Ս. Սարգսյանի համար անխուսափելի քայլ է նաեւ կառավարության կազմի 80 տոկոսի փոփոխությունը: Նա հրաժարվեց ասել, թե կոնկրետ կառավարության որ անդամներին պետք է փոխի Սերժ Սարգսյանը` նշելով. «Պետք է ազատվել նեգատիվ ընկալում ունեցող անձանցից: Օրինակ` կարող եմ ասել, որ ժողովուրդը դժգոհ է տարածքներից»: Անդրադառնալով ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հայտարարությանը, թե պատասխանատվության է ենթարկելու Տ. Կարապետիչին` «Արթուր Բաղդասարյանի դոշից կախ» արտահայտության համար, որը տեղ է գտել նրա ստեղծագործություններից մեկում, նա ասաց. «Եթե հարգարժան Հ. Բիշարյանը համաձայնի իմ հետ մտնել դատարան, ապա ես շնորհակալ կլինեմ դրա համար, դա կընդունեմ որպես պարծանք` չարի դեմ պայքարելու համար»: Իսկ ինչ վերաբերում է Հ. Բիշարյանի նախօրեին հրավիրած ասուլիսին, ապա Տ. Կարապետիչն ասաց, որ ինքը զարմացած է, քանի որ` «Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե ԱԺ պատգամավոր է խոսում, այլ` ժէկի աշխատող»: