Միսսերի եւ միստերների պատմությունից

30/03/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր թերթի նախկին համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ոմն Աշոտ Խաչատրյան հերյուրանքներով ու վիրավորանքներով լի մի անգրագետ նամակ էր ուղարկել մի շարք ԶԼՄ-ների՝ հայտարարելով, որ իբր «3 Միլիոն» ամսագիրն՝ ի դեմս գլխավոր խմբագրի, զբաղված է հասարակությանը մոլորեցնելով, սեփական շահադիտական նպատակները բավարարելով եւ իր իրավունքները խախտելով։ Մտածում էինք՝ անդրադառնա՞լ այս մարդուն, թե՞ ոչ, որովհետեւ ոչ նրա «հավեսն» ունենք, ոչ էլ նրա PR-ն անելու ցանկություն։ Սակայն որոշ պարզաբանումներ կտանք, քանի որ վերջինս դիմել է իրավապահ մարմիններին` քրեական բնույթի մի շարք մեղադրանքներ ներկայացնելով մեր նկատմամբ:

Ո՞վ է Mister Խաչատրյանը

Դժվար է ասել։ Որքանով մենք հասկացանք՝ «Միսս եւ Միստր» բարեգործական կազմակերպության նախագահն է եւ աշխարհի ամենաշատ պաշտոններ ունեցող մարդը։ Բացելով նրա կայքէջը՝ կարող եք գտնել մի քանի տասնյակ կազմակերպությունների անուններ, որոնց տնօրենն է։ Ըստ ամենայնի՝ շա՜տ աշխատասեր եւ անսպառ էներգիայի տեր մի անձնավորություն է։ Ու, որքանով մենք հասկացանք՝ հիմնականում իր գործն անում է միայնակ։ Ի դեպ, միայնակության մասին. իր կայքէջում տեղադրված մի քանի տողանոց CV-ի վերջում գրված է «I AM SINGLE» (ես միայնակ եմ, կամ՝ ամուսնացած չեմ)։ Ինչեւէ…

Ի՞նչն է զայրացրել Mister Խաչատրյանին

Զայրացրել է այն, որ «3 Միլիոն» ամսագիրը երեխաների ֆոտոմրցույթ է անցկացնում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ կարծում է, թե Հայաստանում երեխաների գեղեցկության մրցույթներ կարող է անցկացնել միայն ինքը։ Զայրացրել է նաեւ այն, որ ԶԼՄ-ներում անոնսների մեջ մենք հայտարարել ենք «Միսս եւ Միստր 3 Միլիոն՝ երեխաների համար» մրցույթի մասին։ Նրա կարծիքով, օգտագործելով «Miss» եւ «Mister» բառերը՝ յուրացրել ենք իր ֆիրմային անունը, օգտագործել իր ապրանքային նշանը եւ, ի վերջո, կոտրել նրա սիրտը։ Մեջբերենք մի հատված նրա հայտարարությունից (ի դեպ՝ մենք արտատպել ենք այդ հատվածն այնպես, ինչպես կա՝ խնայելով մեր եւ մեր սրբագրիչի ժամանակը)։ «Այսպիսով, «3 միլիոն ամսագիրը խախտելով մեր ֆիրմային անվանումը առ այսօր կեղծ գովազդ իրականացնելու միջոցով կանխամտածված մոլորեցնելով հասարակության ստվար զանգվածներ արդեն իսկ կատարել է օրենքով արգելված արարքներ՝ նախատեսված ՀՀ քր. օրենսգրքի 158հ-ի Հեղինակային եւ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործել կամ հեղինակությունը յուրացնելը, ինչպես նաեւ 159հ-ծի Արտոնագրային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ մինչեւ այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություններ տարածելը կամ հեղինակությունը յուրացնելը եւ 197հ-ծի Ապրանքային նշանը, սպասարկման նշանը, ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործելը»։ Կարդացի՞ք։ Դե ոչինչ, կետադրական սխալները ներելի են։ Աններելին փաստերի աղավաղումն է կամ… Եկեք վերջից սկսենք։

Ֆիրմային անվանումների մասով

Եվ այսպես, նա մեզ մեղադրում է իր ֆիրմային անվանումն օգտագործելու մեջ։

Այսինքն՝ նշելով «Միսս եւ Միստր 3 Միլիոն»՝ մենք օգտագործել ենք Աշոտ Խաչատրյանին պատկանող ֆիրմային անուն։ Պարզ է՝ «3 Միլիոնը» նրանը չէ։ Մնում է՝ «Միսս եւ Միստրը»։ Սակայն որքան էլ որ հիմա ընթերցողի համար զարմանալի հնչի, «Միսս եւ Միստր» ֆիրմային անվանում՝ որպես այդպիսին, մենք չգտանք Մտավոր սեփականության գործակալության՝ ֆիրմային անունների տվյալների բազայում։ Այսինքն, ֆիրմային անունների մասով այս ամենը փուչիկ է։ Անցանք առաջ։

Սպասարկման նշանների մասով

Ա. Խաչատրյանը նաեւ պնդում է, որ մենք ապօրինի օգտագործել ենք իր սպասարկման նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման այլ նշան։ Ապրանքային նշանները նույնպես գրանցվում են Մտավոր սեփականության գործակալությունում։ Պրն Խաչատրյանի անվան դիմաց գրանցված է «miss» բառը պարունակող 2 ապրանքային նշան՝ 1. ՄԻՍՍ ԵՎ ՄԻՍՏՐ ԱՇԽԱՐՀ-ՋՈՒՆԻՈՐ եւ 2. ՄԻՍՍ ՄԻՍՏՐ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ։ Մեր գովազդային անոնսում նշվել է «ՄԻՍՍ ԵՎ ՄԻՍՏՐ 3 ՄԻԼԻՈՆ», ինչը միայն պրն Խաչատրյանը կարող էր շփոթել «ՄԻՍՍ ԵՎ ՄԻՍՏՐ ԱՇԽԱՐՀ-ՋՈՒՆԻՈՐ» կամ «ՄԻՍՍ ՄԻՍՏՐ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ» արտահայտության հետ։ Ինչ վերաբերում է կոնկրետ «ՄԻՍՍ ԵՎ ՄԻՍՏՐ» արտահայտությանը, ապա այն առանձին՝ որպես ապրանքային նշան, գրանցված չէ։ Այդ բառերը Ա. Խաչատրյանը չի հորինել։ Դա նույնն է, եթե ինչ-որ մեկը գրանցի բառարանում զետեղված ցանկացած երկու բառ՝ ասենք՝ «տանձ ու խնձոր», եւ սկսի դատի տալ բոլորին՝ սկսած տանձ ու խնձոր վաճառողներից՝ վերջացրած իրենց բանաստեղծություններում «տանձ, խնձոր» բառերն օգտագործած մանկագիրներից։ Այսպիսով, արդեն ունենք երկրորդ փուչիկը։ Անցանք առաջ։

Հեղինակային իրավունքների մասով

Մեջբերենք եւս մի «հանճարեղ» պատառիկ Ա. Խաչատրյանի հայտարարությունից. «Նախապես քաջատեղյակ լինելով այն մասին, որ 3-ից 17 տարեկան երեխաների գեղեցկության մրցույթ-փառատոն (ֆոտոմրցույթ, վիրտուալ) անցկացնելու բացառիկ հեղինակային իրավունքը Արդարադատության նախարարության, ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալության, ՀՀ արտոնագրային վարչության, Աշխարհի բազմաթիվ երկրների իմ հեղինակային իրավունքի ճանաչման փաստով, դատարանի վճռով պատկանում է «Միսս եւ Միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Ա. Խաչատրյանին…»։ Այս արտահայտությունը լսելիս՝ ոլորտի օրենքներից տեղյակ մարդիկ տարակուսում էին՝ ինչպես կարելի է նման անհեթեթ բան ասել։ Բանն այն է, որ գեղեցկության, եւ ընդհանրապես՝ մրցույթներ անցկացնելու հեղինակային իրավունքը չի կարող որեւէ մեկին պատկանել։ «Մրցույթները հեղինակային ստեղծագործություններ չեն, հետեւաբար դրանք հեղինակային իրավունքի օբյեկտներ չեն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հայ հեղինակ» կազմակերպության նախագահ Սուսաննա Ներսիսյանը: Հիմա պա՞րզ է, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե փուչիկի, այլ օդապարիկի հետ։ Երեխաների մրցույթ անցկացնելու իրավունքը ոչ ոք չի կարող սեփականաշնորհել, առավել եւս՝ Ա. Խաչատրյանը։ Այդպիսի մրցույթներ կազմակերպվել են դեռ այն ժամանակ, երբ նա մասնակցում էր այբբենարանի հանդեսին։ Այնպես որ, որքան էլ ծանր լինի լսելը, երեխաների գեղեցկության մրցույթ կազմակերպելու միտքը առաջինն ամենեւին էլ պրն Խաչատրյանի հանճարեղ ուղեղում չի ծագել։ Եթե այդպես լիներ, մենք երեւի մայրաքաղաքում Ա. Խաչատրյանի անվան փողոց կունենայինք՝ մարդկության պատմության մեջ ունեցած իր աննկարագրելի ներդրման համար։ Շատ ափսոս։

Վարագույր

Ահա այսպես, ստիպված ենք ավարտել այս ուրախ եւ միաժամանակ տխուր թեման։ Ուրախ՝ որովհետեւ առաջին հայացքից այս ամենը միայն ծիծաղ է առաջացնում։ Տխուր՝ որովհետեւ նման անհեթեթ բաների պատճառով ծախսվում է մեր ժամանակն ու վնասվում նյարդերը։