Հակակշիռներ եւ զարգացում

30/03/2008 Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Մինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու եւ երկրի անվտանգություն, իսկ առավել եւս կայուն զարգացում` առանց գործուն հակակշիռների ձեւավորման: Հակակշիռներ, որոնք կներդաշնակեն եւ կհավասարակշռեն յուրաքանչյուրի իրավունքն ու պատասխանատվությունն` անկախ սոցիալական դրությունից, նյութական եւ քաղաքական տարբեր կարգավիճակներից:

Հակակշիռ առաջին: Խոստովանենք, որ միշտ չէ (եթե ոչ` հարադեպային), երբ պետության գործառույթների ձախողումը որեւէ ոլորտում ստանում է հասարակության համարժեք արձագանքը: Իրենց հերթին, անարձագանք, անհետեւանք, որ գրեթե նույնն է` անպատիժ ձախողումներն ու չարաշահումները, շարունակվելով, դառնում են հանրային կենսակերպ եւ ուղեկցվում կամ անտարբերությամբ, կամ էլ անգամ հավանության արժանանում քծնողների եւ շողոքորթների շրջանում: Այս իմաստով կարեւորագույն հակակշիռը, որի ձեւավորումը հենց մեզնից է կախված, ազգային հավաքական պահանջկոտությունն է: Պատկերավոր ասած, դրա բացակայությունն էլ հենց, եթե ոչ այսօրվա իրավիճակի հիմնական պատճառներից, ապա դրա մեղսակիցն ու հովանավորն է:

Հակակշիռ երկրորդ: Հավաքական պահանջկոտությամբ է հնարավոր ձեւավորել ոչ միայն ժողովրդին ծառայող իշխանություն, այլեւ այդ իշխանությանն այդպիսին դարձնող իրական մրցակցին` սկզբունքային, լայնախոհ եւ բանիմաց ընդդիմությանը, որն այլ խոսքով ընդունված է կոչել՝ «կառուցողական» ընդդիմություն: Մեր համոզմամբ, մեզ հավասարապես անհրաժեշտ են եւ լավ իշխանություն, եւ լավ ընդդիմություն` երկրի եւ ազգի զարգացման շարունակականությունն ապահովելու համար: Անգլիայի փորձը մեզ համար խիստ ուսանելի է. այնտեղ ասում են նորին գերազանցության` թագուհու Կառավարություն եւ նորին գերազանցության` թագուհու Ընդդիմություն: Այսինքն, ընդդիմությունը միշտ պետք է պատրաստ լինի իշխանությանը փոխարինել` ծրագրերի ձախողումների կամ այլ անհրաժեշտության պարագայում: Եթե կուզեք, առողջ, կառուցողական ընդդիմություն լինելը պակաս պատվաբեր չէ, քան իշխանություն լինելը: Ավելին, դա երկրի ձեռքբերումներից մեկն է եւ որոշակի կապիտալ:

Հակակշիռ երրորդ: Ազգային ժողովրդավարական պետության կայացման մեջ պատշաճ դերակատարություն կարող է ստանձնել ազգային էլիտան: Ցավալի է, որ առանձին մտավորականներից այդպես էլ չձեւավորվեց ժամանակակից ազգային էլիտան: Սա շատ կարեւոր գործոն եմ համարում: Ազգային էլիտայի բացակայության պայմաններում, որոշ քաղաքական գործիչների ճշմարտանման ճառերը եւ հասարակ մահկանացուներին հաճոյանալու վարքագիծը մարդկանց մոլորեցնող են լինելու: Հասկանալի է, որ միջավայրն է ծնում այդպիսիներին, իսկ լռությունն ու անտարբերությունը` ոգեւորում նրանց: Սակայն, հասկանալի է նաեւ, որ զգոնությունն ու համարձակ քաղաքացիական կեցվածքը կարող է լինել հակակշիռ հիշյալ երեւույթներին: Ի վերջո, պետք է հունցվի-ձեւավորվի հասարակության այն խավը, որն իրեն երկրի տերը կզգա եւ անկողմնակալ կկարողանա իր խոսքն ասել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը եւ թե՛ քաղաքական որեւէ համակրանք չունեցողներին:

Հակակշիռ չորրորդ: Մեզանում մոլախոտի պես բազմացել են ամենատարբեր արատները. սկսած տնտեսական հանցագործություններից, կաշառակերությունից, կադրային անխոհեմ քաղաքականությունից` վերջացրած մենաշնորհներով եւ կլաններով: Մինչ օրս դրա մասին խոսել են եւ արատներից տուժածները, եւ, որքան էլ զավեշտական թվա, արատներ սերմանողները. նրանք, ովքեր հաշված ժամերում կարող են արմատախիլ անել դրանք: Տպավորություն է ստեղծվում, որ ձեւավորվել է խավարն անիծողների հասարակություն, քանզի մինչ օրս այդ հասարակության առաջնորդները զլացել են մոմ վառել: Նախ, ընդունվող օրենքներում, իրավունքներ սահմանելով, պետք է նշվեն նաեւ պատասխանատվության կանչելու հստակ քայլերն ու չափերը: Երկրորդ, գործող օրենքները պետք է պարտադիր լինեն բոլորի համար անխտիր: Միաժամանակ, վաղուց հասունացել է պահը, երբ ի ցույց հասարակության պետք է պատժվեն բոլոր, հատկապես՝ կարկառուն օրինազանցները` բացառելով բացառումները եւ օրինապաշտություն տարածելու երկրում: Այլ խոսքով` հանցանքը պետք է հակակշիռ վաստակի` ի դեմս համարժեք պատժի:

Հակակշիռ հինգերորդ: Ազգային անվտանգության ռազմավարությունը քիչ բան կարող է տալ երկրին, եթե չձեւավորվի եւ արդյունավետ գործի Անվտանգության խորհուրդը: Երկրի եւ ժողովրդի համար շրջադարձային պահերին ոչ թե մեկ կամ երկու անհատների, այլ գործուն Խորհրդի աշխատանք է պահանջվում, շահերի եւ սպառնալիքների ճիշտ գնահատում եւ հավասարակշիռ քայլեր: Անվտանգության խորհրդի գործոնը որպես կարեւորագույն հակակշիռ մեծ դերակատարություն ունի ոչ միայն զարգացած, այլեւ անցումային փուլը նոր հաղթահարած Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում: Այն կոչված է նաեւ համադրելու երկրի ներքին եւ արտաքին անվտանգությանն առնչվող բազմաթիվ քայլեր, ինչպես նաեւ՝ հակակշռել գործադիր իշխանության որոշ կառույցների հնարավոր սխալներն ու թերացումները:

Հակակշիռ վեցերորդ: Պետք է ձեւավորվի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին ետ կանչելու մեխանիզմը եւ հանվի պատգամավորի անձեռնմխելիությունը: Ընտրողը պետք է երաշխիք ունենա ստանալու իր ընտրյալի հետ հետադարձ կապը, հակառակ պարագայում նրա նկատմամբ անվստահությունը պետք է որոշիչ լինի հետագա գործունեության համար: Իր հերթին, ՀՀ Ազգային ժողովը պետք է լուրջ հակակշիռ լինի իշխանության մյուս` օրենսդիր եւ դատական թեւերին, ճիշտ այնպես, ինչպես վերջիններս պետք է հակակշռեն օրենսդիր մարմնին իրենց լիազորություններով եւ գործառույթներով: Ավելին, հակակշռելուց բացի, կարիք կա միմյանց լրացնելու եւ առաջնորդվելու ազգային եւ պետական շահերով:

Հակակշիռ յոթերորդ: Գործադիր իշխանության հակակշիռ կարող է հանդես գալ ոչ միայն Ազգային ժողովը, որին հաշվետու պետք է լինի իշխանության գործադիր թեւը, այլեւ հենց «Կառավարության մասին» ՀՀ օրենքը, որը ոչ միայն կհստակեցնի Կառավարության արդյունավետ կառուցվածքը եւ կսահմանի կառույցների գործառույթները, այլեւ կբացառի տարբեր պետական կառույցների գործառույթների կրկնությունները եւ նախարարությունների անհարկի վերաձեւումները: Միաժամանակ, օրենքով կկանոնակարգվի ոչ միայն քաղաքացիական ծառայող չինովնիկի, այլեւ հայեցողական-քաղաքական պաշտոնների գործունեության փորձաշրջանը՝ պարտադիր դարձնելով մասնագիտական ցենզը եւ սահմանելով քաղաքացիական եւ քրեական պատիժներ` ձախողումների եւ չարաշահումների համար: Սա կփոխի նաեւ գործադիր-օրենսդիր մարմինների փոխհարաբերությունները եւ կկանխի այն միտումը, երբ շարունակաբար եւ գերակշիռ մեծամասնությամբ վերջին տարիներին գործադիր իշխանությունն ինքն իր համար օրենքներ է մշակում եւ բերում Ազգային ժողով` «վավերացման»:

Հակակշիռ ութերորդ: ՀՀ նախագահին կարող են ընդդիմախոսել եւ կառուցողական առաջարկներ ներկայացնել ոչ միայն ՀՀ Ազգային ժողովում ներկայացված, այլեւ դրանից դուրս գտնվող քաղաքական ուժերը, որոնք կարող են իրենց ներուժը նպատակային օգտագործել կամ ՀՀ Նախագահին կից Քաղաքական խորհրդում (այդպիսին գործել է 1998-1999թթ.), կամ ՀՀ Հասարակական պալատում (ՌԴ օրինակով):

Հակակշիռ իններորդ: Գործարարության ոլորտում մենաշնորհների հակակշիռը կարող է լինել պետության կողմից նոր մրցակիցներին շուկա մուտք գործելուն աջակցելը: Փոխարժեքների տատանումներից գերշահույթ ստացող ներմուծողների համար եւս կարող են ձեւավորվել հակակշիռներ: Պետությունը պետք է հորդորի նման իրավիճակներում ինքնակամ իջեցնել գները (այլ խոսքով` ինդեքսավորել դրանք դրամի արժեւորման դեպքում) կամ գանձել գերշահույթի հարկ եւ այն օգտագործել ի շահ սպառողի: Պետությունը կարող է նաեւ ներմուծողին առաջարկել գնել նրա ապրանքների մի մասը, որը կներառի հայտարարագրված արժեքը՝ գումարած քսան-քսանհինգ տոկոս շահույթ եւ մենաշնորհային բարձր գներ սահմանելու պարագայում վաճառի իր գնածը սպառողին` դրանով դառնալով ակամա մրցակից եւ նպաստելով գների հարկադրված իջեցմանը:

Հակակշիռ տասներորդ: Ի վերջո, հակակշիռը պետք է նաեւ յուրաքանչյուրի ներսում լինի` որպես յուրօրինակ զսպանակ: Որեւէ երեւույթ եւ անձ պախարակելուց առաջ արժե մտածել եւ աշխատել երեւան հանել իրական այլընտրանք:

Սրանով, իհարկե, հակակշիռների մեխանիզմները չեն սահմանափակվում: Անհրաժեշտ են նաեւ դատական իշխանության, տնտեսության, այլ ոլորտներին առնչվող գործուն հակակշիռներ: Եվ որքան հիմնավորված եւ գործող լինեն հակակշիռները, այնքան արագ եւ արդյունավետ կզարգանա երկիրը:

Համոզված եմ, որ հենց հակակշիռներն են այն շրջանակները, որոնց ներսում ընկալելի եւ ընդունելի է դառնում բուն ժողովրդավարությունը: