Կեղծ փաստաթղթե՞ր են ներկայացրել

30/03/2008

Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության` Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից Սահմանադրական դատարան են ներկայացվել մարզի 3 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ջնջումներով, կեղծված փաստաթղթեր: ՍԴ-ն Գլխավոր դատախազություն էր ուղարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց ներկայացրած քաղվածքները թիվ 33/04, 33/21, 33/22 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որոնց թվային տվյալները տարբերվում են ԿԸՀ ներկայացված՝ նույն ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքների ամփոփ արձանագրությունների թվային տվյալներից։ ՍԴ-ից ստացված նյութերը վերահսկողությամբ ուղարկվել են Շիրակի մարզի դատախազություն: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Շիրակի մարզի դատախազությունը պարզել է, որ մարզի Թորոս գյուղն ընդգրկող թիվ 33/22, Սիզավետ գյուղն ընդգրկող թիվ 33/03 եւ Գոգհովիտ գյուղն ընդգրկող թիվ 33/24 ընտրատեղամասերի համարները քվեարկության արդյունքների արձանագրությունների քաղվածքներում կեղծվել են` թիվ 33/22-ի 22-ը փոխարինվել է 21-ով, թիվ 33/03-ի 3-ը` 4-ով, իսկ թիվ 33/24-ի 24-ը` 22-ով: Արդյունքում, ի հայտ է եկել ակնհայտ անհամապատասխանություն քաղվածքների եւ ամփոփիչ արձանագրությունների թվային տվյալների միջեւ: Նշված ընտրատեղամասերում Տեր-Պետրոսյանի վստահված անձինք բացատրություններ տալով նշել են, թե քաղվածքներն առանց ջնջումների եւ տեղամասերի համարները փոխելու հանձնել են թեկնածուի Աշոցքի տարածքի նախընտրական շտաբի պետ Արարատ Զորօղլյանին (վերջինս բացակայում է բնակության վայրից): Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կեղծիք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: