Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Երեւանում արտակարգ դրության ավարտից հետո՝ մարտի 21-ից մինչ օրս, Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում բերման է ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը՝ մայրաքաղաքում, 9-ը՝ մարզերում: Համաձայն հաղորդագրության, բերման ենթարկվածներից 5-ը ձերբակալվել են, որոնցից երկուսը կալանավորվել են, մեկի հարցը քննարկման փուլում է, իսկ երկուսը ստորագրությամբ բաց են թողնվել: Ամսվա ընթացքում վարչական վարույթ է հարուցվել 68 անձի նկատմամբ: Ըստ հաղորդագրության` մարտի 1-25-ը Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել եւ առգրավվել է 2 ատրճանակ, 2 ինքնաշեն ատրճանակ, 12 հրացան, 5 ինքնաձիգ, 3 ինքնաշեն ինքնաձիգ, տարբեր տեսակի 111 նռնակ, 1 ինքնաշեն նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, 3 ական, 1 օպտիկական սարք, լուսաազդանշանային 9 հրթիռ, տարբեր տրամաչափի 2936 փամփուշտ եւ ինքնաձիգի 87 պահունակ: Նույն ժամանակահատվածում քաղաքացիների կողմից կամավոր հանձնվել է 5 ատրճանակ, 1 ինքնաշեն ատրճանակ, ինքնաշեն կրակող 1 սարք, 9 հրացան, 2 ինքնաձիգ, տարբեր տեսակի 133 նռնակ, 3 ինքնաշեն նռնակ, 5 ական, ինքնաշեն 2 ական, տարբեր տրամաչափի 6908 փամփուշտ եւ ինքնաձիգի 163 պահունակ: «Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում Ոստիկանության բաժիններ են բերվել վերջին օրերին մայրաքաղաքում հրահրված, այսպես կոչված՝ «քաղաքական զբոսանքների» եւ «քաղաքական ընթերցումների» կազմակերպիչներ ու մասնակիցներ, որոնց բացատրվել է իրենց գործողությունների անօրինական լինելը, ինչպես եւ ճշտվել է զանգվածային անկարգություններին նրանց մասնակցելու հանգամանքը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը հավաստում է` ցանկացած հակաօրինական եւ հակահասարակական գործողության համարժեք պատասխանելու, օրենքի եւ իրավասությունների շրջանակներում երկրի սահմանադրական կարգն ու հասարակական կարգուկանոնը պաշտպանելու իր վճռականությունը եւ քաղաքացիներին կրկին կոչ է անում՝ լինել ողջամիտ ու շրջահայաց եւ չտրվել սադրանքներին: