Ուզում է Երեւանի մեջ սպիտակ գույն տեսնել

30/03/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մարտի 1-2-ի դեպքերը դեռ երկար ժամանակ խորը հետք են թողնելու հասարակության գիտակցության մեջ: Անկախ կատարվածի պատճառներից, մեղավորներից եւ պատասխանատուներից, տեղի ունեցածը մեզ բոլորիս տեղափոխել է բոլորովին ուրիշ Հայաստան եւ այլ իրականություն: Այդ մասին է վկայում, առաջին հերթին, հասարակության առողջ եւ համարժեք վերաբերմունքը կատարվածի հանդեպ: Եվ խոսքն ամենեւին հասարակության` այս կամ այն կողմում գտնվող քաղաքականացված հատվածի մասին չէ: Խոսքն այն իրականության մասին է, որում չի կարողանում ապրել նույնիսկ լուսանկարում պատկերված երեխան, ով Շոպենի երաժշտության միջոցով իր անհամաձայնությունն է արտահայտում ու փորձում իրենից հեռացնել, մաքրել իր մեջ ակամայից կուտակված չարությունն ու ագրեսիան: «Մարտի 1-ի դեպքերն ինձ վրա շատ ծանր անդրադարձան, որովհետեւ, երբ հեշտությամբ արտահայտում են 8 թիվը` ես դրա մեջ մեծ ցավ եմ տեսնում: Էդ 8 թիվը չի կարելի հեշտությամբ արտահայտել, որովհետեւ այդ 8 զոհերի ընտանիքներում մեծ ողբերգություն է եղել: Ես համարում եմ, որ դա մեզ համար էլ է ողբերգություն: Էդ օրերին ես շատ տխուր էի, որովհետեւ շատ ծանր էի տանում էդ ամեն ինչը: Վախենում էի, շատ էի վախենում…»,- ասում է 13-ամյա Ժորա Սարգսյանը, ով ուզում է այդ օրերին սեւացած Երեւանի մեջ «սպիտակ գույն տեսնել»: Այդ դեպքերից հետո որոշել է Րաֆֆու «Սամվելը» կարդալ. «Ուզում եմ ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչո՞ւ են մշտապես հայերն իրար դեմ պայքարում: Հայաստանին ոչ այնքան վնասում են արտաքին թշնամիները, որքան հենց իրենք` հայերը: Ուզում եմ հասկանալ` ինչո՞ւ…»,- ասում է նա:

13-ամյա դաշնակահար Ժորային խենթացնում են Շոպենի ստեղծագործությունները, որովհետեւ մեկ-մեկ իրեն թվում է, թե Շոպենն իր տրամադրությունն է արտահայտում: Դաշնամուրի ստեղնաշարի վրա մատները բառիս բուն իմաստով «պարացնում» է:

Մատների ճկունությունն աներեւակայելի գեղեցիկ մեղեդիով է լցնում տունը, իսկ իմ ու Ժորայի մայրիկի` տիկին Ֆլորայի հիացած հայացքներից է՛լ ավելի ոգեւորված Ժորան շարունակում է նվագել: Շատ հաճախ երաժշտությունն է այս պատանուն «փրկում», օգնում դրսի տհաճ իրականությունից «փախչել»: Ասում է, որ ինքը զգացմունքային մարդ է, դրա համար էլ չի կարողանում Հայաստանում կատարվող իրադարձություններին անտարբերությամբ վերաբերվել. «Մարտի 1-ի դեպքերն ինձ վրա շատ ծանր անդրադարձան, որովհետեւ, երբ հեշտությամբ արտահայտում են 8 թիվը` ես դրա մեջ մեծ ցավ եմ տեսնում: Էդ 8 թիվը չի կարելի հեշտությամբ արտահայտել, որովհետեւ այդ 8 զոհերի ընտանիքներում մեծ ողբերգություն է եղել: Ես համարում եմ, որ դա մեզ համար էլ է ողբերգություն: Էդ օրերին ես շատ տխուր էի, որովհետեւ շատ ծանր էի տանում էդ ամեն ինչը: Վախենում էի, շատ էի վախենում…»,- կատարվածի մասին իր զգացողություններն ու ապրումներն այսպես է ներկայացնում 13-ամյա Ժորան եւ հիշում, թե ինչպես էին ամենուր խոսում այդ ծանր դեպքերի մասին, թե ինչպես էին մարդիկ վախենում փողոց դուրս գալ ու… «Մենք վախենում էինք տանից դուրս գալ, դա ամենաահավոր բանն է, երբ դու քո քաղաքից վախենում ես, փակվում ես»: Այդ իրադարձությունների ժամանակ այս տղան փակվել է տանը ու նվագել է, Շոպենի երաժշտությամբ փորձել է ինչ-որ բան մաքրել: Թեեւ մենք բոլորս, շատերս տեղյակ էլ չենք եղել, որ ինչ-որ տեղ, ինչ-որ երեխա դաշնամուր նվագելով փորձել է ինչ-որ բան մաքրել, այդուհանդերձ, Ժորան գտնում է, որ իր մոտ ինչ-որ բան ստացվել է: «Երբ նվագում եմ` արտահայտում եմ իմ ներաշխարհը: Ես հավատում եմ, որ եթե ոչ ուրիշների, բայց գոնե իմ մեջ ինչ-որ բան մաքրել եմ, կարող է վախը, ակամայից ստեղծված չարությունը կամ ագրեսիան եմ մաքրել, բայց որ մաքրել եմ` էդ հաստատ»,- ասում է Ժորան` ավելացնելով, որ Շոպենի երաժշտությունից բացի, մեկ էլ անչափ սիրում է սպիտակ գույնը, որովհետեւ այդ գույնը խորհրդանշում է մաքրությունն ու անկեղծությունը: Ասում է` «Այդ օրերին Երեւանն իսկական սեւ էր, իսկ ես ուզում եմ Երեւանի մեջ սպիտակ գույն տեսնել»: Ժորան շատ է կարդում, մասնավորապես պատմական գրականություն է շատ ուսումնասիրում: Վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո որոշել է Րաֆֆու «Սամվելը» կարդալ. «Ուզում եմ ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչո՞ւ են մշտապես հայերն իրար դեմ պայքարում: Մեր պատմական փաստերը վկայում են, որ Հայաստանին ոչ այնքան վնասում են արտաքին թշնամիները, որքան հենց իրենք` հայերը: Ուզում եմ հասկանալ` ինչո՞ւ… Շատ գրքեր եմ կարդացել, որտեղ հայերն իրար դեմ են դուրս եկել ու իրար արյուն են թափել»: Հարցնում եմ` «Իսկ ի՞նչ խորհուրդ կտայիր մեր երկրի ղեկավարներին, որ այլեւս նման բախումներ չլինեն»: Պատասխանում է` «Կուզենայի, որ վերլուծեին ու հետեւություններ անեին այն հանգամանքների շուրջ, որոնք մարդկանց նման քայլերի դրդեցին: Կուզենայի, որ աշխատատեղեր ստեղծեին, որովհետեւ, օրինակ` մայրիկս էլ է գործազուրկ»:

Մասնագիտությամբ գրադարանավար-մատենագետ տիկին Ֆլորան ինտելիգենտ ընտանիք ունի, եւ այս տան անդամներից յուրաքանչյուրին էլ կարելի է շատ երկար լսել, նրանց հետ զրուցել, որովհետեւ ասելիքը հետաքրքիր է: Տանտիկինն աշխատանք չունի, իսկ սրճարաններում եւ խանութներում աշխատելու համար այս կինն իսկապես ափսոս է: Ամուսինը կլարնետահար է, երաժշտական դպրոցում դասավանդում է, եւ բոլորիս է հայտնի, թե ինչ աշխատավարձով են աշխատում նման մասնագետները: Ժորան նրանց միակ երեխան է, ով բացի հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանում սովորելուց՝ հաճախում է նաեւ Սպենդիարովի անվան երաժշտական դպրոց: 8 տարի է, ինչ գերազանց գնահատականներով է տարին ամփոփում, իսկ երաժշտական բնագավառում նրա տաղանդի մասին վկայում են նրան շնորհված բազմաթիվ մրցանակները, դիպլոմներն ու պատվոգրերը: Էմին Խաչատրյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնի ժամանակ գրավել է առաջին տեղը: Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես-փառատոնին դափնեկրի կոչում է ստացել, իսկ անցյալ տարի Թբիլիսիում կայացած պատանի երաժիշտների մրցույթում արժանացել է բրոնզե մեդալի, ինչպես նաեւ՝ հատուկ` «Փոքրիկ վիրտուոզ» մրցանակին: Չնայած այս ամենին, տիկին Ֆլորան ասում է, որ պահ է գալիս, երբ ամեն ինչ անօգուտ է թվում, ուզում է հանձնվել: Ժորայի ապագա հաջողություններն ինչ-որ իմաստով կախված են պետական մարմինների, համապատասխան ոլորտի ղեկավարության հոգատար վերաբերմունքի, ինչպես նաեւ՝ մեծահարուստների ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կամքից: Մայիսի 15-24-ը Փարիզում կայանալու է «Ֆլամի» անվան երաժիշտ կատարողների միջազգային մրցույթը, որին Ժորայի մասնակցությունն առաջադրել են երաժշտական դպրոցի մասնագետները: Շուտով Ժորան մրցույթի մասնակցության հրավերը կստանա, սակայն նրա մասնակցությունն, այնուամենայնիվ, կասկածի տակ է, որովհետեւ ճանապարհածախսը եւ հյուրանոցի խնդիրներն առայժմ անլուծելի են այս ընտանիքի համար: Տիկին Ֆլորան որդու` մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ գումարներ տրամադրելու խնդրանքով դիմել է ՀՀ կառավարություն, Մշակույթի նախարարություն, անհատ գործարարների, պաշտոնյաների, սակայն դեռ ոչ մեկից պատասխան չի ստացել: «Նույնիսկ չեն թողնում, որ համապատասխան պաշտոնյայի մոտ մտնես, որ բացատրես, թե ի՞նչ հարցով ես դիմում իրենց: Բայց չէ՞ որ հաղթանակը Հայաստանինն է լինելու, ոչ թե մեր ընտանիքինը կամ միայն Ժորայինը»,- ասում է տիկին Ֆլորան` վստահեցնելով, որ 2007թ. ապրիլին կայացած Ռուբինշտեյնի մրցույթին Ժորան միայն ֆինանսական հարցերի պատճառով չի կարողացել մասնակցել: Հարցնում եմ` «Ձեր տղային լավ եք ճանաչում, ի՞նչ եք կարծում, մրցույթին մասնակցելու դեպքում Ժորան հաջողություն կունենա՞»: Պատասխանում է` «Ես ավելի շատ մասնագետների կարծիքը կասեմ: Նրանք Ժորայի կարողությունները բարձր են գնահատում եւ համարում են, որ կունենա հաջողություն, մանավանդ, որ այլ մրցույթներում հաղթելու փորձը կա»: Թեեւ Ժորայի` Փարիզ մեկնելու հարցը կախված է «փող» ունեցողների մեծահոգությունից, այդուհանդերձ, նա չի հուսահատվում եւ մրցութային ծրագրին պատրաստվում է առանց ջանք խնայելու: Հատուկ ծրագրից ընտրել է Ռախմանինովի, Շոպենի եւ Լիստի ստեղծագործությունները:
Վերջին շրջանում երաժշտական մասնագետները պարբերաբար ասուլիսներ են հրավիրում, ահազանգում են այն մասին, որ երաժշտական դպրոցների դիմորդների թիվը կտրուկ նվազել է: Վերջիններս մասնավորապես մտահոգված են, որ առաջիկայում Հայաստանում երաժիշտների դեֆիցիտ է լինելու, որովհետեւ քիչ թվով երաժիշտներ են կրթվում, կադրերի պակաս է լինելու: Ժորա Սարգսյանի օրինակը վկայում է այն մասին, որ երաժշտական դպրոցում սովորող երեխա ունեցող ծնողներին մեր պետությունը միայնակ է թողնում: Արվեստի բնագավառում նոր տաղանդների բացահայտումն ու աջակցությունը պետական քաղաքականություն պետք է լինի, սակայն այս հարցում պետությունը, կարծես թե, «ձեռքերը լվացել է»: Ի դեպ, «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի համար Հայաստանի Հանրապետությունն իր ժողովրդի քաշով մեկ փող է ծախսելու ու մասնակցին էլ, անկախ ամեն ինչից, փորձելու է «աստղ» դարձնել: Իսկ գոնե ինձ համար աստղը Ժորան է ու նրա նմանները, որովհետեւ նա այդ տարիքում արդեն ՀՀ լիարժեք քաղաքացի է…: