51%-ը` ԱՄԷ-ին

30/03/2008

«Փոթիի ծովային նավահանգիստ» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը, ինչպես նաեւ նավահանգստին հարող հողամասերը` 3 միլիոն քմ մակերեսով, կվաճառվեն «RAK Investment Autority» ընկերությանը (Արաբական Միացյալ Էմիրություններ): Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն երեկ հայտարարել է, որ կառավարությունը նաեւ հավանություն է տվել վաճառված հողերի վրա նոր ծովային նավահանգստի կառուցման նախագծին եւ ազատ ինդուստրիալ գոտու ստեղծմանը: «Ընկերության կողմից հիշյալ նախագծերում ներգրավված ներդրումների ծավալը 3-4 տարվա ընթացքում կկազմի ավելի քան 200 մլն դոլար եւ թույլ կտա ստեղծել ավելի քան 20.000 նոր աշխատատեղ»,- հայտարարել է նա: Վ. Գուրգենիձեն նաեւ նշել է, թե ավելի վաղ պլանավորվել էր Փոթիի նավահանգստի բաժնետոմսերի 100 տոկոսը 49 տարի ժամկետով հանձնել մասնավոր ընկերության կառավարման, սակայն բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքի շնորհիվ ստացված գումարները կգերազանցեն 75 միլիոն դոլարը, որը պլանավորվել է ստանալ կառավարման իրավունքների հանձնումից: «Անցյալ տարի Փոթիի նավահանգիստ է ժամանել 7,7 մլն տոննա բեռ: Նոր նավահանգստի, ազատ ինդուստրիալ գոտու շահագործման հանձնումից եւ հին նավահանգստի արդիականացումից հետո բեռնավերամշակման ծավալը կաճի տարեկան մինչեւ 35-40 մլն տոննա»,- վստահեցրել է նա: