«Բալետը` մշակույթի դասական մոդելներից մեկը, Հայաստանում այսօր ծանր պայմաններում է եւ բավականին լուրջ խնդիրներ ունի»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց «Արքա» բալետի գեղարվեստական ղեկավար, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Մարտի 27-28-ին տեղի են ունեցել «Վարդանանք» եւ «Տանգո» մեկական գործողությամբ բալետների պրեմիերաները, որոնք բեմադրվել են նաեւ ԱՄՆ-ում, որտեղ իր գործունեությունն է ծավալում Ռ. Խառատյանը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով, այդ ստեղծագործությունները բեմադրվեցին նաեւ Հայաստանում, որի իրականացումը, ինչպես նշեց բալետմայստերը, բազմաթիվ դժվարությունների հետ էր կապված: Դրանք, Ռ. Խառատյանի վկայությամբ, մեծ դժվարությամբ են բեմադրվել, քանի որ հայ բալետի դերասանները սովոր չեն աշխատելու նման գրաֆիկով, իսկ բալետի դերասանները բողոքում են, որ իրենք քիչ են վարձատրվում: Այսօր, ըստ նրա, հայկական բալետի խնդիրներից է նաեւ ռեպերտուարի բացակայությունը, քանի որ դերասանին, պարողին ռեպերտուարն է դաստիարակում: «Վարդանանք» բալետը դեռեւս 2001թ. բեմադրվել է Նյու Յորքում, այնուհետեւ՝ Վաշինգտոնում: «Վարդանանք» բալետը ստեղծվել է Հայ Առաքելական եկեղեցու թեմի պատվերով` Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: «Ես Ալան Հովհաննեսի երաժշտությամբ բեմադրեցի «Գրիգոր Լուսավորիչ» բալետը, բայց քանի որ քրիստոնեության պահպանման հաջորդ կարեւոր իրադարձությունը եղել է Ավարայրի ճակատամարտը եւ Վարդանանց պատերազմը, որոշեցի այդ թեմային եւս անդրադառնալ: Երաժշտությունը փնտրելիս վերջապես գտա մի երաժշտություն, որը շատ հարմար էր. դա Էդգար Հովհաննիսյանի երրորդ սիմֆոնիան էր, որը երեւի թե նվիրված էր հենց այդ հաղթանակին»,- ասում է Ռ.Խառատյանը: Մոտավորապես 20 րոպե տեւողությամբ բալետում ներկայացվում է Ավարայրի ճակատամարտի նախօրյակին տեղի ունեցած Վարդանի եւ նրա համախոհների ժողովը, ապա Վարդանի պայքարը եւ հայոց փափկասուն տիկնանց ողբը: Ռուդոլֆ Խառատյանի խոսքերով, «Տանգոն» մեծ դեր ունի հայկական բալետի համար, այն նորություն է հայկական բալետում, դասական բալետի հիման վրա ստեղծված`ժամանակակից ներկայացում, որն արտահայտում է բալետի այժմյան ամբողջ դինամիկան` մեկ տակտի մեջ տասնհինգ եւ ավելի շարժումներ:
«Իմ խնդիրն էր՝ բերել բալետի նորը, ժամանակակիցը, շարժման ինտենսիվությունը, դինամիկան, քանի որ մենք որոշ իմաստով հետ ենք մնացել: Հայկական բալետն ընդհանրապես շատ մեծ ճանապարհ է անցել, մեծ դժվարությունների է հանդիպել եւ որոշակիորեն կորցրել է իր ինքնությունը: Հայաստանը վակուումի մեջ է, այն չի ընդգրկվում համաշխարհային մշակութային այս ամբողջ ընթացքի մեջ, ի տարբերություն հարեւան երկիր Վրաստանի, որը մեծ քայլեր է անում այս ապարեզում»,- ասում է նա: Ռ.Խաչատրյանի հավաստմամբ, վրացական բալետը մի քանի անգամ դուրս է եկել միջազգային ասպարեզ, երեք տարվա ընթացքում բեմադրել է ավելի քան 30 նոր բալետներ: «Մենք ունենք բալետի մեծ պոտենցիալ ունեցող պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր այսօր անգործության են մատնված: Բալետի դերասանները, պարողները պետք է մարզվեն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես եւ թե՛ մտավոր, որը բեմադրությանը կհաղորդի նոր արժեքներ: Մենք ունենք պարողներ, ովքեր կարող են համաշխարհային բալետի մեջ աստղեր դառնալ»,- նկատում է նա: 2004թ. «Արքա» բալետն իր գեղարվեստական ղեկավարի հետ միասին եղել է Հայաստանում եւ մի քանի հայ բալետ պարողների ներգրավել իրենց խումբ: Վաշինգտոնում «Արքա» բալետը բազմաթիվ բեմադրություններ է ունեցել, բայց գեղարվեստական ղեկավարը կարեւորում է դրանցից հատկապես մեկը, որտեղ ներկայացվում է բալետի ողջ պատմությունը: Ռ.Խառատյանը մեծ ցավ է զգում, որ չի կարողանում դասավանդել Հայաստանում, իսկ Վաշինգտոնում նա դասավանդում է Ազգային բալետի դպրոցում, որտեղ նրան ուսանում է նաեւ Բիլ Քլինթոնի դուստրը` Չելսին: Ինչպես պատմում է Ռ. Խառատյանը, Բիլ Քլինթոնն անձամբ ներկա է եղել նրանց բեմադրություններին եւ անձամբ շնորհավորել է իրեն: Ռ.Խառատյանի դուստրը Վաշինգտոնի Ազգային բալետի մենապարուհի է, սակայն իր համար մեծ ցավ է, որ չի կարողանում դասավանդել Հայաստանում: Իսկ Երեւանում դեռեւս կշարունակվեն «Վարդանանք» եւ «Տանգո» բալետների բեմադրությունները: