Աշխարհի միլիարդատերերը

28/03/2008

Դոլարային միլիարդատերերի թվով Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղում է: Իսկ առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: «Նովոստի» լրատվական գործակալության վկայությամբ` Ստեպաշինը վերահսկիչ-հաշվիչ մարմինների ընկերակցության համաժողովում ունեցած ելույթում հայտնել է, որ վերջին 8 տարիներին երկրում դոլարային միլիարդատերերի թիվը մի քանի մարդուց հասել է ավելի քան հարյուրի: Միաժամանակ, Հաշվիչ պալատի նախագահը շեշտել է, որ միլիարդատերերի նման թիվը չի համապատասխանում երկրի տնտեսության մասշտաբին եւ զարգացման մակարդակին: Նա այդ փաստը համարել է լուրջ պոտենցիալ վտանգ, որը պահանջում է պետության մեծ ուշադրությունը: «Քաղաքացիների եկամուտների մակարդակների միջեւ խզումը ոչ միայն չի կրճատվում, այլեւ շարունակում է աճել, հասնելով կրիտիկական մակարդակի»,- ասել է Ստեպաշինը: Ռուսաստանի Վիճակագրական ծառայության տվյալներով` 2006թ. ռուսաստանցիների ամենահարուստ 10 տոկոսի եկամուտները 15,3 անգամ գերազանցել են ամենաաղքատ 10 տոկոսի եկամուտները, մինչդեռ 2000թ. այդ ցուցանիշը եղել է 13,9: Իսկ Մոսկվայում, քաղաքային Վիճակագրական ծառայության տվյալներով, այդ ցուցանիշը 2006թ. եղել է 41: