ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար (1995-1998թթ.) Աշոտ Անտինյանը, ով վերջին տարիներին գտնվում է Մոսկվայում, դեռեւս 2007թ. դեկտեմբեր ամսին մեր թերթում հրապարակած հոդվածում` կանխատեսելով ՀՀ քաղաքական զարգացումները, չէր բացառել ոչ միայն քաղաքական բախումները, որոնք ավարտվելու էին արյունահեղությամբ, այլեւս այն, որ հայտարարվելու է արտակարգ դրություն, եւ այլն: Այս անգամ, ըստ նրա` իրավիճակը մինչեւ ապրիլի 9-ը սառեցված է մնալու, սակայն այդ վիճակին հաջորդելու են լուրջ փոփոխություններ:
– Արդյոք այդքան տեսանելի՞ էին այս բախումները, եւ ինչո՞ւ էիք այդքան համոզված պնդում, որ նման զարգացումներ են լինելու:
– Տվյալ պարագայում խորապես անցանկալի պարզ հաշվարկն էր ինձ հուշում: Հիմնական ընդդիմախոսներն ասպարեզ էին իջել ոչ թե մրցելու, անգամ ոչ թե հաղթելու, այլ ամեն գնով չպարտվելու պարտադրված անհրաժեշտությամբ: Որքան էլ տարօրինակ թվա, նկատի ունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: «Չպարտվելու կենաց-մահու պայքարն» իրականում հենց նրանց միջեւ էր (նա այդպես էր վերնագրել իր հոդվածը.- Լ.Ս.), ինչը Ռոբերտ Քոչարյանը բազմիցս ապացուցել է իր գրաված ագրեսիվ դիրքով: Սերժ Սարգսյանն այդ ընթացքում դասական բոլոր կանոններով զբաղված էր իր ընտրարշավով, հավանաբար գիտակցելով, որ առճակատման գնացած կողմերի բախումը թեպետ իր համար պրոբլեմներ է ստեղծելու, բայց առաջին հերթին անդառնալի հարված է հասցնելու հենց այդ երկու կողմերին: Ի զորո՞ւ էր նա կանխելու բախումը: Թերեւս այո, բայց միայն Լ. Տեր-Պետրոսյանի հետ տանդեմում, որովհետեւ Ռ. Քոչարյանի հետ տանդեմը կնշանակեր մանեւրել բախման գծի սոսկ մեկ կողմում: Ցավոք, պայմանավորվածություններ չկայացան, քանզի մինչեւ վերջ Սերժ Սարգսյանը մնաց մեկի համար՝ միակ ընդունելի, մյուսի համար` միակ անցանկալի ֆիգուր: Ու երկու կողմի համար էլ, ըստ էության, այնքան էլ կարեւոր չէր Ս. Սարգսյանի հասարակական աջակցության իրական աստիճանը: Կողմերից մեկի պատրանքը, թե հասարակությունն ուշաթափվում է Ս. Սարգսյանի համար, եւ մյուսը, թե Ս. Սարգսյանը Հայաստանում երկու ձայն էլ չի ստանա` ասվածի լավագույն ապացույցն են: Ու եղավ այն, ինչ դարձել էր անխուսափելի, որովհետեւ, ինչպես այն ժամանակ էի գրել` «Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտ իջավ մի ժամանակաշրջանում, երբ, անկախ նույնիսկ կողմերի կամքից, ընտրապայքարը նշանակում է` կենաց-մահու կռիվ, որում պարտվել չի կարելի ոչ մի դեպքում: Ընդ որում, երկու հակամարտող կողմերի համար էլ իրավիճակը նույնն է: Իմ կարծիքով, սա առաջին հերթին հասարակ ժողովրդի ողբերգությունն է, որովհետեւ կոմպրոմիս չենթադրող հակամարտությունը, որպես կանոն, վերաճում է արյունահեղ բախման»: Եթե հիշում եք, նաեւ ասել էի, որ Ռ. Քոչարյանը չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, իսկ այն ժամանակ շատերը համոզված էին, որ հենց նա է լինելու վարչապետը:
– Փաստորեն Մոսկվայից ավելի լավ է «երեւում», թե Հայաստանում ինչ եւ ինչպես է լինելու:
– Թե ինչու չէր կարող նման բան լինել, ես արդեն մասամբ պատասխանեցի: Իսկ իբրեւ լրացուցիչ փաստարկ՝ կարող եմ բառացիորեն մեջբերել այն, ինչ արդեն ասել եմ: «Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի հաղթանակի պարագայում իբր ռուսական տարբերակով դերակատարների փոփոխությանը նույն համակարգում` համոզիչ չէ: Բանն այն է, որ եթե նույնիսկ մի կողմ դնենք Պուտինի ահռելի վարկանիշը, Դումայում նա ունի մեծամասնություն, որը լուրջ փաստարկ է: Իսկ Հայաստանի պարագայում Ազգային ժողովը գործող վարչապետինն է: Թվարկեք թեկուզ մեկ պատճառ, որի համաձայն` նախագահ ընտրված եւ ԱԺ մեծամասնություն ունեցող, ավելի լայնախոհ եւ ուժեղ անհատականությունը պետք է համաձայն լինի երկրորդ ջութակի դերին: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի՝ վարչապետի պաշտոնում երկրորդ ջութակ լինելու հավանականությանը, սա թերեւս ավելի անհավանական է, քան նույնիսկ առաջին դեպքը: Կարծում եք` Ս.Սարգսյանն անտեղյա՞կ է քոչարյանական անէլեկտորատ հավակնություններից: Եթե ոչ, ուրեմն Ռ. Քոչարյանը չի հայտնվի վարչապետի աթոռին»:
– Ըստ ձեզ, ի՞նչ ելքեր կան այսօրվա իրավիճակից, ի՞նչ զարգացումներ եք ենթադրում:
– Ավելորդ է նշել, որ ստեղծվել է վատթարագույն մի վիճակ, որից ելք փնտրելը պետք է լինի ոչ միայն մտավորականների ու քաղաքական գործիչների, այլեւ յուրաքանչյուր սրտացավ եւ պատասխանատու քաղաքացու առաջնահերթ խնդիրը: Ելքեր, անշուշտ, կան, բայց, իմ կարծիքով, արդյունավետ եւ համալիր քայլեր մինչեւ ապրիլի 9-ը դժվար է ակնկալել: Մինչ այդ` իրավիճակը սառեցնելն այս ժամանակահատվածի համար արդեն առաջին քայլն է: Կարելի է, իհարկե, նաեւ մտածել մի քանի հարցադրումների շուրջ: Օրինակ, արդյոք հասարակական դժգոհության դրսեւորումները մի՞շտ են էքստրեմիզմ, իսկ բողոքի ակցիաների մասնակիցները՝ բացառապես բոմժեր, թմրամոլներ ու հարբեցողներ: Եթե այո, ապա երկրի ղեկավարը պատասխանատո՞ւ է հանրապետությունում այդչափ ստվարաքանակ բոմժերի ու թմրամոլների ի հայտ գալու համար, թե՞ ոչ: Կամ` հասարակությանն ահաբեկելը որքանո՞վ է նպաստում համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը: Իսկ ունա՞կ է արդյոք ահաբեկված հասարակությունը դիմակայել արտաքին մարտահրավերներին: Լավ կլինի մտածել նաեւ այն հարցերի շուրջ, թե` մի՞թե երկրաչափական գիտության կանոններով հնարավոր է բուրգը կազմաքանդել` վերցնելով բուրգի գագաթից մեկ, թեկուզեւ ամենախոշոր քարը: Կամ` բռունցքով մեխին հարվածելը մեխի՞ պրոբլեմն է, թե՞ բռունցքի: Նաեւ հետաքրքիր է` մեզանում մոնղոլ-թաթարական արմատներն ի հայտ եկան սահմանադրության մեջ երկքաղաքացիության դրույթն ամրագրելուց հետո՞, թե՞ դրանից առաջ: Նման հավերժական հարցադրումների շարքը կարելի է երկար թվարկել, սակայն սա էլ բավական կլինի: Իմ տպավորությամբ՝ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնմանն ուղղված էական քայլեր մինչ օրս չեն արվել, եւ, ինչպես նշեցի, մինչեւ ապրիլի 9-ը դժվար է ակնկալել:
– Իշխանությունները ստեղծեցին քառակողմ կոալիցիա եւ դա ներկայացրեցին իբրեւ իրավիճակը մեղմելուն ուղղված քայլ: Սակայն ակնհայտ է, որ դա ոչ մի ազդեցություն չունեցավ:
– Պետք է հասկանալ, որ քառակողմ կոալիցիան ի զորու չէ թուլացնել լարվածությունը, որովհետեւ դա իշխանական կոալիցիա է, մինչդեռ անհրաժեշտություն կա հասարակական կոալիցիայի: Այս կոալիցիայի ստեղծումն ավելի շատ արտաքին օգտագործման պրոդուկտ է, եւ այդ մասով՝ գուցե եւ տեղին: Սակայն ներքին դաշտում պետք է իրատես լինել եւ ընդունել, որ կոալիցիոն հուշագիր ստորագրելով այդ գործիչների բողոքական ընտրազանգվածը մի ակնթարթում չվերածվեց իշխանականի: Էլ չասենք արմատական անվանվող ընդդիմադիր ընտրազանգվածի մասին, որի գոյությունը փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: Պետք է հասկանալ նաեւ, որ այդ ընտրազանգվածը Լ.Տեր-Պետրոսյանը չի ստեղծել, նա պարզապես կարողացավ գլխավորել այն, ինչպես կարող էին գլխավորել ուրիշ գործիչներ, եթե կարողանային: Այլ հարց է, թե ով, ինչ նպատակներով եւ ուր է ուղղորդում այդ ընտրազանգվածի բողոքի սլաքը: Պետք է հասկանալ նաեւ, որ քաղաքական ընդդիմախոսներին փողոց դուրս բերելու ամենակարճ ճանապարհը նրանց խոսափողից զրկելն է: Իշխանությունը պետք է վերջապես ընկալի, որ ամենաանհաշտ ընդդիմադիրի հեռուստախոսքը միշտ անհամեմատ ավելի կշռադատված ու զուսպ է, քան միտինգային ելույթը, որովհետեւ նախ՝ միտինգին ներկա են միայն համախոհները, իսկ հեռուստացույց դիտում են բոլորը, երկրորդ` միտինգային խոսքն ունի իր տրամաբանությունը եւ անպատժելիության ավելի լայն դիապազոն, իսկ ահա հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ մամուլով արտահայտած մտքերի համար պետք է պատասխանատու լինել, այդ թվում նաեւ՝ երբեմն դատարանի առջեւ: Ինչո՞ւ ուրեմն իշխանությունը չի կարող համոզիչ հակափաստարկներ բերել իր հասցեին ուղղվող մեղադրանքների դեմ եւ նույն խոսափողից հանդարտ ու հավասարակշռված ներկայացնել իր մոտեցումները, համոզել հասարակությանը իր իրավացիության մեջ: Եթե չի կարող, ուրեմն դա իշխանության պրոբլեմն է, ուրեմն թույլ թիմով է հանդես գալիս, քանզի հակափաստարկներն ավելի քան բավարար են: Ըստ էության, այսօր ի՞նչ իրական պահանջներ կարող է դնել ընդդիմությունն իշխանության առջեւ: Իմ կարծիքով` միայն քաղաքական ազատությունները երաշխավորելու եւ արտահայտվելու հնարավորություն ընձեռելու: Երկրի ղեկավարմանը մասնակցությունից եւ իր տեսակետները լսելի դարձնելուց զրկված լինելու մասին արմատական անվանվող ընդդիմությունը չի կարող այլեւս բողոք ներկայացնել, քանզի «Ժառանգություն» կուսակցությունը կամավոր ստանձնեց խորհրդարանում հիշյալ ընդդիմության ներկայացուցիչը լինելու դերը, ինչով եւ զրկեց վերջինիս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ ներկայացնելու հնարավորությունից: Մինչդեռ դա կարող էր հանդիսանալ կոմպրոմիսային լուծումներից մեկը, եթե ոչ՝ լավագույնը: Նորից ու նորից կողմերն իրենց մտցրել են փակուղի, որից ելքը մատնացույց անելն այս անգամ ավելի շատ իշխանության խնդիրն է, որովհետեւ ուժեղը միշտ ավելի շատ զիջելու բան ունի, քան պատին սեղմվածը: Իսկ հասարակության վերը նշված շերտի իրավունքները մատնանշելը նաեւ մտավորականության ու քաղաքագետների պարտքն է, որովհետեւ մտավորականը պարտավոր է լինել ճնշվածի ու հալածվածի տարրական իրավունքների պաշտպանության դիրքերում, անգամ, եթե չի կիսում նրա հայացքները:
– Հիմա՞ էլ եք պնդում, որ Ս.Սարգսյանի ընտրվելն ամենեւին էլ չի նշանակում՝ իշխանության վերարտադրություն:
– Վստահ եմ դրանում, որովհետեւ Ս.Սարգսյանը ինքնուրույն գործիչ է եւ վարելու է միանգամայն ինքնուրույն քաղաքականություն: Չեմ կասկածում, որ շատ բաներ կփոխվեն Հայաստանում, եւ դրանք տեսանելի կլինեն շատ մոտ ապագայում: Ես միայն փաստում եմ, որ լինելու են փոփոխություններ, որ տեղի է ունեցել իշխանափոխություն, ոչ թե իշխանության վերարտադրություն: Այո, պնդում եմ հիշատակված հոդվածումս արծարծված միտքը, որ` Ս.Սարգսյանի հաղթանակը Քոչարյանի հաղթանակը չէ, բայց երաշխավորում է նրա անձեռնմխելիությունը, իսկ պարտությունը Ռ.Քոչարյանի դատավճիռն է: Եթե հիշում եք, նաեւ ասել էի, որ Ս.Սարգսյանը կարող է անգամ չթաթախվել, Ռ.Քոչարյանն ինքը բոլոր քայլերը կձեռնարկի, հնարավոր է անգամ ինչ-որ տեղ` Ս.Սարգսյանի կամքից անկախ: Այսինքն` ստացվում է եւս մի պարադոքսալ իրավիճակ. որքան մեծ է Ս.Սարգսյանի դեմ հակազդեցությունը, այնքան ավելանում է Ռ.Քոչարյանի կշիռը: Այնպես որ, ապրիլի 9-ը մի յուրահատուկ ճամփաբաժան է լինելու, որքան էլ շատերը ցանկանան, որ հետագա զարգացումները նման լինեն այս օրերի իրավիճակին, որպեսզի բարեփոխման որեւէ հույս բացառելով՝ արդարացնեն կոշտ առճակատման անհրաժեշտությունը, միեւնույն է` շատ շուտով օբյեկտիվ իրողությունն ամեն ինչ իր տեղն է դնելու: