ՀԺԱՄ նախագահ, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ՀՀ նախագահի` ՏԻՄ հարցերով նախկին խորհրդական Սեյրան Ավագյանի հավաստմամբ` հետընտրական ժամանակաշրջանի ամենածայրահեղական դրսեւորումներն արդեն տեղի են ունեցել, իսկ հետընտրական փուլի ավարտը կլինի ապրիլի 9-ին, որից հետո, ըստ նրա` Հայաստանն արդեն կհայտնվի քաղաքական նոր փուլում:
Նրա կարծիքով` հետընտրական ժամանակահատվածում Հայաստանում ծնվեց «խիստ վտանգավոր» երեւույթ` «իշխանության խնդիրը զենքի ուժով լուծելու գաղափար», եւ «չնկատել, չտեսնել այդ երեւույթը, կնշանակի փակել աչքերն ամենակարեւորի առջեւ»:
«Չեմ կարծում, որ այդ վտանգը հաղթահարված է, սակայն մենք դեռ լավ չենք պատկերացնում դրա հնարավոր հետեւանքները: Դեռեւս քաղաքական գործընթացներն իրենց բնականոն հունի մեջ չեն, եւ ցանկացած գործունեություն այս դաշտում կարող է կամ սնունդ տալ այդ վտանգի տարածմանը ողջ երկրում, կամ ծառայել վտանգը հաղթահարելու գործին: Վերադարձը բնականոն հունին կարիք ունի շատ լուրջ քաղաքական ծրագրի, եւ ամենակարեւոր անելիքը հենց այդ ծրագրի ստեղծումն ու դրա իրականացմանը խստագույնս հետեւելն է»,- ընդգծեց Ս. Ավագյանը:
Ըստ նրա` վերոհիշյալ ծրագրի մաս պետք է լինեն եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը, իսկ ստեղծված վտանգի հիմնական էությունն այն է, որ իշխանության խնդիրը զենքի ուժով լուծելու գաղափարը կրող մարդիկ բացահայտ չեն գործում եւ կարող են պահել նման քաղաքական գործընթացները բուն քաղաքական դաշտից թաքուն: «Եթե լրջագույն մեխանիզմներ չկիրառվեն, ապա վերադարձը դեպի քաղաքական բնականոն գործընթացներ կմնա միայն որպես բարի ցանկություն»,- ավելացրեց Ս. Ավագյանը: Նրա համոզմամբ` ձեւավորված կոալիցիան կարող է ծառայել այդ նպատակին, քանի որ, ըստ նրա` բավականին մեծ ուժեր են ներգրավվել այնտեղ: «Կոալիցիայի ձեւավորումը կարող է նպաստավոր լինել վտանգի հաղթահարման համար, եւ, իհարկե, իշխանությունն իր գործը պետք է անի: Այն խոստումները, որ տվել է նորընտիր նախագահը, առավելագույնն է, ինչ նա կամ որեւէ այլ երկրի նորընտիր նախագահ կարող էր անել: Դրանք վերաբերում են մեր ներքին եւ արտաքին կյանքի ամենակարեւոր ու խոցելի խնդիրներին: Սակայն կարծում եմ` լուրջ անելիքներ ունեն եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը, եւ՛ ցանկացած քաղաքական գործիչ: Անկախ նրանից, թե որ դաշտում է, նա պարտավոր է տեսնել այն վտանգը, որն առաջացել է, եւ իր ամենամեծ անելիքը պետք է լինի դրա հաղթահարման համար համապատասխան մոտեցում ու ծրագիր ձեւավորելը: Եթե քաղաքական գործչի դերը եւ նշանակությունը մեր ազգին ծառայելն է, այս պետության անկախության ամրապնդումն է, նա պարտավոր է այդպես մտածել: Կարծում եմ` իրավիճակը սթափ գնահատողներ կլինեն երկու կողմերում էլ, եւ անհրաժեշտ է, որ հենց նրանք կարողանան կառավարել իրավիճակը` տանելով իրադարձությունները հաղթահարման ճանապարհով»,- ասաց Ս. Ավագյանը: Վերջինիս գնահատմամբ` տեղի ունեցածի պատճառները ժողովրդի մեջ կուտակված դժգոհությունն է, եւ այս պարագայում իշխանության քաղաքական ուժերն այս դժգոհությանը «տեր կանգնելու», հաղթահարելու խնդիր ունեն: Դրանց հաղթահարման համար, ըստ
Ս. Ավագյանի` անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որոնք էլ, նրա դիտարկմամբ` հանրության առջեւ խոստացել է Սերժ Սարգսյանը:
Ս. Ավագյանի հավաստմամբ` հիմնական խնդիրը ՀՀ քաղաքական մշակույթի ճգնաժամն է, որովհետեւ հասարակությունը սխալ պատկերացում ունի իշխանության կառուցվածքի եւ քաղաքական խնդիրների լուծումների մասին, ինչի վառ դրսեւորում էին ինչպես մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները, այնպես էլ նախագահական ընտրությունները: «Ընտրողների մեծ մասը չգիտեր, որ նոր Սահմանադրությամբ իշխանության վճռական դերակատարումը տրված է ԱԺ-ին, այլ ոչ թե նախագահին, սակայն ընդվզումը տեղի ունեցավ նախագահի ընտրություններից հետո: ՏԻՄ ընտրություններն ընդհանրապես դուրս են մեր ընդդիմության տեսադաշտից, նրանք պարզապես չեն մասնակցում դրանց: Այսպիսով` քաղաքական մշակույթի ճգնաժամը կա նաեւ քաղաքական ուժերում, որովհետեւ հասարակության մեջ առկա թյուր պատկերացումն արտացոլված է նաեւ քաղաքական դաշտում: Ընդդիմությունը չունի ոչ մի պլատֆորմ տեղական իշխանությունում, ԱԺ-ում` չունի ազդեցիկ քաղաքական ուժ, բայց պատկերացնում է, որ Հայաստանի Սահմանադրության պայմաններում հնարավոր է, որ իրենց նախագահի թեկնածուն հաղթելու դեպքում կարող էր անել այն, ինչի մասին խոսում էր հրապարակում»,- նշեց Ս. Ավագյանը: «Հաղթահարման տարբեր սցենարներ կարող են լինել, չեմ պնդում, որ անպատճառ երկու կողմերը պետք է խոսեն միմյանց հետ: Հաղթահարումը կարող է նաեւ լռելյայն լինել, սակայն մեկը մյուսի քայլերը պետք է տեսնի եւ գնահատի, թե որքանով են դրանք բխում երկրի խորքային շահերից»,- հայտարարեց Ս. Ավագյանը: