Թաղապետը սկսել է իր քարոզարշավը

13/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն էր
տարածել, ըստ որի` Երեւանի Սուրբ Երրորդություն նորակառույց եկեղեցու
բակում օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ
աջակցությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի՝ 2004 եւ 2005 թթ.
նորապսակների կողմից կատարվեց ծառատունկ եւ հիմք դրվեց նորապսակների
պուրակի: Միջոցառմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Նշենք, որ բնակիչների մեծ մասը տեղյակ չէր, թե ինչ միջոցառում է եւ եկել
էին պարզապես հերթական շոուն դիտելու, որը կազմակերպել էր
Մալաթիա-Սեբաստիա համայնքի մշակույթի պալատը: Հարցիս, թե արդյո՞ք այս
միջոցառումը հունիս ամսին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական
քարոզարշավ չէ գործող թաղապետի օգտին, թաղապետ Աղվան Գրիգորյանը
պատասխանեց, որ սովորական շաբաթօրյակ է, իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում
շաբաթօրյակներ անելը դարձել է ավանդույթ: Իսկ թե ինչու էր այդ սովորական
շաբաթօրյակին շրջանառվում Վեհափառի անունը, պետք չէ երկար մտածել:
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Աղվան Գրիգորյանի՝ թաղապետի պաշտոնում
վերընտրվելու հարցում աջակցում է «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը:
Վեհափառը նույնպես ապարանցի է, հետեւաբար՝ միջոցառումը պետք է ունենար
զուտ թաղապետին սատարելու քարոզչության տրամաբանություն:

Թաղապետ Աղվան Գրիգորյանը փորձում էր հավաստիացնել, թե միջոցառման վրա
գումարներ չեն ծախսվել, սակայն բերվել էին մեծ քանակությամբ ծառեր, որոնք,
բնականաբար, գնվել էին համայնքի բյուջեի գումարներով: Ի պատասխան հարցիս,
թե ինչո՞ւ են նման ձեւական միջոցառումների համար գումարներ ծախսվում այն
դեպքում, երբ համայնքի բնակիչները բազմաթիվ խնդիրներ ունեն, թաղապետը
ասաց, որ ոչ մի գումար էլ չի ծախսվել: Իսկ բնակիչները համայնքի գումարների
այսօրինակ միջոցառումների վրա ծախսումների վերաբերյալ ճիշտ հակառակ
կարծիքն ունեին, թեեւ թաղապետի ներկայությունը նրանց ճնշում էր ավելի
անկեղծ խոսելու համար: