Թանկացումները շարունակվում են

28/03/2008

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ երեկ անցկացվեց ներքին շուկայում սպառողական ապրանքների գների ուսումնասիրման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

Քննարկվող հարցերը վերաբերում էին այս տարվա մարտի 25-ի դրությամբ միջազգային ու Հայաստանի ներքին շուկայում սննդամթերքի գների բարձրացումներին ու դրանց պատճառներին, ապրանքային շուկաների ուսումնասիրության մեթոդաբանությանը եւ այլն: Փոխնախարար Վահրամ Ղուշչյանը նշեց, որ դիտարկվել են սպառողական զամբյուղում ներառված առաջին անհրաժեշտության 6 ապրանքատեսակների՝ հացահատիկի, ալյուրի, ձեթի, շաքարավազի, կարագի եւ բրնձի շուկաները: Մոնիտորինգի արդյունքները հաստատել են նշված ապրանքատեսակների ներքին գների սերտ կապը միջազգային շուկաների գների հետ: Այս տարվա փետրվարին 2007թ. փետրվարի համեմատ միջազգային շուկաներում արձանագրվել է հացահատիկի՝ 26.1 տոկոս, արեւածաղկի բուսական յուղի՝ 46.9 տոկոս, բրնձի՝ 12.1 տոկոս, ալյուրի՝ 32.5 տոկոս, պանրի՝ 5.6 տոկոս գների աճ: Ներքին շուկայում նույնպես այս ապրանքատեսակները թանկացել են: Այս տարվա մարտի 25-ին ներքին շուկայում իրականացված մոնիտորինգն արձանագրել է ընթացիկ փետրվարի նկատմամբ գների հետեւյալ պատկերը. հացի գինն աճել է 13 տոկոսով, ալյուրի գինը՝ 9.7 տոկոսով, կլորավուն բրնձի գինը՝ 29.6 տոկոսով: Դրան զուգահեռ՝ երկարավուն բրնձի գինը նվազել է 15 տոկոսով, ձեթի որոշ տեսակների գներում նկատվել է գների մինչեւ 6.5 տոկոս նվազում, որոշ տեսակների դեպքում նաեւ՝ 5.8 տոկոս աճ, կարագի գները որոշ տեսակների մասով աճել են մինչեւ 2.1 տոկոսով, որոշ տեսակների մոտ՝ նվազել մինչեւ 3 տոկոսով: Շաքարավազի գներն աճել են 5.9 տոկոսով: Վ.Ղուշչյանի ասելով՝ եթե միջազգային շուկայում 2007թ. դեկտեմբեր-2008թ. հունվարին ցորենի 1 տոննայի գինը կազմել է 368-370 դոլար, ապա փետրվարի 27-ին արձանագրված գինն արդեն կազմել է 446 դոլար, իսկ մայիսի համար հայտարարված «ֆյուչերային» գործարքների գները կազմել են 540 դոլար: 2007-ի համեմատ արձանագրվել է նաեւ բրնձի գների աննախադեպ աճ՝ Ֆիլիպիններում 1 տոննայի գինը կազմել է 708 դոլար՝ անցած տարվա 334 դոլարի փոխարեն: