– Մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատում են աշխարհի բոլոր նորմալ
հեռուստաընկերությունները, որտեղ կա տեղ եւ՛ ժամանցային, եւ՛ վերլուծական,
եւ՛ մշակութային հաղորդումների համար: Ուղղակի ստերեոտիպ կա, որ եթե
հանրային է, ուրեմն հանդիսատեսի մեծամասնության համար պիտի անհետաքրքիր
լինի, այսինքն՝ խելոք տարիքով մարդիկ պետք է նստեն ու տարբեր խելոք
բաներից խոսեն, ու հանդիսատեսի 0,2 տոկոսը ուրախանա, որ այդպիսի խելոք
մարդիկ կան: Խոսքը մոտեցման մասին է: Եվ եթե ինչ-որ մեկը մտածում է, որ
Հանրային հեռուստատեսությունը պետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է
սովետական տարիներին, ապա ես պետք է իրենց հիասթափեցնեմ: Մենք դառնում ենք
ժամանակակից եվրոպական ալիք:
– Կա՞ ուրիշ ալիքներից լավ հաղորդումներ ընտրելու եւ Հանրային բերելու սկզբունք։
– Լավագույնները պետք է լինեն մեզ մոտ, եւ լավագույն հեռարձակումներն էլ
պետք է մերը լինեն: Ե՛վ ֆուտբոլը, եւ՛ Եվրատեսիլը: Մեր քաղաքականությունն
առողջ, մտածող ալիքի քաղաքականություն է. եթե կա լավագույնը, դա պետք է
մերը լինի:
– Չե՞ք կարծում, որ Հանրայինի հաղորդումների մեծ մասը սահմանափակ լսարանին են ուղղված։
– Սահմանափակ լսարան ասելով, պետք է նկատի ունենալ փաստերը՝ ռեյտինգները:
Լավ է թե վատ է, բայց սերիալները ունեն ամենամեծ լսարանը: Ես
հեռուստասերիալ չեմ նայում, բայց եթե սերիալ ցույց չտանք, կնշանակի ոչ թե,
որ բարձր չափանիշների ենք հետեւում, այլ որպես մենեջեր՝ տգետ ենք: Հաճելի
է խոսել մեր մշակույթի, գիտության, արժեքների մասին, բայց պետք է նաեւ
հարգել լսարանի ցանկությունները:
– «Հ1»-ի աշխատողներից հաճախ կարելի է լսել, որ ղեկավարությանը լավ հաղորդումներ պետք չեն:
– Ո՞վ է դա ասում: Գուցե այն մարդիկ, որոնց հաղորդումները ես փակել եմ,
քանի որ դրանք եղել են վատ սովետական, լավագույն դեպքում՝ մարզերի
ալիքներին համապատասխան հաղորդումներ:
– Մոդայի՞կ եք համարում մի քանի հարյուր միլիոն դոլարով նկարահանված ֆիլմերի էժան ու անորակ թարգմանություններ անելը:
– Որակը, իհարկե, բարձր չէ, բայց ֆիլմերը թարգմանելն օրենքի պահանջ է: Ես
ինքս, օրինակ, ամաչում եմ, երբ տեսնում եմ, որ Հայաստանում ռուսերեն
ֆիլմեր են նայում: ԱՊՀ երկրներում միայն մենք ենք դեռ ռուսերեն նայում:
Ե՛վ Ռուսաստանում, եւ՛ Վրաստանում, եւ՛ Ադրբեջանում թարգմանություններն
այնպիսին չեն, ինչպես ցանկալի է։ Մենք դուբլյաժ չենք անում, միայն
թարգմանություն։ Դուբլյաժը երկար աշխատանք է պահանջում, եւ նույնիսկ
սովետական ժամանակ տարին միայն մեկ-երկու ֆիլմ էր դուբլյաժ արվում։
Գումարի խնդիր չէ, այլ ժամանակի։ Հանրային ալիքը չի կարող տարին ընդամենը
երկու ֆիլմ դուբլյաժ անել։ Մենք շաբաթական մի քանի ֆիլմ ենք թարգմանում,
որովհետեւ այդքան է եթերի պահանջը։ Ես մեծ տարբերություն չեմ տեսնում մեր
թարգմանածի ու ասենք OPT-ի թարգմանությունների միջեւ։ Ավելի լավ է վատ
թարգմանել, քան խախտել օրենքը։ Մենք պետք է ամաչենք, որ Հայաստանում
ֆիլմերի հիմնական լեզուն ռուսերենն է։ Երբ խոսում ենք անկախության մասին,
առաջին շարքում պետք է լինի սեփական լեզվի հանդեպ հարգանքը։
– Հանրային կոչվող հեռուստաընկերությունները, որոնք պետության բյուջեից են
ֆինանսավորվում, ըստ տրամաբանության՝ պետք է գովազդ չունենան, քանի որ
հարկատուները փող են վճարում, որ հետաքրքիր հաղորդումներ դիտեն, այլ ոչ թե
գովազդ։ Եվրոպական հերուստաընկերությունները հիմնականում այդպես են
աշխատում։
– Այդպես չէ։ Ես ինքս շատ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց դժբախտաբար
այդպիսի բան չկա։ Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։ Ես
էլ կցանկանայի, որ գովազդ չլիներ։ Ռուսական «Կուլտուրա» ալիքն, օրինակ,
գովազդ չունի, քանի որ հարյուր տոկոսով ֆինանսավորվում է պետության
կողմից։ Իսկ մենք ֆինանսավորվում ենք այն չափով, որ կարողանանք ապահովել
հեռարձակումը եւ այլ խնդիրներ լուծենք։ Եթե մենք բավարարվեինք այն
գումարով, որը պետությունն է տալիս, մենք մի քանի օր հետո ստիպված
կլինեինք փակվել։
– Տեխնիկապես լավ զինված լինելով եւ ունենալով լավ մասնագետներ, «Հ1»-ը
քիչ ունի լավ հաղորդումներ, որոնք դիտելով, հանդիսատեսը մոռանա ալիքը
փոխելու մասին։
– Շատ ավելի լավ է, որ այսօր ալիքները շատ են, ու հանդիսատեսը ստիպված չէ
միայն մեկ ալիք դիտել։ Իսկ որոշելու համար՝ դիտո՞ւմ են, թե՞ ոչ,
գոյություն ունեն ռեյտինգներ, որոնք առայժմ հարցումների տեսքով եւ գովազդի
դաշտով են որոշվում, բայց շուտով կհայտնվեն տեխնիկական ռեյտինգները որոշող
ընկերությունները, եւ արդեն կարելի կլինի ամեն վայրկյան հետեւել, թե
յուրաքանչյուր ալիք հանդիսատեսի ինչ տոկոս է նայում՝ մեկ մարդու
ճշտությամբ։ Ես շատ դժգոհ կլինեի, եթե հանրապետության հարյուր տոկոսը «Հ1»
նայեր, դա կնշանակի, որ մենք դարձել ենք տոտալիտար երկիր։ Ես միայն ուրախ
եմ, որ ուրիշ շատ լուրջ ալիքներ իրենց լսարանն ունեն։
– Հեռուստաընկերությունները քիչ բանով են իրարից տարբերվում։ Գրաքննության պատճառով բոլոր ալիքների լուրերը գրեթե նույնն են։
– Նույնը լինել չեն կարող։ Գրաքննություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։ Եթե
«Հ1»-ում բամբասանքը, չստուգված տվյալների հրապարակումը քիչ է, դա չի
նշանակում, որ գրաքննություն կա։ Ես հավատացնում եմ, որ հաշվի առնելով
ընդհանուր լրատվական դաշտը, ամենաազատամիտ ու պրոֆեսիոնալ լրագրողների մեծ
մասը «Հայլուրում» են աշխատում։ Ես շատ լավ գիտեմ` ում մոտ, նկատի ունեմ
նաեւ տպագիր մամուլը, ինչ գրաքննություն կա, եւ ում թիկունքում ով կա
կանգնած։ Քանի դեռ ես Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահն եմ,
թող նրանք բարձրաձայն չասեն, որ «Հ1»-ում գրաքննություն կա, որովհետեւ այդ
ժամանակ ես էլ կարող եմ խոսել, եւ չեմ կարծում, որ այդ ժամանակ տուժողը
Հանրային հեռուստատեսությունը կլինի։ Ես շատ լավ գիտեմ մեր լրատվական
դաշտը, եւ վաղուց գիտեմ՝ սկսած 1997 թվականից, եւ գիտեմ մարդկանց, ովքեր
այդ դաշտում են աշխատում։ Եվ այդ պատճառով, ինչպես հայտնի մուլտֆիլմում է
ասվում՝ եկեք բարեկամաբար իրար չմեղադրենք։
– Համաձա՞յն չեք, որ նորություններին ավելի արագ արձագանքում է հենց տպագիր մամուլը, այլ ոչ թե հեռուստատեսությունը։
– Տպագիր մամուլում կան լավ լրագրողներ, բայց աշխարհում եթե կարեւոր դեպք
է կատարվում, հաստատ առաջինը հեռուստատեսությունն է արձագանքում։ Գուցե
տպագիր մամուլից ավելի շուտ իմանաք, որ Յոնջլախում մի մեքենա է այրվել։
Իսկ հասարակությանը հուզող բոլոր հարցերը մենք եւ՛ «Հայլուրով», եւ՛
տարբեր թոք-շոուներով ենք լուսաբանում։ Հեռուստատեսությունները երբեք
այդպիսի չարությամբ չեն խոսում թերթերի մասին։ Իրենք նույնիսկ մամուլի
տեսություններ են անում, պրոպագանդում են մամուլի աշխատանքը, որ
ընթերցողների թիվը մեծանա։ Կարելի է, չէ՞, ավելի հանդուրժող լինել մեր
աշխատանքի նկատմամբ։ Խիստ եղեք, քննադատեք «Հ1»-ը, այն ձեր փողերի հաշվին
է ապրում, բայց գոնե գնահատեք մյուս մասնավոր հեռուստաընկերությունների
աշխատանքը։ Մի մոռացեք, որ մի քանի հազար տպաքանակ ունեցող թերթերի
չարչարանքը չի կարող համեմատվել մեծ լսարան ունեցող ալիքների ծախսերի հետ։
Լսարանի մեծ մասը հեռուստաալիքներինն է եւ շատ փոքր մասը՝ թերթերինը։
Գրեք, որ գոնե մեկ-մեկ մասնավոր ալիքներն էլ են լավ բաներ անում։
Հեռուստատեսությունը մի համարեք չարիք։
– Գուցե սպասելիքներն են ավելի մեծ։ Իսկ հեռուստատեսությունը ոչ թե չարիք է, այլ՝ անհետաքրքիր։
– Անհետաքրքիր կարող է լինել մի մարդու համար, իսկ հարյուր հազարավոր մարդկանց համար՝ հետաքրքիր։
– «Հ1»-ի ո՞ր հաղորդումներն եք դուք համարում հաջողված։
– Հաջողված եմ համարում «Հայլուրը», ինչպես նաեւ «Իմ իրավունքը»,
«Բանաձեւը», «Հինգերորդ անիվը», կես տարի հետո նոր թոք-շոու կլինի, որը
կփոխարինի «Բաց նախագծին»։ Հեռուստատեսությունը միշտ թարմացվող բան է։
Շուտով եթերում կլինի նոր նախագիծ, որը Հրանտ Թոխատյանն է վարելու։ Իսկ
տարվա վերջում նոր քաղաքական նախագիծ կմտնի՝ ողջ աշխարհում մեծ ռեյտինգներ
ունեցող «Տիկնիկներ» շոուն։ Դրանք շատ թանկ նախագծեր են լինելու։ Այսօր էլ
Հանրային ալիքում կան տասնյակ հազար դոլարների հասնող նախագծեր։
– Իսկ «Նոր ալիքի» ֆինանսավորումը «Հ1»-ն է իրականացնո՞ւմ։
– «Նոր ալիքը» «Հ1»-ի երիտասարդական ալիքն է, որը գրեթե ամբողջությամբ
կոմերցիոն մուտքերի հաշվին է ֆինանսավորվում։ Այդ ալիքը ստեղծված է հատուկ
երիտասարդների համար եւ կոչված է զվարճալի լինելու։ Մեկ տարվա ընթացքում
«Նոր ալիքը» կսկսի հեռարձակվել ողջ հանրապետության սահմաններում։ Այդ
ալիքը պետք է դառնա հայկական MuzTV եւ նաեւ դպրոց՝ 14-22 տարեկան տղաների
ու աղջիկների համար։ Ի դեպ, նման ալիք կունենա նաեւ Հանրային ռադիոն, որը
կկոչվի «Նոր FM»։
– Չե՞ք կարծում, որ եվրոպական հեռուստալիքներին նմանվելու համար «Հ1»-ին
ավելի են պետք հասուն մարդիկ, քան իրենց կյանքում շատ քիչ բան տեսած ու
կարդացած 20-ամյա երիտասարդները։
– Ամեն ինչ համեմատելով է հասկանալի դառնում։ Եթե մեր դպրոցներում ու
բուհերում կրթությունն այդպիսին է, ես չեմ կարող փոխարինել դպրոցին։ Ես
ստանում եմ այն պրոդուկցիան, որը բուհերից ու դպրոցներից է գալիս։ Մի
մոռացեք, որ հեռուստատեսությունը սինթեզային արվեստ է, որտեղ տարբեր
հարցեր պետք է հաշվի առնել։
– Կնճիռնե՞րը։
– Ոչ միայն։ Մեր փորձը ցույց է տալիս, որ «Նոր ալիք» գալով, երիտասարդները
սկսում են հենց եթերում սովորել։ Այդ ճանապարհը ես ավելի եմ նախընտրում։
– Նրանք սովորում են, իսկ հանդիսատեսը այդ ժամանակ ի՞նչ պիտի անի։
– Հանդիսատեսը գնահատում է ալիքը՝ նայելով կամ չնայելով։ «Նոր ալիքն»
այսօր շատ բարձր ռեյտինգ ունի։ Իմ ասածը հիմնված է սոցհարցումների վրա։
Նաեւ՝ «Նոր ալիքում» գովազդ տեղադրել ցանկացողների թիվն ամեն ամիս
ավելանում է։ Չափանիշը դա է. եթե գովազդատուն ցանկանում է հաղորդման մեջ
գովազդ տեղադրել, ուրեմն այդ հաղորդումը լավն է։
– Իսկ այսուամենայնիվ, 40 տարեկան մարդը կարո՞ղ է աշխատել եթերում։
– Փորձեր եղել են, բայց որեւէ մեկը չի դիմացել ավելի երիտասարդների
մրցակցությանը։ Մի մոռացեք, որ ունենք մի քանի վարող, ում տարիքը շուտով
կմոտենա 40-ին։ Եթե հայտնվի 40 տարեկան մարդ, ով կարող է օրինակ,
«Հայլուրի» լուրերը վարել, ես նրան ուրախությամբ կընդունեմ աշխատանքի։
Բայց կասկածում եմ, որ այդպիսի մարդիկ կգտնվեն։
– Դուք գո՞հ եք «Հ1»-ից։
– Եթե գոհ լինեի, վաղուց թողած կլինեի այս աշխատանքը։ Ես գոհ կլինեմ
Հանրային հեռուստատեսությունից 2006 թվականի սեպտեմբերի 20-ից սկսած։ Այդ
օրը ես կարող եմ հեռանալ Հանրային ալիքից։ Այս ամռանը մենք դառնում ենք
Եվրոպական հեռարձակողների միության իսկական անդամ, որից հետո տեխնիկական
վերազինումը եւ ավտոմատացումն ենք ավարտում, ավարտում ենք նաեւ
պայմանագրերի ստորագրումները։ Շուտով եթերում ամեն ինչը նոր կլինի։
– Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի հետ ունեցած ձեր ընդհարումն ավարտվե՞լ է։
– Մամուլում կարդալուց հետո ես հասկացա, որ այդ կոպիտ բառապաշարն իմը չէ։
Գուցե խոսել եմ տաքացած, որի համար թող ընթերցողները ներողամիտ լինեն:
Հայաստանը պետք է ինտեգրվի եվրոպական արժեքներին եւ այդ չափանիշներով
ապրի։ Ե՛վ ֆրանսիական իմպրեսիոնիստների, եւ՛ Սարյանի մասին պատմող ֆիլմերն
ինձ համար հայկական են եւ իմ մշակութային արժեքների մեջ են մտնում։ Եթե
ինչ-որ մեկին թվում է հակառակը, ինձ դա նյարդայնացնում է։ Մենք կարող ենք
դառնալ եվրոպական մշակույթի մի մասը կամ մնալ գետտոյական փինաչիների
մշակույթ՝ արեւելյան բազարներին կամ փակ ռեզերվացիաներին հատուկ
մշակույթով։ Ոմանց թվում է, որ բացի հայ պոեզիայից, հայ նկարչությունից,
մնացածը աղբ է։ Երբ լսում եմ, որ երբ մենք թատրոն ունեինք՝ մնացածը դեռ
ծառերի վրա էին ապրում, ես այդ ասողին ուղղակի խղճում եմ։ Ես գոնե խղճում
եմ, եվրոպացիները ծիծաղում են։