Վերարտադրողական առողջության ապահովման ազգային ծրագրի շրջանակներում երեկ ՀՀ հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին բուժօգնություն է ցուցաբերվել 8 շրջիկ գինեկոլոգիական մեքենաների միջոցով: ՀՀ գլխավոր գինեկոլոգ, Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն «Արմենպրեսին» փոխանցել է, որ այդ մեքենաները հագեցված են նույնիսկ շտապ բուժօգնության համար անհրաժեշտ սարքավորումներով: Դրանց մի մասը գինեկոլոգիական ծառայություններ է մատուցում, մյուս մասը` անհետաձգելի բուժօգնություն: Անհրաժեշտության դեպքում հիվանդները տեղափոխվում են մայրաքաղաքի հիվանդանոցներ: «Շրջիկ գինեկոլոգները» մարզեր են մեկնում ամիսը 1 անգամ, տեղակայվում են տվյալ մարզի առաջատար պոլիկլինիկաներից մեկում եւ սպասարկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Բուժօգնությունը ցուցաբերվում է անվճար: Այս մեքենաներով մարզեր մեկնող մասնագետների մոտ նաեւ հղի կանայք են գրանցվում եւ պարբերաբար հետազոտություն անցնում` հավաստիանալու հղիության նորմալ ընթացքի մասին: