Արագածոտնի մարզի անտառային տարածություններն այսուհետ կգործեն իբրեւ մեկ միասնական միավոր. «Հայանտառի» կազմում մինչ այժմ գործող Ապարանի եւ Բյուրականի երկու մասնաճյուղերը միավորվել են ու ներկայանում են իբրեւ «Հայանտառ» ՊՈԱԿ Արագածոտնի անտառտնտեսության մասնաճյուղ: Իր հաշվեկշռում մասնաճյուղը 13.445 հեկտար տարածք ունի, որից անտառածածկ է 8480-ը: Եվ որպեսզի եղածը պահպանվի ու հարստացվի, անտառներում մշտապես համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրի Ազատյանն «Արմենպրեսին» ասել է, որ անտառների հանդեպ հոգածության անհրաժեշտությունը զգացվում է տարվա բոլոր եղանակներին: Ամռանը դրանք պահպանվում են հովեկների ոտնձգություններից, իսկ ձմռանն ապօրինի ծառահատումներն են սպառնում: Վերջին մեկ տարում, օրինակ, այդպիսի 3 դեպք է արձանագրվել, եւ հասցված վնասն ամբողջությամբ փոխհատուցվել է: