Թալինցու կենսամակարդակը` միջինից ցածր

28/03/2008 Թամարա ԹՈՐՈՍՅԱՆ

Թալինը գտնվում է Արագածի հարավ-արեւմտյան լանջին՝ Արտենի լեռան մոտ։

Տեղի բնակչությունը հիմնականում բաղկացած է 1828-1830 թվականներին Կարսից, Նախիջեւանից, Բայազետից եւ Ալաշկերտից գաղթածներից։ Բնակչության ընդհանուր թիվը վերջին տվյալներով կազմում է մոտ 5600 մարդ։

Այսօր թալինցու թիվ մեկ խնդիրը երիտասարդներին աշխատատեղերով ապահովելն է։ Երիտասարդների կեսից ավելին սովորում են Երեւանի բուհերում։ Ուսումն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետը՝ վերադառնալով ծննդավայր` մատնվում է անգործության։ Թալինում իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատատեղեր չկան, Իսկ Երեւանում վարձված բնակարանում ապրելով՝ աշխատելը ձեռնտու չէ երիտասարդին։ Ավելին, սկսնակ աշխատողի աշխատավարձը դժվար թե բավականացնի տան վարձի եւ կոմունալ վճարումներ կատարելու համար։ Նման պայմաններում կրթված, մասնագիտություն ձեռք բերած երիտասարդ տղան դառնում է «խոպանչիկ», իսկ աղջիկները՝ տանը նստած սպասում են ամուսնության հարմար առաջարկի։ Կրթության զարգացման ակադեմիայի Արագածոտնի մարզի պատասխանատու Զոյա Պապյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իր երեք զավակները նույնպես ունենալով բարձրագույն կրթություն՝ այժմ տանը նստած են` անգործ են։ Տիկին Պապյանի կարծիքով՝ անգործ երիտասարդներն իրենց ժամանակը, ստիպված, սպանում են ինտերնետ ակումբներում, դիսկոտեկում եւ զվարճանքի այլ վայրերում։ Երիտասարդներից առավել համառները, այնուամենայնիվ, փորձում են ծանոթներ գտնել կամ գումար հավաքել աշխատանքի տեղավորվելու համար։ Իսկ երիտասարդության այն հատվածը, ով չունի բավարար մտավոր կամ ֆինանսական կարողություններ՝ ուսումը շարունակում է Թալինի պրոֆուսումնարանում կամ փորձում աշխատանք ձեռք բերել Թալինի ադամանդի գործարանում։

Արտադրության ոլորտում նոր երեւույթ էր 2001թ.-ին Թալին քաղաքում կառուցված ադամանդի գործարանը՝ «Դայմոթեքը», որն իր առաջին արտադրանքը թողարկել է 2002թ. հունիսին։ Մասնավոր այս գործարանում աշխատում են 200-250 մարդ։ Միջին աշխատավարձը կազմում է 35.000 դրամ։

Իսկ ընդհանրապես Թալինի բնակչության մեծ մասի ֆինանսական հիմնական աղբյուրը արտագնա աշխատանքի մեկնած իրենց հարազատների կողմից ուղարկվող գումարն է։

Սոցիալական ծանր պայմանների, գործազրկության պատճառով Թալինից տարեցտարի ավելի շատ մարդ է հեռանում։ Տղամարդկանց մոտ 50%-ը գտնվում է դրսում` հիմնականում Ռուսաստանում, ուր մեկնել են արտագնա աշխատանքի։ Նրանց ընտանիքները Թալինում գոյատեւում են այնտեղից եկած գումարներով։ «Աշխատանքային տեսակետից ամենավատ շրջաններից մեկն է»,- նշեց մեր զրուցակից Ժիրայր Մկրտչյանը, եւ հավելեց, որ քաղաքի զարգացման համար միայն քաղաքապետի ջանքերը բավարար չեն, անհրաժեշտ է նաեւ պետական հովանավորություն։ «Դայմոթեքից» բացի, բնակչությանն աշխատանքով ապահովում են մի շարք պետական հիմնարկներ` հիվանդանոցը, դպրոցը, մանկապարտեզը, Ոստիկանությունը, Հրշեջ ծառայությունը եւ Էլեկտրացանցը։ Բնակչության եկամտի աղբյուր է նաեւ հանդիսանում անասնապահությունը եւ հողագործությունը։ Թալինցիները հիմնականում պահում են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ, զարգանում է նաեւ խոզաբուծությունը, թռչնաբուծությունը։ Անասնակերի թանկ գների պատճառով անասունների գլխաքանակը մեծ չէ։ Չնայած մսամթերքի եւ կաթնամթերքի այժմյան բարձր գներին, դրանք թալինցուց մթերվում են բավականին էժան գներով։ Այդ պատճառով բնակչության մեծ մասն անասնապահությամբ զբաղվում է միայն իր սեփական կարիքները հոգալու համար։

Հողագործության ճյուղերից զարգացած է ցորենի եւ գարու մշակությունը։ Սակայն Թալինի բնակլիմայական պայմանները անբարենպաստ են հողագործության համար։ Կլիման ցամաքային է՝ ձմեռը ցուրտ, իսկ ամռանը՝ շոգ եւ չոր։ Պատահում են ցրտահարություններ։ Իսկ գարնանը եւ ամռանը անձրեւի սակավության պատճառով սկսվում է երաշտը։ Թալինցու համար ոռոգման ջրի խնդիրն այսօր կարեւորագույն հարցերի շարքում է։ Գարնան անձրեւներից եւ ձնհալից հեղեղատներում ջուր կա մինչեւ հունիս ամսվա կեսը։ Հողերն էլ հիմնականում երրորդ եւ չորրորդ կարգի են։ Բնակչության որոշ մասը չի վարում եւ ցանում հողը, որովհետեւ եկամուտ չի ստանում անջրդի պայմաններում։ Թալինցիներին հուզող հարցերից է նաեւ խմելաջրի խնդիրը։ Խմելու ջուրը բնակչությանը տրվում է 12-ժամյա գրաֆիկով։ Քաղաքապետ Մնացական Մնացականյանը պարզաբանեց, որ դրա պատճառը ներքին ցանցի վատ վիճակն է։ Առաջիկա իր ծրագրերում նա նախատեսել է խմելաջրի ցանցի, ինչպես նաեւ ոռոգման ջրի երկու պոմպակայանի վերանորոգումը։ Ընդհանուր առմամբ քաղաքապետը Թալինի բնակչության կենսամակարդակը միջինից ցածր է գնահատում` վերջին մի քանի տարում Թալինի կյանքում մեծ առաջընթաց համարելով գազիֆիկացումը եւ Երեւան մեկնող միկրոավտոբուսների թվի աճը։