Ընթացքի մեջ են Չինաստանում հայ-չինական կաուչուկի գործարանի կառուցման աշխատանքները: «Նաիրիտ-2» գործարանի տնօրեն Ալբերտ Սուքիասյանն «Արմենպրեսին» ասել է, որ գործարանը կառուցվում է հայկական տեխնոլոգիաներով ու գաղափարներով, չինական կողմի ֆինանսավորմամբ: Գործարանի կառուցման համար անհրաժեշտ շուրջ 100 մլն դոլար ներդրումներն իրականացվել են չինական բանկերի կողմից` վարկերի տեսքով, սակայն հավանական է, որ ավելի մեծ ծավալներով ներդրումների անհրաժեշտություն լինի, քան նախատեսված էր ի սկզբանե` կապված չինական շուկայում գործարանի կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերի գների բարձրացմամբ: Ա. Սուքիասյանի հավաստմամբ, գործարանի կառուցման հայկական տեխնոլոգիաներն արժանացել են չինական կողմի հավանությանը, քանի որ էկոլոգիական եւ անվտանգության տեսանկյունից շատ բարձր որակ են ապահովում` համապատասխանելով ժամանակակից պահանջներին: Հայ մասնագետների առաջարկած նախագծով կառուցվող գործարանը տարեկան պետք է ապահովի շուրջ 30.000 տոննա կաուչուկի եւ կաուստիկ սոդայի արտադրություն, ընդ որում` արտադրության ծավալները հետագայում կարող են մեծանալ` կապված չինական շուկայում դրանց խիստ մեծ պահանջարկի հետ: Ա. Սուքիասյանը նշել է նաեւ, որ չինական շուկայում կաուչուկի եւ կաուստիկ սոդայի պահանջարկը գրեթե 3 անգամ գերազանցում է գործարանի կողմից արտադրվելիք ծավալները, քանի որ այդ երկրում դրանց կիրառման լայն բնագավառներ կան: Ա. Սուքիասյանի տեղեկացմամբ` նախնական պայմանավորվածությամբ նախատեսված էր գործարանի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնել եւ համատեղ ձեռնարկությունը շահագործման հանձնել 2009թ., սակայն չին մասնագետները խոստանում են, որ աշխատանքներն ավելի արագ ավարտին կհասցվեն, ինչի արդյունքում հնարավոր է, որ կաուչուկի գործարանը սկսի գործել արդեն այս տարեվերջին:
Շինարարական, մոնտաժային եւ ստորգետնյա աշխատանքներն արդեն իրականացվել են մոտ 75 տոկոսով: «Սակայն այս դեպքում ավելի կարեւոր է մտածել ոչ այնքան արագության, որքան անվտանգության մասին»,- ասել է նա: «Նաիրիտ-2» գործարանի տնօրենի փոխանցմամբ` Չինաստանում գործարանի կառուցման ժամանակ կիրառվող հայկական տեխնոլոգիաները մասամբ կիրառվել են նաեւ «Նաիրիտ» գործարանում: «Հենց դրանց շնորհիվ հաջողվեց «Նաիրիտը» վերագործարկել, սակայն, ցավոք, չհաջողվեց դրանք ամբողջությամբ ներդնել, քանի որ չկար անհրաժեշտ քանակությամբ հումք, նաեւ այն ներմուծելու հնարավորություն ֆինանսական եւ տրանսպորտային առումով»,- նշել է Ա. Սուքիասյանը: Հիշեցնենք, որ հայ-չինական համատեղ ձեռնարկության 40 տոկոսի բաժնետերը լինելու է Հայաստանը: Այս առնչությամբ Ա. Սուքիասյանն ընդգծել է, թե սա առաջին դեպքն է, երբ Հայաստանն այլ երկրի հետ միասին տվյալ երկրում համատեղ ձեռնարկություն է հիմնում: