ՌԴ-ն մտցրել են ցուցակի մեջ

28/03/2008

Մեծ Բրիտանիան անհանգստացած է Ռուսաստանի ժողովրդավարական ինստիտուտների վիճակից, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ընդդիմադիր շարժումների նկատմամբ ՌԴ իշխանությունների քաղաքականությունից: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության զեկույցում, որը նախօրեին ներկայացրել է նախարարության ղեկավար Դեւիդ Միլիբանդը: Ըստ այդմ` ՌԴ-ն ընդգրկվել է այն 22 երկրների ցուցակում, որտեղ ժողովրդավարության վիճակն առավել շատ է անհանգստացնում: Այդ ցուցակում տեղ են գտել, մասնավորապես, Աֆղանստանը, Կուբան, Իրաքը, Իրանը, Բելառուսը եւ Ուզբեկստանը: «Վերջին 18 ամիսները ցույց տվեցին, որ ՌԴ-ում ժողովրդավարության տարածությունը կրճատվում է: Խոսքը նախեւառաջ ոչ կառավարական կազմակերպությունների, ծայրահեղականության դեմ պայքարի օրենքի եւ ընդդիմադիր կուսակցությունների գործունեության սահմանափակումների մասին է»,- նշված է զեկույցում: Բրիտանական ԱԳՆ-ն հայտարարել է, որ լրջորեն անհանգստացած է 2007թ. դեկտեմբերին ՌԴ-ում կայացած Դումայի ընտրությունների ընթացքում տեղ գտած մեծաթիվ խախտումների վերաբերյալ տեղեկատվությունից: Ֆորին օֆիսն անհանգստացած է նաեւ ՌԴ-ում մամուլի ազատության սահմանափակմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունների աճից, ինչպես նաեւ՝ թափ առնող կրոնական ու ռասայական անհանդուրժողությամբ: