Հանձնվել է անհատույց

26/03/2008

Շինարարության իրականացման իրավունքով անհատույց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC Co) խողովակաշարային ընկերությանն է հանձնվել պետական սեփականության մեջ գտնվող 590,3 հեկտար հող: Վրաստանի կառավարության համապատասխան կարգադրությունը ստորագրել է վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն: «Ընկերությունն այդ հողերը կօգտագործի այնքան ժամանակ, քանի դեռ կիրականացվեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Հարավկովկասյան գազատարի շինարարությունն ու շահագործումը»,- ասված է կարգադրության մեջ, որն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից: Նավթամուղի նախագծային արժեքը գնահատվում է 3 միլիարդ դոլար: Նավթամուղի սկզբնական կետը գտնվում է Ադրբեջանի Սանգաչալ հանքավայրում, վերջնականը՝ Թուրքիայի Ջեյհան նավահանգստի նավթամբարն է: Նավթամուղի ընդհանուր երկարությունը կկազմի 1743 կիլոմետր, խողովակաշարի նախագծային թողունակությունը տարեկան 50 միլիոն տոննա է: 2007թ. Ադրբեջանն այս խողովակաշարով մատակարարել է ավելի քան 28 միլիոն տոննա նավթ, իսկ ընդհանուր առմամբ, գործարկման պահից ի վեր՝ ավելի քան 37 միլիոն տոննա: