Տնտեսության վրա՝ ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների մասին արդեն բավական շատ խոսվեց։ Թեեւ պաշտոնական վիճակագրությանը նայելով ու մեր պաշտոնյաներին լսելով՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2008թ. հունվար-փետրվար ամիսների տնտեսական աճը կազմել է 10.1%։ Կարծես ոչինչ չի փոխվել՝ շինարարությունն է շատ աճել (22.9%), ծառայությունների ոլորտը, անգամ՝ արդյունաբերությունն է 3%-անոց աճ արձանագրել։ Վիճակը տխուր է միայն արտաքին առեւտրի ոլորտում՝ ներմուծումն աճել է 30.2 տոկոսով, արտահանումն՝ ընդամենը 6.2 տոկոսով։ Սակայն դրա մասին չէ, որ ուզում ենք խոսել, այլ՝ ո՞ւր է գնում մեր երկրի տնտեսությունն ավելի գլոբալ իմաստով։
Դատելով վերջին տարիների զարգացումներից, ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա մոսկովյան այցից, ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից եւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի՝ «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցից՝ կարող ենք վստահ պնդել՝ հպարտ ու խրոխտ քայլերով գնում ենք դեպի Ռուսաստան։
Ավելի ճիշտ կլինի ասել՝ Ռուսաստանն է գալիս, ու մենք՝ հային բնորոշ հյուրասիրությամբ, ռուսներին ընդունում ենք աղուհացով։ Աղուհացի դերում հանդես են գալիս այն ընկերությունները, որոնք այժմ ռուսական կապիտալի հսկողության տակ են գտնվում։ Բազմիցս նշվել է, որ չի կարելի միանշանակ պնդել՝ լա՞վ է ռուսական կապիտալի այսչափ մեծ ներկայությունը, թե՞ ոչ։ Միանշանակ չեն նաեւ ցուցանիշները։ Օրինակ, նույն «Ռոսիյսկայա գազետա»-ի հոդվածում նշվում է, որ 2007 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է 65%-ով՝ հասնելով 700միլիոն դոլարի։ Սակայն «168 Ժամի» նախորդ համարներում մենք անդրադարձել ենք, որ այդ 700 միլիոնից ավելի քան 500-ը բաժին է ընկնում ՌԴ-ից ներմուծմանը։
Հոդվածում խոսք է գնում նաեւ տնտեսության առանձին ոլորտների մասին՝ հատուկ ուշադրության արժանացնելով էներգետիկայի ոլորտը. նշվում է Իրան-Հայաստան գազամուղի աշխատանքների մասին, որի մեջ միջոցներ է ներդնում «ՀայՌուսգազարդը»։ Հիշատակվում է նաեւ Սեւան-Հրազդան ՀԷԿ-ի արդիականացման գործընթաց եւ այն, որ 2008-2010թթ. ընթացքում կորպորացիան Հայաստանի էներգետիկայի ոլորտում կներդնի 30 միլիոն դոլար։ Հոդվածագիրը հիշեցրել է նաեւ, որ Հայաստանը գազ ստանում է 1000խմ-ն՝ 110 դոլարով, այն դեպքում, երբ տարածաշրջանի հարեւանները վճարում են 230 դոլարից ոչ պակաս։ Հայաստանը ռուսների հետ համագործակցում է նաեւ ատոմային էներգետիկայի, բանկային, հեռահաղորդակցության եւ այլ ոլորտներում։ Փաստորեն, մեր տնտեսական հարաբերությունները ծաղկում են ապրում։
«Ռոսիյսկայա գազետա»-ի թղթակիցը հարց է ուղղել ԿԲ նախագահ Տ. Սարգսյանին՝ ի՞նչն է նպաստում Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական կապերի առաջընթացին։ Ի պատասխան, պրն Սարգսյանը ժամանակակից տնտեսության մեջ կարեւորել է ժամանակի եւ վստահության գործոնները։ «Եթե կա փոխըմբռնում, ապա տնտեսական հարաբերություններն արագ են հաստատվում։ Մենթալիտետը, ավանդույթները, լայն մշակութային հենքը, որոնք միշտ միավորել են Հայաստանին եւ Ռուսաստանին, դառնում են նոր գործարար հնարավորությունների ստեղծմանը նպաստող կարեւոր խթան։ Եվրոպայի, Ամերիկայի հետ շատ ավելի բարդ է. նոր տնտեսական հարաբերությունների հաստատման համար ժամանակ է պետք, իսկ ժամանակը փող է»,- ասել է Տ. Սարգսյանը։ Փաստորեն, ստացվում է՝ շա՜տ խնայող ազգ ենք, գրեթե բոլոր ստրատեգիական օբյեկտները տվել ենք ռուսներին՝ փող խնայելու համար։ Մեկ էլ զարմանալի է, որ ռուսների հետ շատ ընդհանուր բաներ ունենք, հեշտ լեզու ենք գտնում, բայց արի ու տես, որ 100 միլիոն դոլարի դիմաց նրանք մեզնից վերցնում են մի քանի գործարան։ Իսկ ահա «դժվար» ամերիկացիները մինչ այժմ Հայաստանին տրամադրել են 1 միլիարդ դոլարից ավելի օգնություն։
Ի դեպ, «Ռոսիյսկայա գազետա»-ի հաջորդ հարցը վերաբերում է հենց օգնության թեմային՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին տրամադրվելիք 235 միլիոն դոլարին։ Լրագրողը, մասնավորապես, հարցրել է, թե ծրագրի հնարավոր կասեցումն ինչպե՞ս կանդրադառնա երկրի տնտեսության վրա։ Տ. Սարգսյանի պատասխանն անչափ հետաքրքիր է, այդ պատճառով կանդրադառնանք մաս-մաս։ «Իհարկե, այդ ծրագիրը շատ կօգներ Հայաստանին։ Սակայն մենք ավելի շատ հենվում ենք մեր սեփական տնտեսական պոտենցիալի վրա։ Հայաստանը կշարունակի ընթանալ շուկայական ռեֆորմների ճանապարհով»,- փաստորեն, Տ. Սարգսյանն անուղղակիորեն հաստատում է, որ ծրագիրը սառեցվելու է։ Հետաքրքիրն այստեղ այն է, որ օրեր առաջ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը շատ լավատեսորեն էր տրամադրված այս հարցում։ Շարունակենք Տ. Սարգսյանի պատասխանը. «Եվ այն ցուցանիշները, որոնք արդեն կան եւ անպայման կլինեն, թույլ կտան մեր ամերիկացի գործընկերներին՝ վերանայել իրենց որոշումը եւ վերականգնել ծրագիրը»։ Մինչեւ առաջ անցնելը նշենք, որ հայաստանյան ԶԼՄ-ներից մեկում այս ամենի մասին պատմող նյութը վերնագրվել էր՝ «Հայաստանի ցուցանիշները ամերիկացիներին ստիպել է փոխել իրենց որոշումը»։ Նախ՝ Տ. Սարգսյանը խոսել է ոչ թե «ստիպելու», այլ «թույլ տալու» մասին, եւ երկրորդ՝ նրա ապառնի ժամանակաձեւը (թույլ կտան) փոխվել-դարձել է ներկա վաղակատար «ստիպել են»։ Սակայն սրանք, իհարկե, մանրուքներ են։ Կարեւորն այն է, որ Տ. Սարգսյանի խոսքերից ստացվում է՝ ամերիկացիները ծրագրի շարունակել-չշարունակելու հարցը որոշում են՝ ելնելով մեր տնտեսական ցուցանիշներից։ Իսկ մենք մտածում էինք՝ լրիվ ուրիշ չափանիշներ կան. ժողովրդավարություն, արդար կառավարում եւ այլն։ Փաստորեն մենք բոլորս թյուրիմացության մեջ ենք եղել։ Եվ, վերջապես, պատասխանի վերջին մասը. «Ռուսաստանի հետ Հայաստանի ունեցած սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել ներկայումս առկա մի շարք հիմնախնդիրներ, այդ թվում նաեւ՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսական աջակցության ժամանակավոր դադարեցումը։ Վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանի հետ հարաբերությունների ակտիվացումը վկայում է, որ Հայաստանում ֆինանսա-տնտեսական հիմնախնդիրները հաղթահարելի են»։ Պատասխանի այս վերջին մասը կարելի է 2 ձեւով հասկանալ. առաջին՝ ուղղված ամերիկացիներին՝ պա՛հ, վախեցրիք, էլի, մենք մեր խնդիրներն առանց ձեզ էլ կլուծենք, մեզ մի ասեք` որը որից հետո է, եւ երկրորդ՝ ուղղված ռուսներին՝ տեսնո՞ւմ եք մենք ձեզ ինչքան ենք սիրում, այնքան, որ Արեւմուտքի հետ էլ գժտվեցինք, Բուշն էլ չշնորհավորեց։ Դե, մի քիչ էլ դուք մեզ սիրեք ու ձեր սերն արտահայտեք «քեշ» փողով ու՝ ոչ միայն։
Ռուսները կարծես իրենց «հա»-ն էն գլխից են ասել։ Ու երեւի թե կսկսեն մեզ սիրել ավելի խորը եղբայրական սիրով՝ ինչպես վայել է ռազմավարական գործընկերներին։ «Մանր- մունր» հարցերի շուրջ էլ (գազի գին, երկաթգիծ եւ այլն) կարելի է համաձայնության գալ. չէ՞ որ մենք իրար ավելի լավ ենք հասկանում, քան Արեւմուտքին։ Միակ խնդիրը, թերեւս, այն է, որ սիրո «օբյեկտ» չի մնացել՝ այդ սիրուն ավելի առարկայական տեսք տալու համար։ Չնայած՝ ո՞վ գիտի, ով փնտրում է, նա գտնում է։
Չնայած դեպի Ռուսաստան տանող մեր բռնած ուղուն՝ մենք անդրադարձանք միայն տնտեսական կամ «փողային» կտրվածքով, խնդիրն ավելի լայն շրջանակ ունի։ Այսինքն, մենք դառնում ենք ռուսների անբաժան ուղեկիցը՝ երկար ժամանակով ու ամեն հարցում։ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի համար այլեւս դժվար կլինի իր արեւմտյան գործընկերների հետ զրուցել մեր աննման «կոմպլեմենտարության» մասին, քանի որ արդեն անգամ կանաչի ծախողներին պարզ դարձավ, որ մենք դառնում ենք «սուպեր ռուսամետ»՝ ամերիկյան կրթությամբ արտգործնախարարով։ Դժվար է ասել՝ արտաքին քաղաքական կուրսի նման ակնհայտ բեւեռացումը հետընտրական զարգացումների արդյո՞ւնքն էր, թե՞ ընտրություններն էին այդ բեւեռացման արդյունքը։ Այսինքն՝ կդառնայի՞նք մենք այսպես վառ արտահայտված ռուսամետ, եթե չլինեին փետրվարի 19-ը ու դրան հաջորդած դեպքերը։ Թե՞ այդպիսին էինք, պարզապես հիմա դա երեւաց։ Այստեղ տեղին է հիշեցնել ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանի խոսքերը՝ 2006թ. «168 Ժամին» տված հարցազրույցից. «Հայաստանի համար կարեւոր է ունենալ մեկը, ով հնարավորություն կունենա սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը: Կարծում եմ, Հայաստանի համար վտանգավորը չափից դուրս կախվածությունն է Ռուսաստանից: ՀՀ-ն բավարար կերպով չի գնահատում իր ռազմավարական դերը եւ գերագնահատում է ՌԴ-ի դերը: Հայաստանում կցանկանայի տեսնել այնպիսի առաջնորդի, որը հնարավորություն կունենա ու ճարպիկ կլինի՝ թույլ չտալու համար, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի հերթական գերին»,- կարծում ենք՝ անկախ նրանից՝ Ռիչարդ Գիրագոսյանին համարում են «Ամերիկայի մարդ», թե ոչ, այս խոսքերի հետ դժվար է չհամաձայնել։
Իսկ մենք, անկախ ամեն ինչից, հպարտ ու խրոխտ քայլերով գնում ենք (կամ մեզ տանում են) դեպի Ռուսաստան՝ քառակողմ կոալիցիայով, որի կողմերից մեկը ժամանակին հրաժարական տվեց ՆԱՏՕ-ասիրական իր պատկերացումները հրապարակայնորեն արտահայտելու համար, մյուսն էլ՝ ավանդաբար ռուսների հետ չունի։ Եվ դեպի Ռուսաստան գնում ենք ոչ միայն այն պատճառով, որ իրար հետ լավ ենք, այլ՝ ուրիշ գնալու տեղ, ցավոք սրտի, չունենք։