Ծաղկաձորում մարտի 23-ին մեկնարկել է 3-օրյա հայ-չինական գործարար համաժողով, որի շրջանակներում Չինաստանից Հայաստան են այցելել մի քանի տասնյակ խոշոր գործարարներ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ճյուղեր: Հայ-չինական նման համաժողով անցկացվում է առաջին անգամ:
Այն կազմակերպվել է հայկական կողմից` «Մուլտի ագրո» կոնցեռնի նախաձեռնությամբ` նպատակ ունենալով չինացի գործարարներին ներկայացնել Հայաստանը, այստեղ ներդրումներ իրականացնելու հեռանկարները, Հայաստանի տարբեր ոլորտներում առկա ներուժը եւ այլն:
Ըստ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի` հայ-չինական ապրանքաշրջանառության աճի տեմպերն այժմ արդեն բավականին բարձր են, քանի որ որոշ գործարարներ կարողացել են հաղթահարել տրանսպորտային դժվարությունները, ինչը թույլ է տալիս չինական շուկայից Հայաստան ներկրել բավականին մատչելի գներով ապրանքներ: «Չինաստանն այն երկիրն է, որը կկապի մեզ ասիական աշխարհի հետ, եւ այսպիսով մենք կկարողանանք նոր տեխնոլոգիաներ ներկրել ավելի մատչելի գներով»,- ասել է Ն. Երիցյանը: Նա նշել է, որ չին գործարարները հետաքրքրված են Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերում գործունեության իրականացմամբ կամ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացնելու մտադրություն ունեն:
Ն. Երիցյանի ասելով` չին գործարարներին ամենից շատ հետաքրքրում է համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում, ֆինանսական հատվածում, որտեղ արդեն օտարերկրյա ներդրողներ կան, ինչպես նաեւ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, սննդի վերամշակման եւ այլ բնագավառներում: «Մուլտի ագրո» կոնցեռնի նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի խոսքով էլ` չին գործարարները համաձայնել են ընդունել հայկական կողմի հրավերը, քանի որ հետաքրքրված են Հայաստանում բիզնես իրականացնելու առաջարկներով: Հայաստանում, ըստ նրա, դեռեւս կան տնտեսության մի շարք ճյուղեր, որոնք ուսումնասիրելու եւ որոնցում ներդրումներ իրականացնելու կարիք կա: Չինացիները պետք է համոզված լինեն, որ իրենց կողմից իրականացվելիք ներդրումները Հայաստանում արդարացված են: Նման գործարար հանդիպումները շարունակվելու են նաեւ այլ երկրների ներկայացուցիչների հետ, իսկ առաջինը չին գործարարներին Հայաստան հրավիրելը Գ. Ծառուկյանը բացատրել է նորագույն տեխնոլոգիաների եւ նոր սարքավորումների ոլորտում նրանց հետ համագործակցության առավել շահավետ լինելով: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ չինական ներդրումների արդյունքում հնարավոր կդառնա արտասահմանյան շուկա դուրս բերել «Արտադրված է Հայաստանում» պիտակով մի շարք արտադրատեսակներ: «Մենք Չինաստանը դիտում ենք ռազմավարական գործընկեր Հայաստանի համար ոչ միայն զուտ ռազմաքաղաքական, այլեւ տնտեսական առումով: Ուրախ ենք, որ չինացիները Հայաստանը դիտում են որպես իրենց հավանական գործընկեր»,- ասել է Ա. Ղազարյանը: «Կարծում եմ` ճիշտ ժամանակին է այս նախաձեռնությունը, քանի որ թե Հայաստանի, թե Չինաստանի տնտեսական զարգացման դինամիկան վերջին տարիներին բավական խոստումնալից է` չնայած մասշտաբների տարբերություններին. 2 երկրներն էլ արագ զարգանում են, ունեն մակրոտնտեսական կայունություն եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ են: Չինաստանի հետ համագործակցության կայացումը պետք է առաջիկա տարիներին լինի մեր գերակայություններից մեկը: Դրա հիմքերը կան, արդեն ունենք համագործակցության հիմքերը»,- ասել է Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանը: Իսկ Չինաստանի Արտաքին առեւտրի եւ տնտեսական համագործակցության գերատեսչության ղեկավար Չանգ Յեն համաժողովի ընթացքում հայտարարել է, թե Չինաստանի Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը, որը ներկայացնում է չինական պատվիրակությունը, մտադրություն ունի ամրապնդել եւ զարգացնել Հայաստանի հետ տնտեսական կապերն ու ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ: