Թուրքիայի պալատների եւ փաստաբանական կոլեգիաների միությունը «կառուցիր-աշխատացրու-շրջանառիր» եղանակով արդիականացման աշխատանքներ է սկսել թուրք-վրացական Սարպի սահմանադռանը: Թուրքական «Ռադիկալի» փոխանցմամբ, Հարավային Կովկաս եւ Միջին Ասիա բացվող սահմանադուռն արդիականացնելու համար փաստաբանական կոլեգիաների միությանը կից Մաքսատների եւ զբոսաշրջության ձեռնարկությունների բաժնետիրական ընկերությունը 41 մլն ՆԹԼ (մոտ 34 մլն դոլար) գումար է հատկացրել: Հիշյալ ընկերությանը սահմանադուռն աշխատեցնելու 20 տարվա ժամկետ է հատկացվել: Ենթադրվում է, որ մինչ այժմ տարեկան 180 հազար ավտոմեքենաներ եւ 1,3 մլն մարդ սպասարկող սահմանադուռն արդիականացվելուց հետո տարեկան կսպասարկի 500 հազար մեքենաների եւ 3 մլն մարդու:
Սահմանադռան վերանորոգման աշխատանքների հետ կապված արարողությանը մասնակցել են Թուրքիայի փոխվարչապետ Հայաթի Յազըջըն, պալատների եւ փաստաբանական կոլեգիաների միության նախագահ Ռըֆաթ Հիսարջըքօղլուն, Մաքսատների եւ զբոսաշրջության ձեռնարկությունների բաժնետիրական ընկերության նախագահ Արիֆ Փարմաքսըզը, Վրաստանի ֆինանսների նախարարը, Պալատների միության նախագահը եւ Բաթումի քաղաքապետը: Արդիականացվելուց հետո սահմանադուռը մեքենաներին կսպասարկի ավտոմեքենայից առանց վարորդների դուրս գալու: