Փոթորիկ Ղարաբաղում

26/03/2008

Մարտի 22-ին Ղարաբաղում մոլեգնած ուժեղ փոթորիկը, որի արագությունը հասնում էր 50 մ/վ-ի, հսկայական վնաս է հասցրել: Փոթորկի արդյունքում պոկվել են տանիքներ, արմատախիլ արվել ծառեր: Ամենամեծ վնասը կրել են Ստեփանակերտն ու Մարտունու շրջանը: Հանրապետությունը զրկվել է էլեկտրականությունից: Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում այրվել են 2 տուն: Շաբաթ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ստեղծվել է շտաբ, որը ղեկավարում է վարչապետ Արա Հարությունյանը: Ներկայումս շարունակվում է տարերքի հասցված վնասի հաշվարկումը: Նախնական տվյալներով՝ այն կազմում է 250 մլն դրամ: Ըստ «karabakh-open.com» կայքի` վերականգնողական աշխատանքները սկսվել են շաբաթ երեկոյան: Երկուշաբթի օրվա կեսօրին Ստեփանակերտի մի քանի թաղամասերում էլեկտրականությունը վերականգնվել է: Քաղաքային ծառայությունները վերականգնում են շենքերի տանիքները` համապատասխան շինանյութերը մատակարարվում են: Փողոցներն արդեն մաքրված են, իսկ տեղ-տեղ խափանված հեռախոսակապը վերականգնվել է:

«Երեկվանից էլեկտրամատակարարումը վերականգնվել է, եւ բնակավայրերի մեծ մասում հոսանք կա»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` նկատելով, թե մարտի 21-ի ուժգնության քամի Ղարաբաղում չէր արձանագրվել վերջին 70 տարում: «Ստեփանակերտը, Ասկերանի, Մարտունու շրջանների մեծ մասը եւ Հադրութի շրջանն ամբողջությամբ եղել են այդ քամու գոտում: 89 մարդ թեթեւ վնասվածքներ են ստացել: Այս պահին սկսվել են վերականգնողական աշխատանքները»,- հավելել է Արա Հարությունյանը: