ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը ներկայացնող գործարարների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ կոալիցիոն գործընկեր եւ գործարար Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ով վերջին շրջանում գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ Ս. Սարգսյանի կողքին է: Չինաստանի արտաքին առեւտրի եւ տնտեսական համագործակցության գերատեսչության ղեկավար Ժանգ Յեն` շնորհավորելով Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ, հայտնել է, որ այցի նպատակն այն է, որ Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար շրջանը մտադրություն ունի ամրապնդել եւ զարգացնել Հայաստանի հետ տնտեսական կապերն ու ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ: Ս. Սարգսյանն ի պատասխան հայտնել է, որ Չինաստանի հետ Հայաստանի քաղաքական կապերը, ինչպես նաեւ տնտեսության եւ այլ ոլորտներում գործակցությունը տարեցտարի ամրապնդվում են: Նաեւ նկատել է, թե գործարարների այսպիսի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան վկայում է հայաստանյան շուկայի նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության, մետալուրգիայի եւ մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության հարցեր: