Մի ծննդաբերության պատմություն

13/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Մայրանալու եւ հայրանալու հաճույքն այնքան մեծ է, իսկ խորհուրդն այնքան
բովանդակալից, որ ստիպում է մարդկանց անտեսել բոլոր տեսակի
դժվարությունները, որոնք հանդիպում են այս ճանապարհին: Խոսքն, իհարկե, այն
դժվարությունների մասին է, որոնք առնչվում են երեխա ունենալուն եւ նրան
պատշաճ պայմաններում պահելուն եւ մեծացնելուն: Պետք է խոստովանել, որ
երեխա ունենալու հաճույքը թանկ արժե, հատկապես, եթե ուզում ես լավ բժշկի
մոտ եւ հեշտ ունենալ, որ երեխայիդ մասին մինչեւ դուրս գրվելը հոգ տանեն եւ
ընդհանրապես, եթե ուզում ես օգտվել ծննդատան պարզ, բայց, չգիտես ինչու,
արտոնյալ համարվող այլ բարիքներից:

«Ի՞նչ արժե երեխա ունենալը» գրեթե հռետորական հարցին կարող է պատասխանել
միայն ծննդաբերության փորձ ունեցող կինը, որին փնտրելու առիթ չունեցանք,
քանզի մեր աշխատակիցներից մեկը հենց վերջերս էր ծննդաբերել: Մայրանալու
նրա պատմությունը նոր պատրաստվողների համար գուցե ուղեցույց լինի,
հատկապես ֆինանսները ճիշտ հաշվարկելու հարցում:

«Լյուքսի» գինը

Ծննդատան ընտրության հարցում մեծ դեր են խաղում հիգիենիկ պայմանները եւ
հարմարավետությունը, որը ներկայիս ծննդատներում լուծվում է «լյուքս» եւ
սովորական հիվանդասենյակների ընտրությունն ապահովելով: Այսպես, «լյուքս»
սենյակի գլխավոր առավելությունն առանձին սանհանգույցի առկայությունն է՝
մշտական տաք եւ սառը ջրով: «Լյուքս»-ի մեկ օրվա գինը 6.000 դրամ է՝
սովորական սենյակի գնից կրկնակի թանկ: Հղի կանանց մեծ մասը նախընտրում է
ծննդաբերել այն բժշկի մոտ, որին խորհուրդ են տալիս ծանոթ-բարեկամները,
համոզիչ փաստարկներ բերելով՝ հօգուտ բժշկի «ոսկյա ձեռքերի»: Մեր աշխատակցի
դեպքում, բժիշկն, իրոք, ամեն ինչ արել էր, որպեսզի ծննդկանը պրոբլեմ
չունենա: «Ծննդատուն մուտք գործելուն պես՝ հիվանդանոցի դրամարկղում
մուծում ես կատարում 12.000 դրամի չափով,- պատմում է մեր աշխատակիցը:
-Բայց դա, փաստորեն, վիրահատության գումարը չէ: Ծնունդն ընդունող բժշկի
հետ կար 100 դոլարի պայմանավորվածություն: Նա մեզ նախազգուշացրել էր, որ
եթե երեխան ծնվի ոչ իր հերթապահության ժամերին, ապա ծնունդն ընդունող
բժշկին պետք է վճարվի եւս 40.000 դրամ: Ամեն ինչ տեղի ունեցավ հենց իր
հերթապահության ժամանակ, բայց պարզվեց, որ 40.000-ը, միեւնույն է, պետք է
վճարվի»: Ծննդատանը հետաքրքիր պերսոնաժների պակաս չկա, սկսած պալատային,
այսպես կոչված, ցերեկային բժշկից ու բուժքրոջից, վերջացրած՝ սանիտարներով
ու հավաքարարներով: Ընդ որում, մեկ ծննդկանին հասնում է այնպիսի
քանակությամբ բուժծառայող, որ երկրորդ օրը ծննդկանը սկսում է նկատել իր
մոտ դեժավյուի նախանշաններ, կամ կասկածել, որ ծննդատունն ունի
բուժաշխատողների կլոնավորման ընդհատակյա լաբորատորիա, կամ այս բոլոր
ճերմակ խալաթավորներն ուղղակի ինքնակոչներ են: Նրանցից ոմանք էլ իսկական
ֆանտոմներ են, որոնց չես տեսնում, բայց գիտես, որ նրանք կան: «Մի օր
բուժքույրը եկավ, թե՝ ավագ բուժքույրը շոկոլադե պլիտկայա ուզում: Ավագ
բուժքրոջը նույնիսկ տեսած չկայի: Երկար փնտրելուց հետո, ասացի, որ պլիտկա
չունեմ՝ «Բաունտի» կա: Բուժքույրը հրաժարվեց: Հետո անախորժություններից
խուսափելու համար զանգահարեցի ամուսնուս, խնդրեցի՝ հետը շոկոլադ բերի»:
«Լյուքս»-ում տեղավորվածները բուժքրոջը, սանիտարին, հավաքարարին վճարում
են օրական միջինը 1000 դրամ: Վերելակավարին՝ 500-1000: Անհրաժեշտ թղթերի
ստորագրումը եւս գումար արժե:

Երիտասարդ մորը ծննդատնից դժկամությամբ են դուրս գրում: «Արդեն չորրորդ
օրն էր, ինձ դուրս չէին գրում, թեեւ ոչ մի բարդություն չեմ ունեցել
ծննդաբերելիս: Բժիշկս էլ նայելուց ասում էր՝ ամեն ինչ լավ է, բայց հենց որ
իմացավ ուզում եմ տուն գնալ, սկսեց մնալու պատճառներ փնտրել՝ էս վերքդ
դուրըս չի գալիս եւ այլն: Բայց ամենահետաքրքիրը վերջում է,- պատմում է մեր
աշխատակիցը,- երբ դուրս գրվելու պահին հայտնվում են բոլոր-բոլորը եւ
հասկացնելով՝ ամուսնուն դիմում, իբր՝ գիտե՞ս, ծննդաբերության ժամանակ ես
իրա ձեռքն եմ բռնել, գիտե՞ս, ես իրա անկողինն եմ փռել, վերջին պահանջներն
են ներկայացնում»:

Մեդալի հակառակ կողմում

Առողջապահության նախարարության՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման
բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանից տեղեկացանք, որ ծննդօգնությունը
բոլոր ծննդատներում իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Ամեն ծննդին
պետությունը վճարում է 35.000 դրամ, եթե նպաստ ստացող ընտանիք է՝ եւս
35.000 դրամ: Սակայն քանի որ ծննդատները մեծ մասամբ այսօր
սեփականաշնորհված ՓԲԸ-ներ են, ապա կարող են իրենց իրավունք վերապահել
վճարման որոշակի գումար սահմանել, բայց՝ ոչ թե ծննդօգնության, այլ՝
բուժծառայության համար, որը պարտադիր բնույթ չի կրում: Ծննդկանը կարող է
հանգիստ հրաժարվել այդ գումարը վճարելուց: Տիկին Ավագյանի խոսքերով, բուն
ծննդաբերության որակի կամ երեխայի խնամքի վրա դա չպետք է անդրադառնա: «Ոչ
մի բժիշկ ֆաշիստ չէ եւ պետք չէ կանխավ տրամադրվել, որ եթե չվարձատրես՝ վատ
են վերաբերվելու: Բայց եթե ես ձեզ ասեմ, թե իր ծանր աշխատանքի դիմաց որքան
է վարձատրվում բժիշկը, նրանք ձեր մեղքը կգան: Ծննդատան յուրաքանչյուր
բժիշկ 4-5 օր շուրջօրյա հերթապահություն է վարում եւ դրա դիմաց ստանում
ընդամենը 35-40.000 դրամ աշխատավարձ: Դրա համար, եթե ծնողն ինքն է
շնորհակալություն հայտնում բժշկին՝ մեկը՝ 10.000, մյուսը 20.000 դրամի
սահմաններում, ես այդտեղ ոչինչ չեմ կարող ասել: Բայց, այնուամենայնիվ, եթե
ծնողը հնարավորություն չունի բուժաշխատողների պահանջները բավարարելու,
չպետք է ընկնի հոգեբանական բարդույթների մեջ, իրեն վատ զգա, այլ կարող է
պարզապես չվճարել»: