«Հրաշքներ լինում են»

26/03/2008

Վերջին մի քանի օրերի ընթացքում «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու կապակցությամբ խմբագրությունն անսպասելիորեն մեծ թվով զանգեր է ստանում:

Մասնավորապես, «Եթե մի բարի մարդ էս հոդվածը կարդար» հրապարակմանն արձագանքել են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը եւ Արաբկիր համայնքի թաղապետարանն` ի դեմս թաղապետ Հովհաննես Շահինյանի (թաղապետարանն այս ընտանիքին ամենամսյա դրամական աջակցություն կցուցաբերի): Հիշեցնենք, որ հրապարակումն 8-րդ դասարանցի Մարիամի մասին էր, ում մայրը գործազրկության պատճառով չէր կարողանում աղջկա համար նկարչական պարագաներ գնել, որպեսզի վերջինս իր գործերը ներկայացնի Կորեայի Սեուլ քաղաքում անցկացվող մրցույթին: Երեկ Ա. Վարդանյանի հանձնարարությամբ Մարիամին են փոխանցվել նկարչական բազմաթիվ պարագաներ` կտավներ, ներկեր, վրձիններ, մոլբերտ եւ այլն: Նախարարի ներկայացուցիչը Մարիամի եւ նրա մայրիկի հետ այցելել է համապատասխան խանութ, եւ միասին գնել են անհրաժեշտ բոլոր նյութերը: «Չնայած ես նախարարին շնորհակալական նամակ կգրեմ, բայց խնդրում եմ փոխանցել իմ շնորհակալությունը: Մարիամի համար գնեցին այն ամենն, ինչի մասին նա չէր էլ պատկերացնում ու չէր էլ երազում` վրձիններ, ներկեր, կտավներ, մոլբերտ, մի խոսքով՝ ամեն ինչ,- մեզ զանգահարելով՝ փոխանցեց տիկին Ջեմման: -Մեզ համար ուղղակի շոկ էր, որ կարող էին մեր օրերում էսպիսի բարություն անել, ձեռք մեկնել»:

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն էլ անմիջապես արձագանքեց «ՀՀ կառավարության նվերը Զարիկ տատիկին ու Արայիկին»` մեր հրապարակմանը: Հիշեցնենք, որ վերջինիս զրկել էին ընտանեկան նպաստից, սակայն տիկին Մինասյանը զանգահարել եւ խոստացել է վերանայել փաստաթղթերը: Ի դեպ, այս ընտանիքի համար հատուկ հաշվեհամար է բացել եւ ամսական գումար է հատկացնում «Գրանդ հոլդինգի» նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանը:

«168 Ժամի» նախորդ համարում տպագրված` «Հանգի՛ստ թողեք ինձ, ամաչում եմ, չեմ ուզում ինձ տեսնեն» հոդվածին անմիջապես արձագանքել է Նոր Նորքի Ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանը: Հրապարակումը ֆիզիկական արատ ունեցող Օֆելյայի եւ նրա ընտանիքի մասին էր, ովքեր ապրում են Նոր Նորքի հանրակացարանի աննկարագրելի վատ պայմաններով մի փոքրիկ սենյակում: Ոստիկանության պետը տիկին Անժելային առձեռն գումար է հատկացրել աղջկա բժշկական հետազոտության հարցերը լուծելու համար: Նա տիկին Անժելային խոստացել է օգնել նաեւ այլ հարցում. «Ես հիմա թաղապետարանի եւ մյուս համապատասխան կառույցների հետ բանակցում, պայմանավորվում եմ, որպեսզի այս ընտանիքին նույն հանրակացարանում երկու սենյականոց բնակարան հատկացնեն: Երբ կարդացի հոդվածը` շատ ազդեց վրաս, ու որոշեցի ձեռք մեկնել այս ընտանիքին: Ես կանեմ այն ամենը, ինչ պետք է բարեկեցիկ պայմաններ ստեղծելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Կարապետյանը: Տիկին Անժելան վերջինիս վերաբերմունքից այնքան հուզված էր, որ չգիտեր` ինչ խոսքերով իր երախտագիտությունը հայտնել. «Էս ամենն ինձ համար ոնց որ հեքիաթ լինի: Պրն Կարապետյանն ասաց, որ երկու սենյականոց կհատկացնեն, եւ տան վերանորոգումը, կոմունալ պայմանների ամբողջ ծախսերն ինքը կհոգա: Նույնիսկ ասաց, որ մետլախով, ամեն ինչով կվերանորոգեն: Ախր ես տասնյակ տարիներ երեխաներիս հետ ընդհանուր զուգարան-բաղնիքից եմ օգտվել, իսկ հիմա նա նույնիսկ դա է կառուցելու: Փաստորեն, ճիշտ է, երբ ասում են, որ հրաշքներ լինում են, բարի մարդիկ դեռ կան»,- հուզված ասում էր Անժելան: Ի դեպ, նույն հոդվածին արձագանքել են նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Անժելային օգնելու պատրաստակամություն հայտնած քաղաքացին չցանկացավ նույնիսկ իր անունը նշել: Վերջինս խոստացել է լուծել հաշմանդամ աղջկա դեղորայքային հարցերը: Իսկ այն դեղորայքը, որը Հայաստանում դժվար է գտնվում, նրա դրամական միջոցներով Չինաստանից կպատվիրվի:

Վարդաշենում ապրող Գայանե Փափազյանի 7 երեխաների համար հովանավոր է գտել «Օրրան» բարեգործական կենտրոնի նախագահ Արմինե Հովհաննիսյանը: Յուրաքանչյուր ամիս այս ընտանիքին 100 դոլարին համարժեք սննդամթերք, ինչպես նաեւ՝ որոշակի գումար կհատկացնի Քուվեյթում ապրող մեր հայրենակից Վարուժան Բուլղուրջյանը:

Օրեր առաջ էլ խմբագրություն էր եկել մի աղջիկ եւ «168 Ժամում» տպագրված սոցիալապես անապահով ընտանիքների մասին հրապարակումների «հերոսների» տվյալներն էր խնդրում: Մենք նրան տրամադրեցինք ծայրահեղ վատ պայմաններում ապրող թվով 6 ընտանիքների տվյալներ: Իսկ երեկ արդեն իմացանք, որ խմբագրություն այցելած այդ աղջիկն իր հայրիկի հետ յուրաքանչյուր ընտանիքին 50.000 դրամ է նվիրաբերել: