Թուրքիայի ազգայնական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Ստամբուլի դատարանն առաջադրել է ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու եւ պետական գաղտնի տեղեկատվության տիրապետելու մեղադրանքներ: Նրա հետ ձերբակալվել է նաեւ շուրջ մեկ տասնյակ մարդ, այդ թվում՝ Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Քեմալ Ալեմդարօղլուն եւ «Ջումհուրիեթ» թերթի հոդվածագիր Իլհան Սելջուկը` ծայրահեղ ազգայնական ընդհատակյա խմբավորման կողմից նախապատրաստվող հեղաշրջման գործի շրջանակներում: Ալեմդարօղլուն եւ Սելջուկն արդեն ազատ են արձակվել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ` անցած տարվա հունիսին` Ստամբուլի շենքերից մեկում պայթուցիկի հայտնաբերումից հետո հարուցված քր. գործով մինչ օրս մեղադրանք է առաջադրվել 40-ից ավելի մարդու նկատմամբ, այդ թվում` պաշտոնաթող զինվորականների, լրագրողների եւ փաստաբանների: Թուրքական մամուլը, վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտնում է, որ Ոստիկանությունը քննում է «Էրգենեկոն» ընդհատակյա խմբավորման հնարավոր առնչությունը կատարված կամ ծրագրված մի շարք բռնարարքների, որոնց նպատակը կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկաբեկումն է: Դրանց թվում հիշատակվում են Հրանտ Դինքի, կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոյի, Գերագույն վարչական դատարանի շենքում դատավորներից մեկի սպանությունները, ինչպես նաեւ՝ 2006թ. գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի եւ մի շարք քուրդ քաղաքական գործիչների դեմ ծրագրվող մահափորձերը: